Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Տավուշի թեմի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Տավուշի թեմ-ԵՊՀ ԻՄ հուշագրի նորութ. նկար

2021թ. ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի (ի դեմս առաջնորդ Տեր Բագրատ  եպիսկոպոս Գալստանյանի) միջև կնքվեց համագործակցության հուշագիր:

Հուշագրի կնքումը, որի նպատակը երկու կողմերի միջև գործընկերային հարաբերությունների հաստատումն է և համագործակցության ծրագրերի իրականացումը, նախաձեռնել է ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժինը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի համագործակցության հիմնական ուղղություններն են.

  1. Ուսանողական աշխատանքային խմբի ձևավորում՝ Առաջնորդարան-մասնաճյուղ կապ հաստատելու համար,
  2. Ուսանողների և հոգևոր դասի ներկայացուցիչների միջև պարբերաբար հանդիպումների կազմակերպում,
  3. Ուխտագնացությունների միջոցով գիտաճանաչողական համատեղ արշավների կազմակերպում,
  4. Ազգային երգի և պարի դասընթացների կազմակերպում,
  5. Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության ակումբների նախաձեռնած դասընթացների կազմակերպում Առաջնորդարանում,
  6. Մասնաճյուղի երիտասարդ կամավորական ներուժի օգտագործում,
  7. ՀՀ Տավուշի մարզի միայնակ, առավել խոցելի տարեցների, երեխաների ու երիտասարդների, անհայտ կորածների ընտանիքների, անապահով ընտանիքների, խոցելի համայնքների այցերի իրականացում,
  8. Սույն Հուշագրի շրջանակներում այլ գործողությունների իրականացում:

Կողմերի համագործակցության հիմնական սկզբունքներն են.

  • փոխադարձ վստահություն,
  • պատասխանատվություն,
  • պարտաճանաչություն,
  • որակի վերահսկում,
  • փոխըմբռնում և փոխզիջում,
  • թափանցիկություն,
  • համագործակցություն:

«Հաղորդակցության դիվանագիտություն» թեմայով առցանց հանդիպում-քննարկմանը մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

Հարգելի՛ համալսարանականներ, 2021թ. ապրիլի 17-ին և 28-ին՝ ժամը 18:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Հաղորդակցության դիվանագիտություն» թեմայով առցանց հանդիպումքննարկումը, որը կվարի Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Գայանե Հարությունի Մուրադյանը:

Քննարկման նպատակն է ներկայացնել դիվանագիտական խոսույթը (դիսկուրսը) որպես հաղորդակցվելու արվեստ, որպես էթիկայի նորմերին համապատասխան վարվեցողություն ցուցաբերելու ռազմավարություն և մշակույթ, որոնց համատեքստում առանձնապես կարևորվում է լեզվական արտահայտումը: Այն այսօր հիմնականում ներկայանում է անգլերենով և նպատակ ունի դիվանագիտական բանավոր ու գրավոր խոսքի ճիշտ և արդյունավետ կիրառման միջոցով հաստատել միջպետական, միջմշակութային և միջանձնային ներդաշնակ և արդյունավետ հարաբերություններ:

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել  հետևյալ հղումով` https://forms.gle/NGnx99hoS5miG6hi8:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Վիքիմեդիայի հետ հուշագրի նորութ. նկարը

2021թ. ապրիլի 6-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը (ի դեմս ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանի) կնքեցին համագործակցության հուշագիր՝

  • կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտում 21-րդ դարի հմտությունների ներդրումն ու տարածումը,
  • խթանելով դասախոսների և ուսանողների շրջանում ազատ և արդի գիտելիքի և դրա ստեղծման հանդեպ հետաքրքրության բարձրացումը,
  • գիտակցելով, որ համագործակցությունը հնարավորություն կընձեռի կրթության ոլորտում ներմուծել ժամանակակից մոտեցումներ և կհարստացնի վիքի հարթակներում որակյալ բովանդակության ստեղծումն ու տարածումը,
  • նպատակ ունենալով ուսանողներին հնարավորություն տալ տեսական գիտելիքներին զուգահեռ ձեռք բերել նաև գործնական հմտություններ:

Կնքված հուշագրով կողմերը պարտավորվեցին՝

  1. համագործակցել Հայաստանում Վիքիմեդիա նախագծերում բովանդակության ստեղծման և զարգացման գործում,
  2. ապահովել Վիքիմեդիա բովանդակությունից օգտվելու և Վիքի գործիքները կրթական գործընթացում ներդնելու գործում:

Համագործակցության շրջանակներում կողմերի պատասխանատվությամբ կիրականացվեն մի շարք աշխատանքներ:

Մասնավորապես ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պարտավոր է՝      

  1. Աջակցել հայերենով որակյալ բովանդակության ստեղծմանն ու ազատ գիտելիքի տարածմանը համացանցում:
  2. Խրախուսել վիքինախագծերի ներդրումն ուսումնական պրոցեսում և դասախոսների ու ուսանողների ակտիվ մասնակցությունը Վիքիմեդիա Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերին:
  3. Ուսումնական գործընթացի ազդեցության գնահատման մեջ օգտագործել վիքիմեդիա նախագծերում ուսանողների արձանագրած արդյունքների վերաբերյալ Վիքիմեդիա Հայաստանի վիճակագրական տվյալները:
  4. Վիքիպեդիան ու մյուս նախագծերը ուսումնական գործընթացում կիրառելը ներառել դասախոսների գնահատման կարգի մեջ:
  5. Ուսանողների ուսումնական պրակտիկան կազմակերպել նաև Վիքիմեդիա Հայաստան կազմակերպությունում:
  6. Տարածել Վիքիմեդիա Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվություն համալսարանի ուսանողների և շրջանավարտների շրջանում:
  7. Վիքիմեդիա Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու համալսարանի կողմից իրականացվող այն նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածել ագատ գիտելիքի գաղափարն ու Վիքիմեդիա նախագծերում խմբագրելու սկզբունքները:

Վիքիմեդիա Հայաստանը պարտավոր է՝

  1. Պարբերաբար և ըստ անհրաժեշտության կազմակերպել դասախոսների վերապատրաստում Վիքիմեդիա նախագծերը ուսումնական գործընթացում կիրառելու վերաբերյալ և հընթացս տրամադրել խորհրդատվություն:
  2. Աջակցել դասավանդման գործընթացում Վիքիմեդիա նախագծերի և գործիքների օգնությամբ ուսումնական առաջադրանքների մշակմանը:
  3. Պարբերաբար կազմակերպել ուսանողների՝ վիքիխմբագրման գործիքների վերապատրաստում և, ըստ անհրաժեշտության, տրամադրել մասնագիտական աջակցություն:
  4. Համալսարանի դասախոսների հետ համատեղ կազմել մասնագիտական տարբեր ոլորտներից խմբագրման ենթակա հոդվածների ցանկը:
  5. Համալսարանի կողմից իրականացվող մասնագիտական կողմնորոշման դասընթացներում ներառել Վիքիմեդիա շարժման և վիքիխմբագրման մասին բաղադրիչ և աջակցել դրա ներկայացմանը աշակերտների հետ հանդիպումների ժամանակ:
  6. Համալսարանի ուսանողներին ընձեռել Վիքիմեդիա Հայաստանում վերապատրաստվելու և ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորություն:
  7. Համալսարանին տրամադրել Վիքիմեդիա նախագծերում ուսանողների կատարած աշխատանքների ծավալի վերաբերյալ վիճակագրական մանրամասն տվյալներ:

Խորապես ցավակցում ենք…

Ananyan-Garush-Gоurgeni

Խոր վշտով հայտնում ենք, որ 82 տարեկան հասակում՝ 83-ը չբոլորած, կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բազմամյա պատասխանատու և հմուտ աշխատակից Գարուշ Գուրգենի Անանյանը:

Գ.Անանյանը ծնվել է 1938թ. ապրիլի 17-ին Իջևանում՝ արհեստավորների ընտանիքում:

1955թ. ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1959թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտել է 1964 թ.-ին:

Աշխատել է «Հայրենիքի ձայն» թերթում՝ որպես պատասխանատու քարտուղար:

Այնուհետև եղել է Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի օգնական:

1992 թվականից Գ.Անանյանը աշխատել է Իջևանի տարածաշրջանային քոլեջ-համալսարանում (1994թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ այն վերակազմավորվել է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ)՝ ծավալելով վարչական և դասախոսական գործունեություն:

Մասնավորապես՝ 1992թ. փետրվարից մինչև 2012թ. փետրվարը աշխատել է որպես վարչատնտեսական հարցերի գծով պրոռեկտոր:   

2012թ. փետրվարից մինչև 2013թ. սեպտեմբերը աշխատել է որպես ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի տեղակալ՝ ընդհանուր հարցերի գծով:

2013թ. սեպտեմբերից մինչև 2016թ. սեպտեմբերը եղել է տնօրենի խորհրդական:

2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. մայիսը աշխատել է որպես Վարչատնտեսական վարչության գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի ավագ մասնագետ:

Վարչական աշխատանքին զուգահեռ՝ 1996 թվականից Գ.Անանյանը նաև դասախոսել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. 1996-2000 թթ. եղել է Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, 2000-2014 թթ.՝ Պատմության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, 2014թ.՝ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ:

2017թ. մայիսից՝ ԵՊՀ ԻՄ-ում երկար տարիներ աշխատելուց հետո, Գ.Անանյանն անցել է վաստակած հանգստի:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում Գարուշ Գուրգենի Անանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Մասնաճյուղի բազմամյա հմուտ և պատասխանատու աշխատակցի՝ Գ.Անանյանի հիշատակը մշտապես վառ կմնա բոլորիս սրտերում…

«Ինքնության դրսևորումները պատմալեզվամշակութային համատեքստերում» թեմայով առցանց դասընթաց-քննարկմանը մասնակցելու հրավեր

Հայտ. նկարը

Հարգելի՛ համալսարանականներ, 2021թապրիլի 15-ին և 22-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Ինքնության դրսևորումները պատմալեզվամշակութային համատեքստերում» թեմայով առցանց դասընթացքննարկումը, որը կվարի Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նուարդա Վարդգեսի Երնջակյանը:

Դասընթացն անդրադառնում է մշակույթ-ինքնություն-լեզու համընդգրկուն կապի դրսևորումներին բազմաբնույթ համատեքստերում:

Ժամանակակից ըմբռնմամբ ինքնությունն իր իմաստային հատկանիշներով և կիրառություններով բնութագրվում է երկու՝ նախնական և հիմնարար հասկացություններով, նույնականություն և այլականություն (sameness/otherness) երկբաղադրիչ հակադրությամբ և կիրառվում է որպես աշխարհի լեզվական  պատկերն ուսումնասիրող մշակութաբանական առարկաների, տեսությունների ու մեթոդաբանության կարևոր հարացույցներից մեկը: Տվյալ դեպքում այն դիտարկվում է պատմալեզվամշակութային, ազգային, գրական, մարդաբանական, ազգագրական/ ազգաբանական և այլ միջգիտակարգային հետազոտություններում:

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել  հետևյալ հղումով` https://forms.gle/VtPAo2cASSazTBFi7: