Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԵՊՀ ԻՄ-ում ինքնուրույն աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ» թեմայով վերապատրաստում

1. գլխավոր 2023թ. հուլիսի 7-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար իրականացրեց «ԵՊՀ ԻՄ-ում ինքնուրույն աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ» թեմայով վերապատրաստում, որը վարեց ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:

Դասընթացին մասնակցեց 2 տասնյակ աշխատակից:

Ն.Գրիգորյանը նախ ներկայացրեց, որ ինքնուրույն աշխատանքների իրականացումը ուսումնական գործընթացի կարևորագույն բաղադրիչ է և պարտադիր է յուրաքանչյուր ուսանողի համար: Այն ներառվում է կրթական ծրագրի յուրաքանչյուր դասընթացի ընդհանուր ժամաքանակի մեջ և հաշվառվում է ըստ ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի: Այնուհետև ներկայացվեցին ուսանողների ինքնուրույն աշխատանքների հիմնական նպատակը, խնդիրները, ձևերը, տարատեսակները և դրանց կազմակերպչական-մեթոդական ապահովման սկզբունքները:

Մասնավորապես նշվեց, որ ինքնուրույն աշխատանքների նպատակն է նպաստել ուսանողների հիմնավոր մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների, հետազոտական և ստեղծագործական աշխատանքներ կատարելու փորձի ձևավորմանը, զարգացնել նրանց ինքնուրույնությունը, կազմակերպվածությունը և պատասխանատվությունը, ուսումնական և մասնագիտական խնդիրներ լուծելու ստեղծագործական ունակությունները:

Անդրադարձ կատարվեց ինքնուրույն աշխատանքի երկու հիմնական ձևերին՝ լսարային և արտալսարանային, արտալսարանային ինքնուրույն աշխատանքի ավելի քան երկու տասնյակ տեսակներին:

Ներկայացվեցին այդ աշխատանքների կատարման մեթոդները, ներկայացվող պահանջները, գնահատման չափանիշները, ուսանողների և դասախոսների պարտականությունները:

Տեղի ունեցավ ակտիվ քննարկում, մասնակիցներն անդրադարձան իրենց կողմից ընտրված ինքուրույն աշխատանքների տեսակների իրականացման առավելություններին, առաջացած խնդիրներին ու դժվարություններին: