Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համալսարանականները «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլում գրավեցին մրցանակային տեղեր

IMG_E9345

 Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով արդեն երկրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը, որի աշխատանքները համակարգում  է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

2023թ. փետրվարի 17-ին Իջևանի՝ Գուրգեն Էդիլյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլը, որին մասնակցում էին Իջևանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Կայանավանի, Աչաջրի, Այգեհովիտի 50 լավագույն մարզիկ-մարզուհիներ:

Խաղերը կայացան երկու տարիքային խմբերով (18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ): 

I-III տեղեր գրաված մարզիկ-մարզուհիները կմասնակցեն ս.թ. փետրվարի 24-ին կայանալիք մարզային առաջնությանը:

18-40 տարիքային խմբում հաջող հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհիները:

1-ին տեղը գրավեց «Ֆինանսներ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

2-րդ տեղը գրավեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Գրիգորյանը, 3-րդ տեղը՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երկրորդ կուրսի  ուսանողուհի Մարիամ Աֆյանը:

Մյուս տարիքային խմբում (41 և բարձր տարիքի) հաջող հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի ասիստենտ Վարդիթեր Պողոսյանը՝ գրավելով 2-րդ տեղը:

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ ս.թ. փետրվարի 24-ին կայանալիք մարզային փուլում I-III տեղեր գրաված մարզիկ-մարզուհիները մարտին կմասնակցեն հանրապետական փուլին:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր համալսարանականներին՝ մաղթելով հաղթանակներ մրցաշարի առաջիկա  փուլերում: