Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Իջևանի քաղաքային տարածության ձևավորման առանձնահատկությունները» թեմայով բանախոսություն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում

1. գլխավոր «Իջևանի հասարակական-մշակութային կյանքը առօրեականության համատեքստում 1920-1970-ական թվականներին» թեմայով դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում:

Քննարկման առանցքում Իջևանի քաղաքային տարածության ձևավորման առանձնահատկություններին նվիրված ուսումնասիրության արդյունքների ամփոփումն ու հանրայնացումն էր, որի ընթացքում բանախոսները ներկայացրին քաղաքային միջավայրի և համակեցության ձևավորման իջևանյան առանձնահատկությունները, խորհրդային և ազգային գաղափարների ազդեցությունը Իջևանի քաղաքային միջավայրի վրա:

Բանախոսներից Վ.Պողոսյանը մասնավորապես նշեց, որ Խորհրդային Հայաստանի գոյության առաջին տարիներին Իջևանը փոքր` մոտ 2200 բնակչով գյուղ էր՝ մոտակա գյուղերի կենտրոնը: Խորհրդային առաջին տարիների քաղաքաշինական «շքերթը» Իջևան «չհասավ», բայց հետագայում քաղաքաշինական և ճարտարապետական ոճավորման վրա ունեցավ հստակ ազդեցություն: Մինչև Հայրենական պատերազմը Իջևանում փողոցները խճապատված չէին, միայն «երեսնական թվականներին հիմնված գյուղատնտեսական տեխնիկումի համալիրի շրջապատն էր, որ իջևանցիները քաղաք են անվանել, հավանաբար հաշվի առնելով, որ Իջևանի միակ ասֆալտապատ հատվածն էր և նաև գործում էր ներքին  սանսպասարկման համակարգ»: Ինչպես պատմում են տեղաբնակները` գյուղի գլխավոր փողոցի սալապատման աշխատանքներն իրականացրել են գերմանացի ռազմագերիները հավանաբար 1945-46 թվականներին: Մնացած առումներով Իջևանի քաղաքային կյանքի ցուցիչները շատ քիչ էին` մայրուղու անմխիթար շենք-շինությունները, շուկան, ճաշարանը, «հատակն ու դռները համարյա փտած ունիվերմագը», ծառայողական կենտրոնը` «փայտե երկար պատշգամբներով երկհարկանի շենքով», որտեղ  տեղակայված էին շրջանային իշխանությունները:

Ներկայացվեց, որ արդեն հետպատերազմյա շրջանում սկսեց իր դիմագիծը ձևավորել այժմյան Իջևանը, ինչը պայմանավորված էր նաև հանրապետական իշխանությունների վարած քաղաքականությամբ: Հետպատերազմյան առաջին տարիներին հանրապետության կենտրոնական իշխանությունների նախաձեռնությամբ սկսվեց շրջանային կենտրոնների հատակագծման և զարգացման հեռանկարների որոշակիացման գործընթացը:

1948թ. ճարտարապետներ Հ.Դավթյանի, Պ.Թումանյանի և Պ.Մանուկյանի կողմից կազմվեց Իջևանի առաջին հատակագիծը, որտեղ ամփոփվեցին ուղղահայաց, միմյանց հատվող փողոցների, ճարտարապետական անսամբլային ոճավորման մոտեցումները: Միևնույն ժամանակ հետպատերազմյան շրջանի շինարարությունն իրականցվում էր ոչ միայն լայն մասշտաբայնությամբ, այլև կոնկրետացված հատակագծային հիմքերով` հաշվի առնելով բնակավայրերի զարգացման հեռանկարները: Իջևանի հատակագծման հեղինակները փորձեցին համադրել խորհրդահայ ճարտարապետական մտքի զարգացման արդյունքները:

Բնակչության կրկնակի աճը, արդյունաբերական նոր համալիրների կառուցման հեռանկարները անհրաժեշտություն ստեղծեցին վերանայել քաղաքի՝ 1948թ. հատակագիծը, և 1963թ. պատրաստվեց նոր հատակագիծ 25 հազար բնակիչ ունեցող քաղաքի համար, որը վերանայվեց 1965 թվականին: Նոր նախագծով, որի քննարկմանը մասնակցում էին հանրապետության լավագույն ճարտարապետները, նախատեսվում էր Իջևանը դարձնել շինարարական կենտրոն, արագ իրականացնել քաղաքաշինական ծավալման գործընթացները, ձևավորել նոր թաղամասեր և միկրոշրջաններ: 1960-ական թթ. վերջին խնդիր դրվեց մոնումենտալ տեսք հաղորդել Իջևանի երկու մուտքերին` քաղաքի մշակութային ներկապնակի ձևավորման համար կարևորել խորհրդային և հայկական խորհրդանիշների ամբողջացումը: Եվ այս շրջանում կառուցվեցին մեզ հայտնի ու անհայտ բազմաթիվ շինություններ, որոնք այժմյան Իջևանի քաղաքային կյանքի առանցքն ու հիմնաքարն են:

Կլոր-սեղան քննարկումն ամփոփելով՝ բանախոսները նշեցին, որ հետազոտության արդյունքները տպագրման փուլում են և տպագրությունից հետո կներկայացվեն գիտասեր և իջևանասեր հասարակության դատին: