Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն

Մագ.-ընդ.-նկ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2022-2023 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով:

Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։ Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերը ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 9: Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 13ին և 14ին: Ընդունող հանձնաժողովը կաշխատի ժամը 10:00-ից մինչև 16:00-ն։ Փաստաթղթերը կարելի է ուղարկել sci_ib@ysu.am էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողով (հասցե՝ Ուսանողական 3):

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Դիմում-հայտն առցանց լրացնելուց  առաջ  պետք  է նախօրոք ունենալ վերոնշյալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները (բնօրինակները)։ Բնօրինակն առցանց կցվում է, իսկ ընդունվելուց հետո ներկայացվում է ընդունող հանձնաժողովին։

Լրացուցիչ տեղեկությունները կտեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում:

 

2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը

 

  1. Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ)
  2. Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակներն ու պատճենները
  3. 2լուսանկար (3×4 սմ չափսի)
  4. Զինվորականգրքույկի բնօրինակը (առկայության դեպքում) ու պատճենը (1-7-րդ և 18-19-րդ էջերը)
  5. Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակն ու պատճենը
  6. Ընդունելությանծառայությունների համար գանձվող 1500 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը:

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

         Բանկ

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամար (ՀՀ դրամ)

   247610017094
         Նպատակ

«Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար»

ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ

դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը

Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ուսման տևողությունը 1.5 տարի է:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:

Կայքէջ՝ ijevan.ysu.am

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵՊՀ ԻՄ-ի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանին (հեռ՝ 093 206505): 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց նոր՝ 2022-2023 ուսումնական տարին

1․ Գլխավոր 2022թ. սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2022-23 ուսումնական տարին:

Նոր ուստարում ԵՊՀ ԻՄ-ն իր հարկի տակ դիմավորեց առկա ուսուցման 186 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում:

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Երևանի պետական համալսարանի հիմնը, 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:

Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը շնորհավորական ուղերձ հղեց բոլոր համալսարանականներին՝ բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին: Նա մասնավորապես նշեց, որ Գիտելիքի օրը ոչ միայն պետական, այլև լայն իմաստով ազգային տոն է, որովհետև իր բազմադարյա գոյության ընթացքում հայ ազգի համար գիտությունը, գիտելիքը, գիրքը եղել են պաշտամունքի առարկա, և մեր ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ, գիտության մշակներ իրենց ներդրումն են ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ: Տնօրենը շնորհավորեց բոլորին, բարի գալուստ և մաղթանքներ հղեց առաջին կուրսեցիներին:

Այնուհետև կայացավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Անահիտ Չիբուխչյանը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Գիտելիքի բանալին ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսյա Շախպարյանը՝ որպես ավագ ընկեր, հանձնեց Անահիտ Չիբուխչյանին:

Տոնական միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:

Միջոցառումից հետո լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2022-2023 ուսումնական տարվա դասերը: 

ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

image

 Սիրելի՜ համալսարանականներ, սիրով և սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ուսումնական տարի, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ։

Երևանի պետական համալսարանի առաքելությունը կրթական ու հետազոտական գործընթացների շարունակական և համակարգային արդիականացումն է, ինչը հնարավորություն կտա պատրաստելու որակյալ մասնագետներ ու ստեղծելու մտավոր անհրաժեշտ արդյունք, որն ավելի լավը կդարձնի մեր կյանքն ու մեզ շրջապատող աշխարհը։

Համալսարանի հիմնական նպատակն այնպիսի միջավայրի ձևավորումն է, որտեղ ուսանողները, դասախոսներն ու հետազոտողները կունենան նոր գիտելիք ստեղծելու և կիրառելու բացառիկ հնարավորություններ ու պայմաններ, ինչը ենթադրում է կամք, եռանդ, կառուցողական համագործակցություն համալսարանական համայնքի ներսում և դրանից դուրս, ինչպես նաև համալսարանականների ընդհանուր տեսլականի և նպատակների հստակեցմանն ուղղված համատեղ աշխատանք։

Սիրելի՜ ուսանողներ, անչափ կարևոր է, որ ԵՊՀ-ում դուք ոչ միայն ստանաք գիտելիքներ, այլև սովորեք ինքնուրույն մտածել, կարողանաք փնտրել ստեղծագործական լուծումներ, հասկանաք, թե ինչպես կյանքի կոչեք ձեր գաղափարներն ու լիարժեք ձևավորվեք որպես անհատ ու քաղաքացի։

ԵՊՀ զարգացման մեր ծրագրով, նորարար գաղափարներով ու նոր նախաձեռնություններով կշարունակենք անել ամեն ինչ, որ դուք այստեղ ստանաք որակյալ կրթություն, զարգացնեք ձեր ներուժը, ստեղծագործեք, լինեք երջանիկ և ձեր գործունեությամբ նպաստեք մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Ես վստահ եմ, որ այս նպատակի իրագործման մեր լավագույն գործընկերը հենց դուք եք լինելու։

Այսօր առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել բոլոր առաջինկուրսեցիներին և բարի գալուստ մաղթել Երևանի պետական համալսարան։ Սիրելի՜ առաջինկուրսեցիներ, այսօրվանից դուք կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող համալսարանի ուսանող եք և համալսարանական մեծ ընտանիքի անդամ։ Ես հույս ունեմ, որ դուք կշարունակեք ԵՊՀ լավագույն ավանդույթները, կօգտվեք ձեզ ընձեռված բոլոր հնարավորություններից և լիարժեք կվայելեք ուսանողական կյանքը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս տոնական այս օրվա կապակցությամբ։