Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր. IMG_8963

2020թ. նոյեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Հարություն Համբարձումյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

 

Հուշագրով ամրագրվեցին համագործակցության մի շարք ուղղություններ կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում:

 

Երկկողմ համագործակցության շրջանակներում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, փառատոներ, մրցույթներ, օլիմպիադաներ, գիտական կոնֆերանսներ, կլոր սեղաններ, դասախոսություններ և այլ գիտակրթական ու մշակութային միջոցառումներ:

 

Համատեղ նախագծեր, փաստաթղթեր մշակելու նպատակով նախատեսվում է նաև անցկացնել փոխադարձ խորհրդատվություններ, ստեղծել փորձագիտական խմբեր և կազմկոմիտեներ:

 

Համագործակցության զարգացմանն է ուղղված նաև Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ներկայացուցչության հիմնումը ԵՊՀ ԻՄ-ում, որտեղ փակցվեցին կենտրոնի գործունեությունը լուսաբանող պաստառներ, դասավորվեցին կենտրոնի կողմից մասնաճյուղին նվիրաբերված ռուսալեզու գրքեր:

 

Տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ կայացավ հանդիպմանը, որին մասնակցեցին ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թ. Մ.Զուրաբյանը, իրավախորհրդատու Ն.Նազարյանը, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հ.Համբարձումյանը ներկայացրեց կենտրոնի գործունեության լավ փորձը Շիրակի և Լոռու մարզերում, կենտրոնի համագործակցությունը մարզային բուհերի հետ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՌԴ բուհերի և գիտահետազոտական կենտրոնների հետ կրթության, գիտության և մշակույթի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման, ուսանողների և դասախոսների շարժունության, ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող հարցեր, ուրվագծվեցին երկկողմ համագործակցության եզրերն ու հեռանկարները:

Կայացավ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց քննարկում

Նորութ. նկար

2020թ. նոյեմբերի 7-ին կայացավ 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկում, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

Այն վարեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը:

Հանդիպման սկզբում Ա.Մակարյանը հիշեցրեց, որ առաջնորդվելով 2020թ․ մարտի 12-ին ԵՊՀ գիտական խորհրդում հաստատված «Երևանի պետական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգով»՝ ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական 2-6 դասընթացներում ներմուծվել է կուրսային աշխատանքներին փոխարինող հետազոտական աշխատանք, որի նպատակն է խթանել ուսանողների անհատական և խմբային հետազոտություն կատարելու ունակությունները և նպաստել նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշների վերաբերյալ դասախոսների մոտեցումները և իրականացված աշխատանքները:

Քննարկմանը մասնակցող դասախոսները ներկայացրին, որ ըստ նպատակահարմարության վերանայել են իրենց դասընթացների փաթեթները, մասնավորապես՝ վերջնարդյունքները, հետազոտության թեմաները և առաջադրանքները, ինքնուրույն աշխատանքների շրջանակներում իրականացվող նախագծերը, կիրառվող դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդները, գրականության ցանկը և այլն։

Առաջարկվեց պարբերական դարձնել հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ նման քննարկումները՝ իրենց առաջարկները,  հաջող փորձն ու իրականացված աշխատանքները ներկայացնելու նպատակով:

«Ադրբեջանա-թուրքական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր

Համաժ.-ի հայտ. նկարը

Հարգելի՛ դասախոսներ, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը տեղեկացնում է, որ 2020թ. նոյեմբերի 8-ին և 15-ին ԵՊՀ-ն կանցկացնի «Ադրբեջանա-թուրքական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը» խորագրով միջազգային առցանց համաժողովը, որին կմասնակցեն պատմության, արևելագիտության, ցեղասպանության, կոնֆլիկտաբանության և այլ հարակից ոլորտների՝ միջազգային ճանաչում ունեցող հայ և արտասահմանցի գիտնականներ:

 

Ս.թ. նոյեմբերի 8-ին տեղի կունենա համաժողովի առաջին նիստը, որի աշխատանքային լեզուն անգլերենն է, մինչդեռ նոյեմբերի 15-ին կայանալիք երկրորդ նիստի լեզուն գերմաներենն է: Մասնակիցներին կտրամադրվեն ելույթների սլայդները հայերենով:

 

Երկու նիստերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 18:00-ին

Համաժողովին կարող եք մասնակցել հետևյալ հղումով:

 

Մասնակիցների ելույթներն ու քննարկումները կձայնագրվեն և կներկայացվեն ԵՊՀ կայքէջով, ֆեյսբուքյան և յութուբյան ալիքներով:

 

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ առցանց սահմանափակումներից խուսափելու համար անհրաժեշտ է համաժողովին միանալ հնարավորինս շուտ:

 

Առաջին մասի օրակարգը կարող եք տեսնել այստեղ: