Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների հերթական հանդիպումը ուսանողների հետ

2017թ. մարտի 10-ին մասնաճյուղում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների (ինստիտուցիոնալ համագործակցության տնօրեն Արեգ Բարսեղյանի, ծրագրի հավաքագրման մասնագետ Վարդուհի Մարտիրոսյանի) հանդիպումը ուսանողների հետ:

Հանդիպման սկզբում Վարդուհի Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրեց հանրապետությունում առկա դասավանդման թերացումները, մասնավորապես՝  նա խոսեց գյուղերում ուսուցիչների պակասի   մասին, ինչի հետևանքով ոչ մասնագետը դասավանդում է մի քանի առարկա կամ տևական ժամանակ աշակերտները չեն ունենում որևէ առարկայի ուսուցիչ:

10-03-2017-3

 

Ծրագրի պատասխանատուները ներկայացրին  ծրագրի առաքելությունը, դիմելու կարգը, պատասխանեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Նշվեց, որ «Դասավանդիր Հայաստան»  (Teach for Armenia)  ծրագիրը սկսել է գործել 2 տարի առաջ. այս տարի  ծրագիրը կունենա առաջին շրջանավարտները: Ծրագրի առաքելությունն է բարելավել Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ ներգրավելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին՝ որպես ուսուցիչներ և այնուհետև 2 տարով գործուղել նրանց Հայաստանի մարզային դպրոցներ, որտեղ կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի հինգ՝  Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 35  դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցներն, իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը:  

Կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների  հերթական հանդիպումը ուսանողների հետ

Ներկայացվեց, որ ծրագրի մոդելն ունի 25 տարվա պատմություն։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 40 երկրի ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են “Teach For All” միջազգային ցանցի ներքո, որպեսզի ստեղծեն մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի կիսել լավագույն փորձը և գիտելիքները: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ պարտադիր չէ մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, կլուծի ծրագիրը։

Ծրագրի ներկայացուցիչը շեշտեց, որ ամառային ինստիտուտը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցներին սպասում է հաջորդ քայլը՝ տեղափոխումը այն համայնքներ, որտեղ նրանք պետք է 2 տարի ապրեն և դասավանդեն։

Ծրագրի մասնակիցները կօգտվեն հետևյալ արտոնություններից.

  • Աշխատավարձ և կրթաթոշակ,
  • Դասավանդման վկայականի կամ մանկավարժության մագիստրոսի աստիճանի ձեռքբերման համար ուսումնական վարձի վճարում,
  • «Կրթություն Հայաստան» և «Կրթություն բոլորի համար» ծրագրերի շրջանավարտի կարգավիճակ,
  • Գործընկեր կազմակերպություններում մասնագիտական և մշակութային զարգացման հնարավորություններ,
  • Առաջնորդական հմտությունների զարգացում և վերապատրաստող մասնագետի շարունակական աջակցություն:

Ինստիտուցիոնալ համագործակցության  տնօրեն Արեգ Բարսեղյանը, պատասխանելով ուսանողների հարցերին, նշեց, որ ծրագրի պահանջներից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները ծրագրի ընթացքում բնակվեն իրենց դասավանդման համայնքներում. իրականացնեն լրացուցիչ պարապմունքներ աշակերտների հետ և աջակցեն նաև համայնքի զարգացմանը:  Ուսանողների այն հարցին, թե  կարող են արդյոք մասնակիցները ծրագրի ընթացքում հրաժարվել մասնակցությունից, ներկայացուցիչները նշեցին, որն նման դեպք չի արձանագրվել, քանի որ երկկողմանի ոգևորությունն  ու սեփական առաքելության գիտակցությունը միայն նպաստում են ծրագրի իրագործմանը:

Ներկայումս  «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 5 մարզի 35 գործընկեր դպրոցում:  Ծրագրի   42 մասնակիցներն աշխատում են շուրջ 2663 երեխայի հետ:

 «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակաբար համագործակցում է նոր դպրոցների ու համայնքների հետ, որպեսզի հասանելի դառնա Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր մարզում ապրող յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է իրավունք ունենա ստանալ գերազանց կրթություն:  “Teach for all”  միջազգային ցանցը նպատակ ունի ներառելու նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցները՝ մյուս տարի մեկնարկելով «Դասավանդի՛ր Արցախ» (“Teach for Artsakh”) ծրագիրը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հետաքրքրեց ուսանողներին, և նրանք ցանկություն հայտնեցին մասնակցելու ծրագրին:

Կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչների  հերթական հանդիպումը ուսանողների հետ