2017թ. ապրիլի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը:
Քննարկումը նպատակ ուներ վերհանելու ուսանողական կառույցների դերը, հիմնախնդիրները և մշակելու դրանց լուծման ուղիներ:
Նախ մասնակիցներին տրվեցին անանուն հարցման թերթիկներ` պարզելու, թե որքանով են նրանք ծանոթ կառույցների գործունեությանը:
Հարցաթերթը բովանդակում էր այսպիսի հարցեր.
- Ո՞րն է ուսանողական կառույցների դերը:
- Որքանո՞վ են ծանոթ ՈՒԽ-ի աշխատանքներին, գործունեությանն ու նպատակներին:
- Ընդգրկվա՞ծ են արդյոք ուսանողական կառույցների աշխատանքներում, եթե ոչ, ապա ինչո՞ւ:
- Ի՞նչը կարող է ուսանողին մոտիվացնել, որ մասնակցի ուսանողական նախաձեռնություններին ու ծրագրերին:
- Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ կառաջարկեն:
Այնուհետև անցկացվեց բանավոր քննարկում, որին ակտիվորեն մասնակցեցին թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերի ուսանողները:
Առանձնացվեցին մի քանի խնդիրներ, առաջարկվեցին դրանք լուծելու տարբերակներ:
Հատկանշական է, օրինակ, հեռակա ուսուցմամբ ուսանողների ներգրավվածության խնդիրը, որը լուծելու համար առաջարկվեց ստեղծել առցանց խումբ՝ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների և ՈՒԽ-ի ակտիվ ներկայացուցիչների անդամակցությամբ: Այն հնարավորություն կտա առկա ուսուցմամբ ուսանողներին հեշտորեն հաղորդակցվելու հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ, նրանց իրազեկելու և ընդգրկելու ուսանողական նախաձեռնություններում: