Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«1991 ստորաբաժանման» դասընթացները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ում

1991... հայտ. նկար. MyCollages

Ինչպես տեղեկացրել էինք «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների 2-րդ փուլի մասին հայտարարության մեջ, FAST հիմնադրամը դասընթացների այդ փուլին մասնակցությունը հասանելի է դարձրել բոլոր մարզերի զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև  STEM ոլորտի բակալավրական աստիճան ունեցող աղջիկների համար:

ԵՊՀ ԻՄ-ի և FAST հիմնադրամի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6-ամսյա անվճար դասընթացները կիրականացվեն մասնաճյուղում։ Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ի համակարգչային սրահում, այն կվարեն մեր դասախոսները՝ նախապես վերապատրաստված «1991 ստորաբաժանման» հետևյալ 4 ծրագրային մոդուլներից մեկով կամ մի քանիսով.

  1. Մաթեմատիկան տվյալագիտության համար,
  2. Ծրագրավորում տվյալագիտության համար,
  3. Մեքենայական ուսուցման դասական մեթոդներ,
  4. Խորը ուսուցում:

Ստորև ներկայացնում ենք «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի հակիրճ նկարագրությունը:

«1991 ստորաբաժանում»

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինծառայողները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

Ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար FAST-ը կազմակերպում է՝

  • Նախազորակոչային կրթական դասընթացներ ՀՀ բոլոր մարզերում,
  • Կրթական դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողներ համար՝ նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան:

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթաց

FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև այն աղջիկների համար, ովքեր ունեն STEM ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ նրանք առավել պատրաստված կլինեն ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։ Դասընթացները պարբերական են. մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։

Առավելություններ

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին ու բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝

 

  • աշխատելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում,
  • աշխատելով բարձր տեխնոլոգիական ընկերություններում,
  • ներգրավվելով հետազոտական լաբորատորիաներում,
  • ձևավորելով սեփական ստարտափը:

Ծանոթացեք «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի բոլոր մանրամասներին: Նախապատրաստական երկրորդ դասընթացի դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 8-ը ներառյալ։

Դասընթացի հակիրճ նկարագրության անգլերեն տարբերակը տե՛ս այստեղ: