Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողներն այցելեցին Հայաստանի ֆոնդային բորսա և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերություններ

1. գլխավոր

 2022թ. մայիսի 18-ին ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետի  «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արփինե Եգանյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ֆոնդային բորսա և «ԱմունդիԱկբա Ասեթ Մենեջմենթ» ընկերություններ:

Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման մասնագետ Անի Ենգիբարյանը ուսանողներին ներկայացրեց  Հայաստանի ֆոնդային բորսան, խոսեց շրջանառվող ֆինանսական գործիքների տեսակների և դրանց նկատմամբ ներկայացվող պահանջների մասին: Այնուհետև Շուկայական գործառնությունների և սպասարկման դեպարտամենտի ղեկավար Լևոն Մովսիսյանն ուսանողների հետ խոսեց ֆինանսական գործիքների առանձնահատկությունների, իրականացվող գործառնությունների տեսակների, առևտրի ծավալների մասին: Ուսանողները տեղեկացան տարածաշրջանում  կարևորություն ունեցող Հայաստանի ֆոնդային բորսայի զարգացման հնարավորությունների և որպես ֆիզիկական անձ ֆինանսական շուկայում հնարավոր ներդրումներ իրականացնելու գործընթացի վերաբերյալ: Մասնակիցները հետաքրքվեցին կազմակերպությունում աշխատելու հնարավորությամբ, որի մասին բազմիցս շեշտեցին ընկերության աշխատակիցները:

Հանդիպման վերջում ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողները Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից ստացան ոգևորող նվերներ:

«Ամունդի Ակբա Ասսեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի կառավարիչ Անուշ Ամիրջանյանը ուսանողների հետ խոսեց ընկերության հիմնադիր կազմակերպությունների և հատկապես աշխարհում առաջատար դեր ունեցող Ամունդի ընկերության մասին: Այնուհետև ներկայացրեց ՀՀ-ում գործող կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները, խոսեց գործող ֆոնդերում կատարվող ներդրումների կառուցվածքի և յուրաքանչյուր ֆոնդի եկամտաբերության վերաբերյալ՝ նշելով երկարաժամկետ ներդրումների կարևորությունը: Որպես կենսաթոշակային համակարգի ապագա մասնակիցներ՝ ուսանողները հնարավորություն ստացան հաշվարկելու իրենց ապագա կենսաթոշակի չափը: Ապագա մասնագետները դասընթացավարի հետ ակտիվ քննարկում ծավալեցին օրենսդրական փոփոխությունների մասին և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

 

2022-2023 ուստարվա կրթավճարների դիմումների ընդունում

4090 Charity «4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարել է 2022-2023 ուստարվա կրթավճարների դիմումների ընդունման գործընթացը:

Կարող են դիմել և՛ առկա, և՛ հեռակա հիմունքներով սովորող բոլոր ուսանողները, ովքեր մասնակցել են 2016 կամ 2020 թթ. պատերազմներին:

Դիմումները կարող եք ուղարկել՝ հետևելով   այս հղմանը՝  https://bit.ly/3wu8ohX

Մանրամասների համար կարող եք զանգահարել  +374 33 01 40 90 հեռախոսահամարով։

 

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայր բուհի հիմնադրման 103-ամյակի առթիվ

3cfIjz6V2o6tKpLxXwdaJJ1LQr
 Շնորհավորում եմ բոլորիս պատմական այս կարևորագույն օրվա կապակցությամբ, իսկ երիտասարդներին և ուսանողներին մաղթում եմ ստեղծագործ ու արդյունավետ գործունեություն։
Մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններից մեկը Երևանի պետական համալսարանի հիմնադրումն է։ Հայաստանի առաջին Հանրապետությունը 1919 թվականի մայիսի 16-ին ընդունեց համալսարանի հիմնադրման մասին օրենքը։
Սկզբնավորումից ի վեր համալսարանը եղել և մնում է մեր երկրի որակյալ կրթության ու գիտության կազմակերպման, մտավոր ներուժի, մտքերի ու գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը։
 
Բացառիկ է ԵՊՀ-ի դերը նաև աշխարհի գիտական մտքին հաղորդակցվելու, արդիական միտումները հասկանալու, մշակութային արժեքները պահպանելու ու հարստացնելու, ինչպես նաև երկրի ընդհանուր առաջընթացն ապահովելու գործում։
 
Այսօր ԵՊՀ-ում իրագործվում են բարեփոխման բազմաբնույթ ծրագրեր, և մենք միասնական ջանքերով պետք է ապահովենք դրանց իրականացումը՝ մեր ուսանողներին, դասախոսներին, հետազոտողներին և աշխատակիցներին ընձեռելով նոր հնարավորություններ, աշխատանքային ստեղծագործ պայմաններ և ոգեշնչող միջավայր։
 
Բարձրացնելով ուսումնառության որակը, խթանելով նորարար հետազոտությունները, ընդլայնելով միջազգային համագործակցությունն ու ամրապնդելով գիտական հաղորդակցությունն աշխարհի հետ՝ մենք միասին կկարողանանք ԵՊՀ-ն դարձնել միջազգային առաջատար կրթական ու հետազոտական կենտրոն, արդյունավետորեն կիրառել մեր հսկայական ներուժն ու միջազգային հանրությանը ներկայանալ կրթական մրցունակ ծրագրերով, նշանավոր բացահայտումներով ու արժեքավոր գաղափարներով։
 
Պատահական չէ, որ համալսարանի հիմնադրման օրը՝ մայիսի 16-ին, Հայաստանում նշվում է Ուսանողների և երիտասարդների օրը։ Այսօր ԵՊՀ-ում սովորող շուրջ 15 հազար երիտասարդները մեր երկրի ներկան ու ապագան են, համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։

 

Հանդիպում-քննարկում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Շուշան Մուսինյանի հետ

1. գլխավոր 2022թ. մայիսի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-4 կուրսերի մի խումբ ուսանողներ մասնաճյուղում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում ունեցան հանդիպումքննարկում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Շուշան Մուսինյանի հետ: Սա հերթական միջոցառումն էր  Օտար լեզուների անբիոնի նախաձեռնած շրջանավարտների հետ հանդիպումների շարքում:

Հանդիպման սկզբում Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Քրիստինե Հարությունյանը ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտին ներկայացրեց ուսանողներին:

Այնուհետև Շուշան Մուսինյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր փորձը՝ անդրադառնալով հատկապես իր մասնագիտական գործունեությանը Չինաստանում, որտեղ ինքն աշխատել է երկու տարի որպես անգլերենի ուսուցիչ: Նա մանրամասնեց, թե ինչպես կարող են ցանկացողները դիմել աշխատանքի որպես անգլերեն դասավանդողներ Չինաստանի տարբեր կրթական հաստատություններում, ինչպիսի առանձնահատկութուններ ունի չինական մշակույթը, որոնք են դժվարությունները և առավելությունները: Բանախոսը Չինաստանի կրթօջախներում իր ստացած փորձը համարում է կարևոր և շատ դրական:  Շուշան Մուսինյանն ընդգծեց, որ մասնաճյուղում իր ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները մեծ դեր են ունեցել հաջողության հասնելու իր ճանապարհին:

Բանախոսը խորհուրդ տվեց ուսանողներին ակտիվորեն զբաղվել կամավորական աշխատանքով, լինել պրպտուն և հետազոտող, չվախենալ մարտահրավերներից:

Հանդիպման մասնակից ուսանողները մեծագույն հետաքրքրությամբ լսեցին Շ.Մուսինյանին, հնչեցին բազմաթիվ հարցեր, և ոմանք ցանկություն հայտնեցին կապ հաստատել շրջանավարտի հետ՝ հետագայում ևս խորհուրդ ստանալու համար:

Օտար լեզուների ամբիոնը կշարունակի իրականացնել հանդիպում-քննարկումներ ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտների հետ նաև գալիք ուսումնական տարում՝ պահպանելով սերտ կապ իր ներկա և նախկին ուսանողների միջև:

«Իրավիճակը Մերձավոր Արևելքում և անդրադարձը հայ համայնքի վրա» թեմայով դաս-քննարկում

1. գլխավոր

 2022թ․ մայիսի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր «Իրավիճակը Մերձավոր Արևելքում և անդրադարձը հայ համայնքի վրա» թեմայով դաս-քննարկում, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Հովհաննես Ալեքսանյանը:

Դաս-քննարկմանը ներկա էին տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները, «Պատմություն» կրթական ծրագրի ուսանողները:

Դասախոսության ընթացքում ներկայացվեցին Մերձավոր Արևելքի սոցիալ-քաղաքական իրողությունները ներկա ժամանակաշրջանում և դրանց անդրադարձը տեղի հայ համայնքների վրա:

Շեշտվեց, որ ավելի քան 10 տարի տևող սիրիական հակամարտությունը, Լիբանանի ֆինանսատնտեսական և կառավարման ճգնաժամը, Իսրայելի ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև արտատարածաշրջանային կենտրոնների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի գործողությունները կարող են արմատապես ազդել Մերձավոր Արևելքի վրա:

Ներկայացվեց, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքը համախմբված է Հայ առաքելական, կաթոլիկ ու ավետարական եկեղեցիների և ավանդական կուսակցությունների բարեսիրական, կրթամշակութային ու համայնքային կառույցների շուրջ, ինչը հայապահպանման համար կարևոր գործոն է:

Վերջում հարց-պատասխանի միջոցով ծավալվեց ակտիվ քննարկում: