Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված քննարկում

2016թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բանավեճի ակումբի հերթական քննարկումը՝ այս անգամ նվիրված Մայրության և գեղեցկության օրվան:

Քննարկմանը մասնակցում էին մասնաճյուղի ուսանողներ և աշխատակիցներ:

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված քննարկում

«Վերջին շաբաթվա ընթացքում մեր երկիրն ու ազգը վերապրեցին հերթական մեծ փորձությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակման հետ», որից պատվով դուրս եկանք մեր հերոս տղաների, ողջ հայության համախմբվածության, պատմական արդարությունն ու մարդկայնությունը պաշտպանելու վճռականության շնորհիվ»,- քննարկման սկզբում նշեց Բանավեճի ակումբը վարող, սոցիոլոգ Է.Կյուրեղյանը:

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված քննարկում

Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին հակամարտության օրերին զոհված զինվորների, խաղաղ բնակչության վառ հիշատակը:

Այնուհետև ներկայացվեց օրվա խորհուրդը, զուգահեռներ անցկացվեցին «Մարտի 8»-ի և «Ապրիլի 7-ի» միջև: «Աշխարհում որպես կանանց տոն նշվում է մարտի 8-ը, սակայն մի աներևույթ, ամենակարող ուժ, պատմական մաքառումների, դաժան ճակատագրի և ցուցաբերած հերոսական ջանքերի համար կարծես Հայ մորն ու կնոջը յուրովի «նվեր» է մատուցել կանանց միամսյա տոնի տեսքով: Չնայած հանուն ճշմարտության պետք է խոստովանել, որ բանականության ու բարոյականության թելադրանքով կանանց հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը պետք է դրսևորվի տարվա բոլոր օրերին»,- նշեց պարոն Կյուրեղյանը:

Առանց նսեմացնելու կամ թերագնահատելու մնացած ազգերի ու ժողովուրդների կանանց որակները, կամ արհեստականորեն գերագնահատելու մեր կանանց որակները, հատուկ հիմնավորվեց ու ընդգծվեց հայ կնոջ առաքինությունը, անկրկնելի հմայք շնորհող ամոթխածությունը, ընտանիքին հավատարմությունը, անսահման սերն ու նվիրվածությունը երեխաների հանդեպ, ազգային արժանապատվության վեհ զգացողությունը, հայրենասիրությունն ու մարդասիրությունը, հատկանիշներ, որոնց մեծ մասը լիուլի դրսևորվեցին նաև փորձության վերջին օրերին: Այդ հատկանիշները ոչ միայն Հայաստանում, այլև դաժան ճակատագրի բերումով ողջ մոլորակի վրա սփռված Հայ կնոջը դարձնում են հարազատ ու սիրելի իրենց սոցիալական միջավայրի համար: Դրա ապացույցները բազմաթիվ են ամենատարբեր երկրների (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Իրան, Սիրիա, Լիբանան, Հնդկաստան և այլն) մտավորականության, գիտության և մշակույթի գործիչների հիշատակումներում, գեղարվեստական ստեղծագործություններում:

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված քննարկում

Քննարկման ընթացքում շոշափվեցին ընտանիքի կայունության, ընտանեկան սիրո, դրա փիլիսոփայական ըմբռնման, կնոջ կրթության և ինքնակրթության հարցերը: Առանձին ուշադրության առարկա դարձավ գիտելիքի, ուսման հանդեպ մասնաճյուղի «գեղեցիկ սեռի» վերաբերմունքի հիմնախնդիրը: Յուրովի վեր հանվեցին ուսմանը պատշաճորեն չվերաբերվելու, համատեղ կրթական կյանքի հանդեպ երբեմնի անտարբերության, դրա հասցրած վնասի հարցերը:

Շեշտադրվեց բարեկրթության, համակողմանի գիտելիքների, աշխարհայացքային ինքնակրթության կարևորությունը կայուն ընտանիքի, առողջ սերնդի ձևավորման, նրա մեջ հայրենասիրական ու մարդասիրական ոգու ներարկման հարցում. մի ճշմարտություն, որը հավանության արժանացավ մասնակիցների գերակշիռ մեծամասնության կողմից: