Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում

1. գլխավոր 2022թ. հոկտեմբերի 19-ին մասնաճյուղի բարձր կուրսերի մի խումբ ուսանողներ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և Արտաքին կապերի բաժնի մասնագետ Սյուզաննա Գալստյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Մայր բուհում:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ուսանողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ ծրագրի օրակարգը կազմվել է այնպես, որ ուսանողների օրը լինի հնարավորինս հագեցած:

Ուսանողները նախ այցելեցին «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գործարան, որտեղ կատարեցին շրջայց, ծանոթացան ընկերության պատմությանը, մասնակցեցին Կոկա-Կոլայի պատմության և արտադրանքի վերաբերյալ խաղ-քննարկման, իրենց ինքնակենսագրականները փոխանցեցին գործատու կազմակեպությանը, ինչը լավ հնարավորություն է ընկերությունում աշխատանքի անցնելու համար:

Այնուհետև մասնաճյուղի ուսանողներն այցելեցին Մայր բուհ, եղան ԵՊՀ պատմության թանգարանում, որի տնօրեն Հեղինե Գասպարյանը նրանց մանրամասն ներկայացրեց թանգարանի պատմությունը։ Թանգարանում այցելուները ծանոթացան համալսարանի անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքերին ու գիտական աշխատություններին, 100-ամյա ԵՊՀ-ում պահվող բացառիկ նմուշներին, տեսան համալսարանի պատմությանը վերաբերող արխիվային կարևորագույն փաստաթղթեր և լուսանկարներ:

Թանգարան այցից հետո ուսանողները հանդիպում ունեցան «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր ուսանողներին ներկայացրին «Արդշինբանկ ՓԲԸ» Իջևան քաղաքի նախաորակավորման ծրագիրը, խոսեցին իրենց մոտ աշխատանքի ընդունվելու, ընկերության անդամ դառնալու հնարավորությունների մասին:

Ապա ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի  փոխտնօրեն Կարինե Նազարյանը ուսանողներին ներկայացրերց կենտրոնի գործունեությունը, թե որ կազմակերպությունների հետ է այն համագործակցում: Կենտրոնի աշխատակից Արուսյակ Սահակյանը ուսանողներին ներկայացրեց գրագետ CV կազմելու, պատշաճ կերպով հարցազրույցի ներկայանալու կանոնները և նրբությունները:

Այնուհետև Imex Group ընկերության փոխտնօրեն և HRM տնօրեն Վարդուհի Հարությունյանը մեր ուսանողների համար անցկացրեց «Ինչպե՞ս գտնել հենց քո երազած աշխատանքը» խորագրով դասընթաց, որի շրջանակներում քննարկվեցին հետևյալ հարցերը. 

  • Ինչպե՞ս վերլուծել սեփական անձը՝ բացահայտելով ուժեղ կողմերը,
  • Ինչպե՞ս հասկանալ, թե ինչ եք ուզում,
  • Ի՞նչ է նշանակում ունենալ «լավ» աշխատանք,
  • Ինչպե՞ս սահմանել նպատակներ և պլանավորել դրանց հասնելու գործընթացը։

Մասնաճյուղի ուսանողները Մայր բուհից վերադարձան հագեցած օրվա վառ տպավորություններով, որի հնարավորությունն ընձեռել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: