Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«1991 ստորաբաժանման» դասընթացները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ում

1991... հայտ. նկար. MyCollages

Ինչպես տեղեկացրել էինք «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացների 2-րդ փուլի մասին հայտարարության մեջ, FAST հիմնադրամը դասընթացների այդ փուլին մասնակցությունը հասանելի է դարձրել բոլոր մարզերի զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև  STEM ոլորտի բակալավրական աստիճան ունեցող աղջիկների համար:

ԵՊՀ ԻՄ-ի և FAST հիմնադրամի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6-ամսյա անվճար դասընթացները կիրականացվեն մասնաճյուղում։ Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ ԻՄ-ի համակարգչային սրահում, այն կվարեն մեր դասախոսները՝ նախապես վերապատրաստված «1991 ստորաբաժանման» հետևյալ 4 ծրագրային մոդուլներից մեկով կամ մի քանիսով.

  1. Մաթեմատիկան տվյալագիտության համար,
  2. Ծրագրավորում տվյալագիտության համար,
  3. Մեքենայական ուսուցման դասական մեթոդներ,
  4. Խորը ուսուցում:

Ստորև ներկայացնում ենք «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի հակիրճ նկարագրությունը:

«1991 ստորաբաժանում»

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։ Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինծառայողները ռազմավարական և մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

Ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար FAST-ը կազմակերպում է՝

  • Նախազորակոչային կրթական դասընթացներ ՀՀ բոլոր մարզերում,
  • Կրթական դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողներ համար՝ նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան:

«1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթաց

FAST հիմնադրամի «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև այն աղջիկների համար, ովքեր ունեն STEM ոլորտի առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։ 6-ամսյա անվճար դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ նրանք առավել պատրաստված կլինեն ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։ Դասընթացները պարբերական են. մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։

Առավելություններ

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին ու բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝

 

  • աշխատելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում,
  • աշխատելով բարձր տեխնոլոգիական ընկերություններում,
  • ներգրավվելով հետազոտական լաբորատորիաներում,
  • ձևավորելով սեփական ստարտափը:

Ծանոթացեք «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի բոլոր մանրամասներին: Նախապատրաստական երկրորդ դասընթացի դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 8-ը ներառյալ։

Դասընթացի հակիրճ նկարագրության անգլերեն տարբերակը տե՛ս այստեղ:

 

ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԵՊՀ 101-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Rbw3fTLANBLE6VuwOfTD9F1or5

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ դիմելով բոլոր համալսարանականներին:

Սիրելի՛ համալսարանականներ

Այսօր բոլորիս համար շատ կարևոր և տոնական օր է: Երևանի պետական համալսարանը դառնում է 101 տարեկան. տպավորիչ մի ժամանակահատված, որի ընթացքում Մայր բուհը, դիմագրավելով բազում մարտահրավերներ, անցել է փառահեղ ուղի:

1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի համալսարանի հիմնադրումը խորհրդանշում է Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի հոգևոր վերածնունդը: Իսկ եթե հիշենք, թե ինչ պայմաններում է հիմնադրվել այն, պիտի փաստենք, որ հիմնադիրներն ու առաջին դասախոսները մեծ երազողներ և հայրենասերներ էին:

Հավերժ փառք նրանց, ովքեր նախաձեռնեցին, հիմնեցին և կայացրին հայ ժողովրդի ազգային արժեք Երևանի պետական համալսարանը:

Անգնահատելի է Մայր բուհի դերը վերջին հարյուրամյակում Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի և հասարակական հարաբերությունների առաջընթացում: Լինելով հայկական միջնադարյան համալսարանների լավագույն ավանդույթների ժառանգորդը, կրողն ու դրանք սերունդներին փոխանցողը՝ այն այսօր գործուն մասնակցություն ունի մեր երկրի ապագայի կերտմանը:

Կրթության և գիտության այս տաճարը մեր երկրին տվել է ոչ միայն գիտնականների մի ողջ աստղաբույլ, որոնք մեծ ճանաչում ունեն միջազգային գիտական ասպարեզում, տարբեր բնագավառների բարձրակարգ բազմահազար մասնագետներ, այլև շատ հասարակական- քաղաքական գործիչներ:

Երևանի պետական համալսարանը մեր ազգի հզոր հենասյունն է, որի վրա կառուցվեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը:

Մայր բուհը միշտ էլ պատասխանատվությամբ է կատարել և շարունակում է կատարել իր առաքելությունը՝ սերունդներին բարձրակարգ կրթություն և հոգևոր դաստիարակություն տալու ազգանվեր գործը:

Այս գեղեցիկ տոնի առթիվ ողջունում եմ մեր դասախոսներին, շրջանավարտներին, ուսանողներին՝ Մայր բուհի ապագան կերտողներին, մաղթում առողջություն և նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև առավելագույն ջանքեր և անկոտրում կամք այսօրվա համաճարակային դժվարին պայմաններից ևս հաղթանակած դուրս գալու համար:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար,

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գեղամ Գևորգյան

Աղբյուրը՝ ysu.am

Մրցույթ՝ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների համար

Նկ.-ը՝ համեմ. մեծ ֆորմատով

  

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2020» մրցույթը:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով (https://grants.scs.am), մինչև 2020 թ. հուլիսի 17-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ աշխատանքային օրերին ժամը 14:00-17:00, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-210140 (*113) / 043-496364, 010-210140 (*116) / 077-465831 կամ, տեխնիկական հարցերով,  010-210140 (*108) / 094-542472:

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Ուշադրություն.հայտերն ընդունվում են միայն առցանց եղանակով:

 

Աղբյուրը՝ http://scs.am/:

«Բանավեճը՝ որպես քաղաքացիական հասարակության ձևավորման սկիզբ» անվճար դասընթացին մասնակցելու հրավեր

Դասընթացի հայտարարութ. նկար

ԵՊՀ ԻՄ-ի տարածքում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կիրականացվի «Բանավեճը՝ որպես քաղաքացիական հասարակության ձևավորման սկիզբ» թեմայով դասընթաց այն անձանց համար, որոնք հետաքրքրված են բանակցությունների վարմամբ և հռետորաբանությամբ, ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողություններն այս ոլորտում:

Այն կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից (www.ph-int.org) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում:

Դասընթացին կարող են դիմել 18 և բարձր տարիքի անձինք, որոնք ունեն համակարգչից և ինտերնետից օգտվելու հմտություններ։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը։

Գրանցման վերջնաժամկետն է 2020 թ. մայիսի 17-ը՝ ժամը 18:00-ն:

Դասընթացը կանցկացվի առցանց եղանակով՝ Zoom հարթակում:

Այն նպատակ ունի մասնակիցներին տրամադրել տեղեկատվություն ու գործիքակազմ՝ հմուտ բանավիճողի հմտություններ ունենալու համար։

Դասընթացի մասնակիցները՝

  • կունենան բանակցությունների վարման հմտություններ,
  • ձեռք կբերեն հռետորական վարպետություն,
  • կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը,
  • հնարավորություն կունենան վերհանել հարցեր և առաջարկել դրանց լուծումները,
  • կդառնան նախաձեռնությունների իրականացման մասնակից:

Բանավեճը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերված հմտությունները կիրառել առօրյա կյանքում և համայնքում, կնպաստի նրանց՝ որպես ակտիվ անհատ-քաղաքացի ձևավորմանը։

Դասընթացը բաղկացած է 3 մասից.

  1. Բուն դասընթաց (1 օր տևողությամբ, 5 խմբերի համար), որը բաղկացած է տեսական և գործնական մասերից (յուրաքանչյուրի տևողությունը՝ 4 ժամ) և կիրականացվի հետևյալ գրաֆիկով.
  • Խումբ 1մայիսի 24,
  • Խումբ 2մայիսի 30,
  • Խումբ 3հունիսի 6,
  • Խումբ 4հունիսի 7,
  • Խումբ 5հունիսի 14:
  1. Բանավեճի 2 մրցույթներ, որոնք կկազմակերպվեն Իջևանում հուլիսի 18-ին և 25-ինուրաքանչյուրի տևողությունը՝ 4 ժամ):
  1. Դասընթացավարների դասընթաց (TOT) Իջևանում 10 մասնակիցների համար.

– Խմբի ֆասիլիտացիա՝ «Ֆասիլիտատորի (դասընթացավար) հմտություններ» թեմայով, օգոստոսի 16-ին։

Դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագիր կստանան միայն ամբողջական մասնակցություն ցուցաբերած մասնակիցները:

Այն կվարի «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արթուր Նաջարյանը, ով 15 տարի ներգրավված է տեղական և միջազգային երիտասարդական աշխատանքի մեջ՝ որպես երիտասարդության և ոչ ֆորմալ կրթության ոլորտի փորձագետ։ 2006 թվականից դասավանդում է ոչ ֆորմալ կրթության ոլորտում։

Նա աշխատում է Շիրակի պետական համալսարանում որպես  դասախոս, դասավանդում է «Երիտասարդական աշխատանքի հիմունքներ և երիտասարդության սոցիոլոգիա»։

Ա.Նաջարյանը SALTO Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնում երիտասարդական և ոչ ֆորմալ կրթությունների գնահատման փորձագետ է։

 

Ուսման վարձի փոխհատուցման և անտոկոս ուսանողական վարկի վերաբերյալ պետական օժանդակության 14-րդ ծրագրի մանրամասները

14-րդ ծրագրի նորության նկարը   ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության հրապարակած ուղիղ եթերների ու հարցազրույցների, հոդվածների ու տեսանյութերի միջոցով արդեն տեղեկացրել ենք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման մասին, որի նպատակն է օժանդակել բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այս միջոցառման հաստատմամբ կառավարությունը կատարում է իր քաղաքական հանձնառությունն առ այն, որ որևէ լավ սովորող ուսանող ուսման վարձի պատճառով բուհից դուրս չի մնա:

Հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը հաստատվել է ՀՀ կառավարության՝ 2020թ. ապրիլի 23-ի նիստում և ուղղված է շահառուների երեք հիմնական խմբի.

 

  1. Ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցում: Ընդ որում, եթե սովորողը մասնակի կամ ամբողջությամբ վճարել է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա վճարած գումարը վերադարձվում է ուսանողին, եթե վճարողը ֆիզիկական անձ է:
  1. Ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում: Բուհերի առկա ուսուցման վճարովի համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ոչ ավարտական կուրսերի ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը` ՄՈԳ-ը, ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է 90 տոկոս և ավելի, կստանան ուսման վարձի 75 տոկոս փոխհատուցում:

Այն սովորողները, որոնք 2019-2020 ուսումնական տարում պետությունից արդեն ստացել են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, 14-րդ միջոցառման շրջանակում կստանան կիսամյակի ուսման վարձի մնացորդային գումարի 100 տոկոսը: Իսկ այն ուսանողները, որոնք արդեն մասնակի կամ ամբողջությամբ վճարել են 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը, ապա այդ չափով կատարված վճարումը կհամարվի հաջորդ կիսամյակ(ներ)ի ուսման վարձի վճարում։

Եթե սովորողների 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը վճարել են հովանավոր կազմակերպությունները, ապա գումարի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են բուհերի և համապատասխան կազմակերպությունների միջև փոխադարձ համաձայնությամբ։

 

  1. Ուսանողական վարկեր: Պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա վճարովի համակարգում սովորողները կստանան արտոնյալ, այդ թվում` անտոկոս ուսանողական վարկեր: Այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է առավելագույն արժեքի 80 և ավելի տոկոս, 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար ուսանողական վարկ կստանան 0 տոկոսով: Նրանց համար վարկի բանկային տոկոսադրույքն ամբողջությամբ կսուբսիդավորի պետությունը։ Իսկ 80 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցողների համար նույն ժամանակահատվածում վարկերի տոկոսները պետությունը կփոխհատուցի 5 տոկոսով, արդյունքում ուսանողը վարկ կստանա 4 տոկոսով:

Նախկինում բարձր ՄՈԳ ունեցող սովորողները վարկ կարող էին ստանալ 6, իսկ մնացածները` 7 տոկոսով, քանի որ վարկային տոկոսների սուբսիդավորումը, համաձայն 2013 թվականի մարտի 14-ի N 270-Ն որոշման, կազմում էր բարձր ՄՈԳ ունեցողների համար համապատասխանաբար 3, մյուսների համար 2 տոկոս: Նոր տոկոսադրույքները կիրառելու ժամանակահատվածում, այսինքն` 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախկին պայմանները չեն գործելու:

Պետական օժանդակության 14-րդ ծրագրի վերաբերյալ տեսանյութերը կարող եք դիտել՝

  1. այստեղ,
  2. այստեղ,
  3. այստեղ: