Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստ

 1. գլխավոր IMG_9300
2022թ. մարտի 12-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում առցանց միանալու հնարավորությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ 4 օրակարգային և 3 ընթացիկ հարցերով:

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցի հաստատման կապակցությամբ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը:  Նա նշեց, որ առաջարկություններ ստանալու նպատակով նիստերի ժամանակացույցը նախօրոք ուղարկվել է գիտխորհրդի անդամներին: Նախատեսված է տարվա ընթացքում իրականացնել 8 նիստ՝ ըստ անհրաժեշտության արտահերթ նիստեր անցկացնելու հնարավորությամբ:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը:

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակի հասատատման վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա նշեց, որ ֆակուլտետների գիտական խորհուրդներում քննարկվել և մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանն են ներկայացվել ԵՊՀ ԻՄ-ում գործող անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների անունները:

Ներկայացվել է 13 ուսանող, ովքեր համապատասխանում են ԵՊՀ ԻՄ-ում գործող ուսանողական նպաստների պետական և հետբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 34-րդ կետի («Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի անվանական կրթաթոշակ նշանակվում է բակալավրիատի և մագիստրատուրայի առավել աչքի ընկնող, վերջին 4 կիսամյակում անընդմեջ գերազանց առաջադիմություն մագիստրատուրայի ուսանողների դեպքում հաշվի են առնվում նաև բակալավրիատում ցուցաբերած առաջադիմության արդյունքները և գիտական, հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին») պահանջներին:

Որոշվեց՝ հաստատել 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

Երրորդ հարցի՝ 2022-2023 ուստարվա ԵՊՀ ԻՄ ուսման վարձավճարների չափերի քննարկման մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ վերոնշյալ հարցը քննարկվել է դեռևս ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության՝ 2022թ. հունվարի 25-ի նիստում: Հաշվապահության կողմից հանրապետության մյուս բուհերի հետ իրականացված համեմատական վերլուծությունների համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերը հանրապետությունում ամենացածրերից են: Առաջարկներ էին եղել բոլոր մասնագիտություններում վարձավճարները բարձրացնել սղաճի՝ 10%-ի չափով կամ 20.000 ՀՀ դրամի չափով: Մեծամասնությունը կողմ էր վերջին տարբերակին:

Որոշվեց՝ հավանություն տալ 2022-2023 ուստարվա ԵՊՀ ԻՄ ուսման վարձավճարների չափերին և ուղարկել ԵՊՀ-ի գիտխորհրդի հաստատմանը:

Չորրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը (նոր խմբագրությամբ) հաստատելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը: Նա նշեց, որ կարգը, որում կատարվել են որոշ փոփոխություններ, սահմանում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգն ու պայմանները: ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին լրավճարը վճարվում է գիտահետազոտական, ուսումնամեթոդական, կազմակերպչական աշխատանքների որոշ տեսակների կատարման համար՝ տրված կարգով սահմանված ընթացակարգով և չափերով:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը (նոր խմբագրությամբ):

Ընթացիկ առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄում ներքին դրամաշնորհային մրցույթ հայտարարելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Մասնավորապես նշվեց, որ փաստաթղթերի կարգում կա փոփոխություն, օրինակ՝ հայտը պետք է լինի մինչև 12 էջ: Ապա Գիտխորհրդի անդամներին առաջակվեց քվեարկել և որոշել, թե որքան ժամանակ տրամադրել հայտերն ընդունելու համար:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄում հայտարարել ներքին դրամաշնորհային մրցույթ և վերջնաժամկետ սահմանել ս.թ. ապրիի 15-ը:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նոր նախագահի ընտրության արդյունքների հաստատման մասին նշվեց, որ 2022թ. մարտի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ գիտական խորհրդի նիստում կայացել է ՈՒԳԸ նախագահի ընտրությունը: ՈՒԳԸ նախագահի թեկնածուներն էին Անի Թիրաբյանը («Ֆինանսներ» մասնագիտության 1-ին կուրս) և Լիդա Ցուցուլյանը («Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրս): ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահ է ընտրվել «Ֆինանսներ» մասնագիտության 1-ի կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին Գիտխորհրդի անդամ, ՈՒԳԸ նախկին նախագահ Մեդորա Ասիլյանին՝ իրականացված մեծ աշխատանքի համար, շնորհավորեցին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նորընտիր նախագահ Անի Թիրաբյանին՝ նրան մաղթելով բեղուն և արդյունավետ գործունեություն:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նոր նախագահի ընտրության արդյունքները:

Ընթացիկ երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի երկու աշխատակիցներին ԵՊՀ-ի գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը: Զեկուցողը նշեց, որ նրանց տվյալները համապատասխանում են ՀՀ կառավարության՝ 2001թ. հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին» N 615 որոշման 2-րդ՝ «Դոցենտի գիտական կոչում շնորհելը» բաժնի բ. ենթակետի, ինչպես նաև այդ հարցում նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին:

Նիստում անցկացված փակ, գաղտնի  քվեարկության արդյունքների համաձայն՝ որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի մեկ աշխատակցին երաշխավորել դոցենտի գիտական կոչում ստանալու համար, միջնորդել ԵՊՀ-ի գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ: