Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. ընդունելության գործընթացին զուգահեռ՝ հանդիպումներ դպրոցների շրջանավարտների հետ

1. գլխավոր

 2022թ. ընդունելության մեկնարկից ի վեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները` տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը կրկին հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզի, ինչպես նաև Գեղար­քունիքի մարզի հարակից գյուղերի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ: Այս տարի հանդիպումներին մասնակցում էին նաև տարբեր ֆակուլտետների ուսանողներ՝ ներկայացնելով մասնաճյուղի առօրյան, ուսումնական և մշակութային կյանքը:

ՄԿՊԿ բաժնի կողմից կազմակերպվող այս հանդիպումները 2022թ. շրջանավարտներին, որոնք գտնվում են համալսարանական կրթություն իրականացնող տարբեր բուհերի ընտրության խաչմերուկում, թույլ են տալիս զրուցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչների, համալսարանի ընդունելության իրականացման պատասխանատուների, ինչպես նաև ուսանողների հետ:

Հանդիպումները դիմորդների համար ոչ միայն լավ հնարավորություն են ցանկացած հարց ուղղելու համալսարանի կամ կոնկրետ կրթական ծրագրի վերաբերյալ, այլև իրազեկված լինելու ուսուցման զեղչային համակարգի, կրթաթոշակի հնարավորությունների, ընդունելության գործընթացների, դիմումների լրացման և այլնի մասին:

Ընդունելության դիմում-հայտ լրացնելուց առաջ տարբեր հանգամանքների վերաբերյալ հարց-պատասխանի միջոցով կատարվող քննարկումները ցույց են տալիս, որ հանրակրթական դպրոցի՝ 2022թ. շրջանավարտները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և կրթական ծրագրերը ընտրում են՝ լինելով հնարավորինս տեղեկացված:

Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակվող «Դիմորդների շարժ»-ի տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսի 7-ի դրությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր հայտագրված դիմորդների թիվը 252 է: Ամենաշատ դիմորդներ հայտագրվել են հետևյալ կրթական ծրագրերով՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» (47 դիմորդ), «Անգլերեն լեզու և գրականություն» (31 դիմորդ), «Պատմություն» (30 դիմորդ): Քիչ դիմորդներ են հայտագրվել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» (5 դիմորդ), «Դիզայն» (5 դիմորդ) և «Հայոց լեզու և գրականություն» (10 դիմորդ) կրթական ծրագրերով:

2022թ. բոլոր դիմորդներին մաղթում ենք քննությունների բարեհաջող ընթացք:

 

Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու հնարավորություն

ԿԳՄՍՆ հայտ. նկարը Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ հունիսի 27-ից հուլիսի 3-ը կկայանա Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Tourism Summit):

Միջոցառումը նախատեսված է 2003 թ.-ի հուլիսի 4-ից մինչև 2010 թ.-ի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված պատանիների և երիտասարդների համար, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿի կայուն զարգացման թեմաների (ծրագրերի) և/կամ զբոսաշրջության նկատմամբ: Միջոցառման կազմակերպիչները, բացի ճանապարհածախսից, կհոգան մասնակիցների կեցության և սննդի ծախսերը:

Ներկայացվող պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://cvent.me/e24Omo (գրանցման ծածկագիր՝ 1GYTS_Sorrento2022): Աշխատանքային լեզուն անգլերենն է, գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 15-ը ներառյալ:

Միջոցառմանը գրանցման հայտ ներկայացրած թեկնածուն իր և իրեն ուղեկցող անձի վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե) մինչև ս.թ. մայիսի 14-ը կարող է ուղարկել youth@escs.am էլ. հասցեին:

Մանրամասները՝ կից նյութում:

Աղբյուրը՝ https://escs.am/am/news/12442:

 

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հերթական հանդիպումը հաջողության հասած շրջանավարտի հետ

1. գլխավոր 2022թ. մայիսի 5-ին «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում դարձյալ հանդիպման էին հրավիրվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-3 կուրսերի ուսանողները:

Այս անգամ բանախոսը ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության շրջանավարտ Սյուզաննա Պետրոսյանն էր, ով «Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության տնօրենն է ու «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի համակարգողը:

ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների և շրջանավարտների հանդիպումներն արդեն դարձել են հաճելի և օգտակար ավանդույթ:

Միջոցառման կազմակերպիչ, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Էմմա Թեմրազյանը ուսանողներին ծանոթացրեց Ս.Պետրոսյանի հետ: Բանախոսն անդրադարձավ փոքրիկ քայլերի կարևորությանն իր կյանքում: Նա նշեց, որ այդ քայլերի սկիզբը դրվել է իր ընտանիքում, որտեղ բոլորը միշտ ոգևորում ու աջակցում են միմյանց, և նա, 10 տարեկանից սկսած, կարողացել է զբաղվել կամավորական գործունեությամբ:

Ս.Պետրոսյանը խոսեց ուսանողական տարիներին իր կատարած կամավորական աշխատանքների ու ֆրանսիական մի քանի կազմակերպությունների հետ համագործակցության մասին, որոնք նպաստել են համալսարանում իր ստացած մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացմանը:

Համալսարանում սովորելու տարիներին սկսել է մասնակցել տարբեր դասընթացների ու վերապատրաստումների, և այսօր դրանց թիվն արդեն 100-ից ավել է: Ակադեմիական և այլընտրանքային կրթության շնորհիվ ինքն էլ վարել է մի շարք դասընթացներ և ղեկավարել ծրագրեր: Իհարկե, այդ ամենն իրականացրել է շնորհիվ իր դասախոսների և ղեկավարների, այն մարդկանց, ովքեր կարևոր փոփոխություններ են բերել իր կյանքում՝ նպաստելով իր անձի ու կարիերայի աճին:
Ս.Պետրոսյանն ուսանողներին պատմեց նաև իր ձախողումների մասին, առանց որոնց հնարավոր չէր լինի հաջողությունների ու ձեռքբերումների այս ընթացքը:

Հանդիպման վերջում Է.Թեմրազյանը հույս հայտնեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնի և կրթական ծրագրերի ղեկավարների այս նախաձեռնությունը կամրապնդի ուսանող-շրջանավարտ համագործակցությունը, իսկ մեր շրջանավարտների հաջողության պատմությունները ոգևորիչ օրինակ կծառայեն ու կյանքի դաս կլինեն մեր ուսանողների համար:

Սիրով շնորհավորում ենք միջազգային գիտագործնական գիտաժողովում մրցանակային տեղեր գրաված մեր ուսանողներին

1. գլխավոր

2022թ. ապրիլի 28-30-ը Ռուսաստանի առաջին նախագահ Բ. Ն. Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանում տեղի ունեցավ «Լեզուն մասնագիտական հաղորդակցության ոլորտում» XXIV միջազգային գիտագործնական գիտաժողովը ասպիրանտների և ուսանողների համար: Աշխատանքային լեզուներն էին անգլերենը, ռուսերենը, գերմաներենը և ֆրանսերենը:

Միջոցառումն անցկացվել է երկու փուլով՝ գիտագործնական հոդվածների ընտրություն, որոնք ընդգրկվել էին “Российский индекс научного цитирования (РИНЦ)” ռուսական գիտական ինդեքսավորման բազայում, և մրցույթ «Լավագույն գիտահետազոտական նախագիծ» անվանակարգում, ներկայացում (պրեզենտացիա):

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Նազելի Եսայանը և Մարիամ Դարբինյանը միջազգային գիտաժողովում հանդես են եկել գիտահետազոտական նախագծերով, որոնց գիտական ղեկավարն էր ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանը:

Մեր ուսանողուհիները մրցույթում հավաքել են ամենաշատ միավորները և ստացել դիպլոմներ:

Նազելի Եսայանը «Լավագույն տեսական հետազոտություն» անվանակարգում ստացել է դիպլոմ «Մանկավարժական էթիկա. էությունը և նշանակությունը» գիտահետազոտական նախագծի համար:

Մարիամ Դարբինյանը «Լավագույն գործնական հետազոտություն» անվանակարգում դիպլոմ է ստացել «Տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետությունը ուսումնական գործընթացում» գիտահետազոտական նախագծի համար:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության, ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողուհիներ Նազելի Եսայանին և Մարիամ Դարբինյանին՝ միջազգային հարթակում իրենց ելույթներով առաջին և երկրորդ տեղերը գրավելու կապակցությամբ, մաղթում ենք նրանց նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, շնորհակալություն ենք հայտնում գիտական ղեկավար Սվետլանա Մինասյանին՝ նվիրված և հետևողական աշխատանքի համար: 

Միջազգային գիտագործնական գիտաժողովի նպատակն էր ուսանողների, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների բարելավումը, որակյալ մասնագետների պատրաստման որակի բարձրացումը, օտար լեզուների և գիտահետազոտական գործունեության նկատմամբ հետաքրքրության բարձրացումը:

Այն ուղղված էր գիտելիքի տարբեր ոլորտներում ռուսաստանյան և արտասահմանյան բուհերի ուսանողների, բակալավրիատի և ասպիրանտների՝ օտար լեզուներով գիտահետազոտական աշխատանքում ձեռքբերումների փոխանակմանը:

Գիտաժողովին մասնակցում էին Ռուսաստանի և արտասահմանյան կրթական ու գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ և երիտասարդ գիտնականներ, ովքեր հետաքրքրված էին համալսարաններում օտար լեզուներով հետազոտական աշխատանքում նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ:

 

 

 

 

 

 

Պրակտիկայի շրջանակներում «Զբոսաշրջություն» 1-ին կուրսի ուսանողներն այցելեցին Գյումրի

1. գլխավոր

 2022թ. մայիսի 3-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի գլխավորությամբ այցելեցին Գյումրի:

Նպատակը ՀՀ զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրումը և գնահատումն էր:

Ուղևորությունն իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան–Գյումրի–Երկաթուղային կայարան–Առաջին օպերայի շենք–Ասլամազյան քույրերի պատկերասրահ–Իսահակյանի տուն-թանգարան–Խաչքարերի պուրակ–Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան–Մհեր Մկրտչյանի թանգարան–Մուշուրբայի արձան–Պլպլան ժամ–Սբ. Ամենափրկիչ եկեղեցի–Վառեմ-մարեմ պատշգամբ–Վարդանանց հրապարակ–Ֆրանսիա հյուրանոց–Գրանդ  հյուրանոց–Սև Բերդ–Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան (Ջաջուռ)–Իջևան:

Ակնարկային դասախոսության միջոցով ուսանողները նախապես ծանոթացել են Գյումրի քաղաքի հուշարձանների  գրանցված ցանկին, որի համար օգտագործվել են աղյուսակներ, քարտեզներ և տեսանյութեր: Առանձնացվել են այցելության համար առավել նպատակահարմար օբյեկտները, և ուսանողներին հանձնարարվել է դրանց վերաբերյալ  գրականության և համացանցում առկա նյութերի միջոցով մանրամասն հավաքագրել տեղեկատվություն՝ տեղում տվյալ հուշարձանը մասնագիտորեն ուսումնասիրելու, ներկայացնելու, զբոսաշրջային փաթեթներում դրանց ընդգրկվածությունը  գնահատելու նպատակով:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները նախ ներկայացրին երթուղու ուղղությամբ գտնվող բնաաշխարհագրական օբյեկտները, այնուհետև Գյումրի քաղաքի մասին պատմական ակնարկ, իսկ տեղում՝ նշված օբյեկտների մասին տեղեկատվություն:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում Գյումրի կատարված ուղևորությունը բավականին հետաքրքիր էր և ուսանելի. այն նպաստեց ուսանողների տեսական գիտելիքները գործնականորեն ամրապնդելուն: