Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

3nd7hXwoEDxtf4JeWfDoMZtZTu

2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձվգել է մեկ շաբաթով: Դրանք իրականացվելու են նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:

 

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,

 

Այսօր առավել, քան երբևէ կարևոր է, որ յուրաքանչյուրս մեր դիրքում ամուր և տոկուն լինենք և կատարենք մեր պարտքը, չընկրկենք ո՛չ մարտի դաշտում, ո՛չ էլ թիկունքում՝ հատկապես կրթվելու մեր իրավունքն իրացնելիս։

 

ԵՊՀ գիտական խորհուրդը, հաշվի առնելով «ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի» 3.1. և 3.2. կետերով սահմանված ընթացիկ քննությունների անցկացման պահանջը և հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից 2020թ. սեպտեմբեր 27-ի 1586 – Ն որոշումը Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին, ինչպես նաև դիտարկելով այդ իրավիճակով պայմանավորված ուսանողության մի հատվածի անմիջական մասնակցությունը պատերազմական գործողություններին (այդ թվում՝ կամավորական աշխատանքների կատարումը, բնակությունը սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ապաստարաններում), որոշել է.

 

  1. 2020/2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամկետը հետաձգել մեկ շաբաթով, և ընթացիկ քննու­թյուններն իրականացնել նոյեմբերի 2-7-ն ընկած ժամանակա­հատ­վածում:
  2. Հնարավորություն տալ կրթական ծրագրեր իրականացնող ստորա­բաժա­նումներին կրճատելու ընթացիկ քննությունների քանակը՝ հասցնելով նվազագույնը երեքի (վերոնշյալալ կարգի 2.7. կետ):
  3. Պատերազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող, Արցախում կամավորական աշխատանք կատարող, սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև ապաստարաններում բնակվող ուսանող­ներին հնարավորություն տալ հանձնելու ընթացիկ քննություններն իրենց համար սահմանված ժամկետում՝ հիմք ընդունելով նրանց դիմումը:

Աղբյուրը՝ ysu.am:

Երկարաձգվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթաթոշակի համար դիմելու վերջնաժամկետը

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթաթոշակի նկար

«Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը, կարևորելով կրթության հասանելիությունը ինչպես դպրոցական, այնպես էլ բուհական մակարդակում, հայտարարում է ուսման վարձավճարը ամբողջապես փոխհատուցող կրթաթոշակ՝ բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ավարտական կուրսի այն ուսանողների համար, որոնք.

 

  • սովորում են բնագիտական, մաթեմատիկական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում (STEM),
  • ունեն բարձր առաջադիմություն. ՄՈԳ-ը բարձր է 15-ից (20 բալանոց համակարգով),
  • պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց (բակալավրիատ/մագիստրատուրա) անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Առաջնորդության զարգացման երկամյա ծրագրին:

Կրթաթոշակին դիմելու համար մինչև նոյեմբերի 10-ը անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://www.tfaforms.com/4848376:

Ընտրության գործընթացը.

 

Այնուհետ ընտրված մասնակիցները, ըստ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ժամանակացույցի, կմիանան առցանց նախապատրաստական ծրագրին, իսկ 2021 թվականի հուլիսին՝ Ուսուցիչ-առաջնորդների ակադեմիային, որից հետո կմեկնարկի ծրագրին մանակցությունը։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի՝ ավարտական կուրսի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակի մանրամասները կարող եք տեսնել այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Անժելա Ավագյանին (էլ. հասցե՝ anzhela.avagyan@teachforarmenia.org,  հեռ.՝ 041530039):

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

Ավարտվեցին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2020թ. ընդունելության քննությունները

1. գլխավոր

Հոկտեմբերի 14-15-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեցին հեռակա ուսուցման՝ 2020թ. ընդունելության ներբուհական քննությունները:

Սեպտեմբերի 10-30-ը մասնաճյուղում և առցանց եղանակով լրացված դիմում-հայտերի համաձայն՝ «Մաթեմատիկա», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն առարկաներից ներբուհական քնննություններ պետք է հանձներ 134 դիմորդ, որոնցից 22-ը չի ներկայացել մարտական հերթապահության մասնակցելու պատճառով:

Քննություններից առաջ և ընթացքում, ելնելով ստեղծված պայմաններից, մասնաճյուղում կատարվել են ախտահանման աշխատանքներ՝ պահպանելով պարետի կարգադրությունները: Աշխա­տակազմը և քննությանը սպասող դիմորդները մուտք են գործել քննասենյակ միայն ջերմաչափումից և ձեռքերի ախտահանումից հետո: Բարձր ջերմություն ունեցողներ չեն գրանցվել:

Քննասենյակում դիմորդներն իրենց տեղերն ընտրել են վիճակահանությամբ: Քննական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով քննասենյակում տեղադրված էր տեսախցիկ, որը հնարավորություն էր տալիս դրսում գտնվող մեծ էկրանի միջոցով հետևելու քննությանը:

2020թ․ ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդները հանձնել են միայն մեկ՝ մասնագիտական առարկայի քննություն:

Քննության արդյունքներին դիմորդները տեղեկացվել են քննությունը հանձնելու հաջորդ օրը․ ժամը 10:00-ին արդյունքները փակցվել են ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողովի մուտքի մոտ, ինչպես նաև դրանք հրապարակվել են մասնաճյուղի պաշտոնական կայքում՝ «Դիմորդ» բաժնի Հեռակա ուսուցման «Ընդունելության արդյունքները» էջում:

«Մաթեմատիկա» առարկայի քննության համար հայտագրված 32 դիմորդից 4-ը չի ներկայացել, դրական շեմը հաղթահարել է 11 դիմորդ:

«Պատմություն» առարկայի քննության համար հայտագրված 26 դիմորդից 9-ը չի ներկայացել, դրական շեմը հաղթահարել է 15 դիմորդ:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության համար հայտագրված 76 դիմորդից 9-ը չի ներկայացել, դրական շեմը հաղթահարել է 51 դիմորդ:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև սթ հոկտեմբերի 22-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաստատումից հետո։

Ավարտվեց «Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» թեմայով դասախոսների վերապատրաստման դասընթացը

1. գլխավոր

2020թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը կայացավ Կրեդիտային համակարգով ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի «Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» 12 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման  առցանց դասընթացը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

 

Դասընթացը վարեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության  ֆակուլտետի  միջմշակութային  հաղորդակցության  անգլերենի  ամբիոնի  դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Մարինե Հարությունի  Յաղուբյանը:  

 

Վերապատրաստման դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել տեսանյութների միջոցով դասավանդման մի քանի ռազմավարական ձևերին:

 

Դասընթացի ժամանակ դասախոսներին ներկայացվեցին ոչ միայն տեսանյութերի կիրառման արդյունավետությունը ուսուցման գործընթացում, այլև գործիքներ, որոնք կնպաստեն ուսուցման մեթոդների կատարելագործմանը:

 

Մասնավորապես ներկայացվեցին Panopto, Moodle, Zoom, Google Meet և Explain Everything ծրագրերի հնարավորությունները, ինչպես նաև առաջարկվեցին Adobe Audition CC, Adobe Premium Pro և Power Point հավելյալ ծրագրերը տեսաձայնագրման համար:

 

Դասընթացի ժամանակ ունկնդիրները քննարկեցին նաև շրջված դասարանի (Flipped Classroom) կիրառման առավելությունները:

«Տեսանյութերը որպես դասավանդման գործիք» դասընթացն ընդգրկում էր.

 

  • Դասախոսություններ (առարկայի տեսական նյութի մատուցում),
  • Փոքր խմբային վարժանքներ (տեսության ամրապնդում),
  • Իրավիճակային ուսումնասիրություններ (խնդրի լուծման միջոցների փնտրտուք),
  • Հարցեր և պատասխաններ (հմտությունների ու գիտելիքների ամրապնդում):

Դասընթացի վերջում մասնակիցները պատրաստել էին տեսանյութեր՝ գործնականորեն կիրառելով դասընթացի շրջանակներում իրենց ստացած գիտելիքները:

ԵՊՀ ԻՄ-ի կողմից 5.5 միլիոն լրացուցիչ դրամ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին

Նորութ. նկարը

2020թ. սեպտեմբերի 27-ից՝ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ի վեր, «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավը, որին միացավ Հայաստանից ու աշխարհի չորս ծագերից ողջ հայությունը՝ այս վճռական պահին յուրաքանչյուր ներդրումի կարևորության քաջ գիտակցումով:

 

Համազգային դրամահավաքից անմասն չմնաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ հատուկ բացված հաշվեհամարին սեպտեմբերի 29-ին փոխանցելով 1.000.000 ՀՀ դրամ:

 

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԵՊՀ ԻՄ-ը դարձյալ միացավ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքարշավին և այս անգամ փոխանցեց 5.500.000 ՀՀ դրամ:

 

«Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան հզոր պատգամին ապավինելով և արդարության հաղթանակին հավատալով՝ հաղթելու ենք: