Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Ես վստահում եմ իմ բուհին» խորագրով աշխատաժողովը՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին

1. գլխավոր

 2019թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մասնաճյուղում կայացավ «Ես վստահում եմ իմ բուհին» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը:

Աշխատաժողովին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Որպես բանախոսներ ընդգրկված էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ Հ.Մովսեսյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Ա.Մարդանյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Գ.Հարությունյանը, գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը՝ ներկայացնելով աշխատաժողովի հիմնական նպատակը, այն է՝ վերհանել մասնաճյուղի ուսանողների և դասախոսների մոտիվացիային խոչընդոտող գործոնները և առաջարկել նրանց մոտիվացիայի բարձրացման ուղիներ, ուրվագծեցին քննարկվելիք հարցերի շրջանակը, խնդիրները:

Այնուհետև բանախոսները ներկայացրին թեմայի վերաբերյալ իրենց տեսակետները, պատասխանեցին մասնակիցների հարցերին:

Տեղի ունեցան ազատ քննարկումներ և երկու առցանց հարցում, որոնց ընթացքում աշխատաժողովի մասնակիցները փորձեցին գտնել հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ինչու՞ են երիտասարդները ցանկանում սովորել բուհում:
  • Ինչու՞ ուսանողը չի սովորում:
  • Ինչպե՞ս անել, որ նա սովորի:
  • Ինչու՞ է դասախոսը սովորեցնում, և որ՞ն է նրա մոտիվացիան:
  • Ի՞նչ խնդիրներ են ազդում դասախոսի մոտիվացիայի նվազման վրա:
  • Որո՞նք են այն խնդիրները, որոնց բախվում է դասախոսը ուսանողի մոտիվացիայի բացակայության դեպքում:

Ցուցադրվեց մոտիվացիոն փոքրիկ ֆիլմ, որից հետո ՄԿՈԱ բաժնի մասնագետ Ա.Հովսեփյանը ներկայացրեց դասախոսների շրջանում, իսկ ուսանողուհի Ս.Միրզոյանը՝ ուսանողների շրջանում իրականացված հետազոտության արդյունքները:

ՄԿՈԱ բաժնի մասնագետ Ա.Մարդանյանն էլ ներկայացրեց մասնաճյուղից բավարարվածության հարցման արդյունքները:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ ցանկություն հայտնելով, որ հաճախակի կազմակերպվեն նման քննարկումներ, ինչպիսին էր այդ աշխատաժողովը, որի ընթացքում դիտարկվեցին տարբեր տեսակետներ, վերհանվեցին խնդիրներ, առաջարկվեցին և կանխորոշվեցին դրանց լուծման համար ուղիներ: