Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տոնական միջոցառմամբ մասնաճյուղում մեկնարկեցին հեռակա ուսուցման՝ 2016-17 ուստարվա դասերը

2016թ. նոյեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեցին հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա դասերը:

Այս ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր հարկի տակ ընդունեց յոթ մասնագիտությունների («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա») գծով հեռակա ուսուցման համակարգի  201 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Հեռակա ուսուցման բաժնի վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը՝ բաժնի վարիչ Մ.Զուրաբյանի գլխավորությամբ, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

01-11-2016-1

 

Նախ՝ ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ շնորհավորելով հեռակա ուսուցման համակարգի ուսանողների և հատկապես առաջին կուրսեցիների նոր ուսումնական տարին, մաղթելով ուսման մեջ հաջողություններ, պատգամելով նրանց յուրացնել և պահպանել մասնաճյուղում ձևավորված լավագույն ավանդույթները,  դառնալ հասարակությանը պիտանի մարդիկ և հայրենիքի արժանավոր զավակներ. «Սիրելի՛ ուսանողներ, մեր համալսարանի պաշտոնական տոնացույցով նոյեմբերի 1-ը ևս համարվում է տոն՝  Հեռակա ուսուցման համակարգի ուսանողների գիտելիքի և դպրության օր: Այսօր առաջին կուրսեցիներդ ձեռք եք բերում նոր սոցիալական կարգավիճակ՝ ուսանողի կարգավիճակը, որը պիտի շրջադարձային լինի ձեր ամբողջ կյանքի համար: ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ 2016-17 ուսումնական տարվա մեկնարկի, Մայր բուհի Իջևանի մասնաճյուղի ուսանողի բարձր կոչմանն արժանանալու համար, ցանկանում, որ ուսումնառության այս հինգ տարիները, որ ձեզ հետ համատեղ անց ենք կացնելու մեր կրթօջախի պատերի ներքո, լինեն լավ ձեռքբերումների, կրթության և գիտության հետ կապված ձեր սպասելիքների ու նպատակների իրականացման տարիներ…»:

Առաջին կուրսեցիներին ողջունեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ նրանց կոչ անելով լինել  նպատակասլաց, ուսումնատենչ, բարձր պահել ԵՊՀ ԻՄ-ի ուսանող լինելու պատիվը:

Տոնական միջոցառումը շարունակվեց ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողների (Նինա Հարությունյանի, Աստղիկ Ղազարյանի, Աննա Դավթյանի, Լիանա և Դիանա Յարալյանների, մասնաճյուղի ուսանողներից կազմված պարային խմբի) երգ ու պարով, ասմունքով («Աշխարհումս իմն դուն իս», «Ես մշեցու զավակ եմ», «Բարև», «Ինչ կուզենայի», “Love me again” և այլն):

01-11-2016-2