Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Կարինե Պողոսյանի հետ

Կ․Պողոսյանի նկարը

Տիկի՛ն Պողոսյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:

Իմ համալսարանական գործունեությունն սկսվել է 1998 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո:

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր սկսնակի համար նոր միջավայրում իր տեղը գտնելը հեշտ չի տրվում և ժամանակ է պահանջում, սակայն լուրջ դժվարություններ չեն եղել՝ շնորհիվ փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի:

-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

Ամենադժվար ժամանակահատվածն աշխատանքային գործունեության սկիզբն է եղել, որովհետև հարկավոր էր հարմարվել նոր կարգավիճակին, ճիշտ փոխհարաբերություններ ձևավորել մի կողմից գործընկերների, մյուս կողմից՝ ուսանողության հետ, բացի այդ՝ կայանալ մասնագիտական առումով:

-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

Ինչ-որ առանձնահատուկ պատմություն չեմ հիշում, միայն նշեմ, որ բավական ժամանակ մեր գործընկերներից ոմանք ինձ շփոթում էին ուսանողի հետ:

Տիկի՛ն Պողոսյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

Տարբեր տարիքներում առանձին նախասիրություններ են ընդգծվել, բայց երաժշտության նկատմամբ սերն ու ընթերցանությունը կայուն նախասիրություններ են:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

Սիրով: Ամուսինս բժիշկ է, սակայն երեխաներս համալսարանական ուղին ընտրեցին: Ես և եղբայրներս մեր ընտանիքում համալսարանականների երրորդ սերունդն ենք: Պապս և ծնողներս ԵՊՀ-ի դասախոսներ են եղել երկար տարիներ. պատմաբան, լեզվաբան և մաթեմատիկոս: Ես ընտրել եմ հորս ուղին, եղբայրներս՝ մորս: Հիմա էլ երեխաներս են ճշգրիտ գիտության ճանապարհն ընտրել: Մաթեմատիկական գենն ավելի ուժեղ գտնվեց:

-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

Լավատեսությունը, համբերատար ու նպատակասլաց լինելը:

 –Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

Ընտանիքս:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

-Հնարավորինս ազնիվ լինել բոլոր փոխհարաբերություններում:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի անցնելու ԵՊՀ ԻՄ -ում:

Խորհուրդ կտամ սիրով և նվիրվածությամբ տրվել աշխատանքին, սեփական գործունեությամբ միշտ բարձր պահել մեր բուհի անունն ու պատիվը, արժանապատվորեն ու հպարտությամբ կրել համալսարանականի կոչումը: