Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսի նվերը ԵՊՀ պատմության թանգարանին

2017թ. ապրիլի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս Լևոն Լաճիկյանը ԵՊՀ պատմության թանգարանին նվիրեց Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի գծանկարը:

Մեր դասախոսի նվերը ԵՊՀ պատմության թանգարանին

Գծանկարի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, արվեստաբանը նշեց, որ մեծ սիրով ու երախտագիտությամբ է ԵՊՀ պատմության թանգարանին նվիրում իր աշխատանքը. «Ես ամբողջ կյանքում պարտական եմ Մայր բուհին: Այսօր էլ խոստանում եմ, որ հաջորդ անգամ թանգարանին կնվիրեմ ԵՊՀ 6-րդ մասնաշենքի՝ Սև շենքի գծանկարը»:

ԵՊՀ շրջանավարտ Լևոն Լաճիկյանը ՀՀ նկարիչների և ՀՀ լրագրողների միության անդամ է: Նա 2010-2015 թթ. Գորիսում, Գյումրիում, Երևանում, Ստամբուլում և Նյու Յորքում ունեցել է շուրջ 15 անհատական ցուցահանդեսներ: 2010 թ.-ին էլ Լևոն Լաճիկյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Մեր դասախոսի նվերը ԵՊՀ պատմության թանգարանին

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ տարբեր քննարկումների ժամանակ հաճախ է հնչում այն կարծիքը, թե ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը մոգական ուժ ունի. «Բայց պետք է ասենք, որ այն մոգականություն է ստանում՝ շնորհիվ իր աշխատակիցների, ուսանողների և Ձեզ, պարոն Լաճիկյան, և այդ մոգականությունը լավագույնս արտացոլված է այս աշխատանքի մեջ»:

ԵՊՀ պրոռեկտորը հավելեց նաև, որ հանդիսավոր արարողության օրն էլ խորհրդանշական է, քանի որ 52 տարի առաջ՝ 1965 թ.-ի ապրիլի 9-ին է շահագործման հանձնվել կենտրոնական մասնաշենքը:

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն էլ Մայր բուհի անունից շնորհակալություն հայտնեց Լևոն Լաճիկյանին և խոստացավ, որ նկարն անպայման տեղ կգտնի թանգարանի ցուցանմուշների շարքում:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ նորակառույց շենքի ողջ համալիրի ճարտարապետը Էդմոնդ Տիգրանյանն է՝ նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին, ով, օգտագործելով հայ ճարտարապետության նվաճումները, կերտել է համալսարանական մի հոյակերտ շենք:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը շահագործման հանձնվելուց հետո շինարարական աշխատանքները դեռևս շարունակվել են համալիրի աջ և ձախ թևերում, որոնք վերջնականապես ավարտվել և շահագործման են հանձնվել 1967-68 ուստարում:

 

Աղբյուրը՝ http://www.ysu.am