Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ներկայացվեց «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագիրը

 1. գլխավոր

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ ճանաչողական հանդիպում՝ «Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և բուհի ուսանողների մասնակցությամբ:

Հանդիպման նպատակը «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի մասին իրազեկելը և ցանկացող ուսանողներին ծրագրում ընդգրկելն էր:

Հանդիպում-քննարկման սկզբում «Մունետիկ» ՀԿ կազմակերպչական թիմի անդամներ Հ.Համբարձումյանը և Տ.Համբարձումյանը ուսանողներին մանրամասն ներկայացրին «Մունետիկ»-ի հիմնադրման պատմությունն ու անցած ուղին, «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» հայրենաճանաչողական ծրագրի նպատակն ու խնդիրները, նկարագրեցին ծրագրի մասնակից դառնալու պայմանները:

Ներկայացվեց, որ «Մեկ հայրենիք, մեկ նպատակ» ծրագիրն անցկացվելու է Իջևանում, և վերջում կազմակերպվելու է ծրագրի ընթացքում մասնակիցների իրականացրած աշխատանքներից (գեղանկար, գոբելեն, վիտրաժ և այլ ժանրերի գործեր) կազմված գեղեցիկ ցուցահանդես դարձյալ Իջևանում:

Հանդիպումը կայացավ շատ ջերմ և անկաշկանդ մթնլորտում, ուսանողներն ու ներկա դասախոսները կարողացան ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:

Վերջում ուսանողներին իր խոսքն ուղղեց նաև ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը՝ ընդգծելով ծրագրի հետաքրքիր և կարևոր լինելու հանգամանքը:

«Մունետիկ» հասարակական կազմակերպության նախաձռնող խումբը մեծ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությանը և անձնակազմին՝ ի դեմս մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար պարոն Ա.Մակարյանի և Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանի՝ համագործակցության և տվյալ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: