Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ես չափահաս եմ. ծնողներից բաժանման և ինքնուրույնության ձեռքբերման  հոգեբանական խնդիրները» թեմայով էսսեների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը

2016թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից նոյեմբերին հայտարարված «Ես չափահաս եմ. ծնողներից բաժանման և ինքնուրույնության ձեռքբերման  հոգեբանական խնդիրները» թեմայով էսսեների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

21-12-2016-1

Բացման խոսքով հանդես եկավ  Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ մ.գ.թ., ասիստենտ  Լ.Հարությունյանը, ողջունեց բոլոր մասնակիցներին, նշեց, որ էսսեների մրցույթին մասնակցել են ոչ միայն «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման համակարգերի, այլև ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, լավագույն աշխատանքները ներկայացվել են խրախուսման:

21-12-2016-2

Մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս.Առաքելյանը կարևորեց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի այս նախաձեռնությունը, ընդգծեց նման միջոցառումների ուսուցողական ու դաստիարակչական նշանակությունը, ապա մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողներին պարգևատրեց պատվոգրերով ու նվերներով:

Էսսեների մրցույթում առաջին տեղ էր գրավել «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Հրանտ Արմենի Ղազումյանը:

21-12-2016-3

Երկրորդ տեղ էին գրավել ՝

  • «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության (հեռակա ուսուցման համակարգի) 3-րդ կուրսի ուսանող Մարտուն Վանիկի Ասրյանը,

21-12-2016-4

  • «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նազելի Մանվելի Խաչատրյանը,

21-12-2016-5

  • «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անգին Հրաչյայի Ծատուրյանը:

21-12-2016-6

Երրորդ տեղ էր զբաղեցրել «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Վահագնի Թամրազյանը:

21-12-2016-7

Սիրով ձեզ ենք ներկայացնում առաջին մրցանակային տեղ գրաված Հրանտ Ղազումյանի ստեղծագործական աշխատանքը.

Ես չափահաս եմ. ծնողներից բաժանման և ինքնուրույնության

ձեռքբերման հոգեբանական խնդիրները

  «Արի տուն», «հաց կեր», «տաք հագնվիր», «հո ջերմություն չունե՞ս», «գլխարկդ մոռացար» … հաճելի ու գորովալից արտահայտությունների մի ամբողջ շարք, որ ուղեկցում է ինձ մինչ օրս, թեև արդեն չափահաս եմ: Ի՞նչ արած, հայ ծնողի տեսակն է այդպիսին, որ երեխան ծննդից մինչև խոր ծերություն «փեշից կպած լինի», որ հանկարծ ոտքը քարի չառնի, մատը փուշ չմտնի:

Ինչքան էլ մարդ մեծանա, միևնույն է, իր ծնողի համար նա դեռ երեխա է: Դա նրանից է, որ հայ ընտանիքում ամեն մեկն ունի իր դերը, ու հայկական ընտանիքի մոդելն, ըստ էության, միշտ նույնն է. մայրն իր դերում՝ հանգիստ, նուրբ, քնքուշ, հայրն իր՝ խիստ, ուժեղ, պահանջկոտ, իսկ զավակներն էլ իրենց հերթին՝ զավակ: Ու զավակներին դաստիարակելիս էլ աղջկա և տղայի միջև միշտ դնում են տարբերություն, որ առանձին էլ կյանքում լինեն իրենց ծնողների նման կամ ավելի կատարյալ:

Գիտակցական կյանքիս ողջ ընթացքում երբեք չեմ մտածել ծնողներիցս առանձին ապրելու մասին: Ինչո՞ւ: Պատասխանն ավելի քան թափանցիկ է. որովհետև ծնողներս (առհասարակ, հայ ծնողները) դեռ մանուկ հասակից, կոպիտ ասած, սկուտեղի վրա մատուցում են ամեն ինչ: Եվ չափահաս տարիքում արդեն մտածել կամ փորձել սեփական կյանքդ ապրել ծնողներիցդ առանձին, դժվար է: Եվ հետո, ինչպես գիտենք, սթրեսի թիվ մեկ պատճառն ու նախապայմանն անորոշությունն է: Ենթադրենք` ես մտքումս որոշում եմ առանձին ապրել ծնողներիցս: Հիմա դուք պատկերացրեք՝ կենտրոնում ես եմ, ու ինձ շրջապատում են դրանք՝ աշխատանքը, որը չունեմ, տունը, որն էլի չունեմ ու որտե՜ղ պետք է բնակվեմ, օրվա սննդի հարցը, կոմունալների վճարման հարցը, սիրածս աղջկա ծնունդը, բա ոնց չէ՜, հայկական տարբերակով պետք է գլխիցս մեծ ծախսեր անեմ, առջևում ձմեռ է, ես` «կիսատկլոր» վիճակում ու նման մտքեր:

Եվ  էլ ի՞նչ «Բա՛րև, սթրե՛ս, ես քեզ սպասում էի»: Մյուս կողմից՝ տարածությունը նույնիսկ ամենահարազատ մարդկանց հետ ավելի է ամրացնում կապերը, որովհետև երբ դու ունես անձնական տարածք, դու պարտավոր չես այն կիսել մեկ ուրիշի հետ և այդպիսով ձեռնպահ ես մնում կոնֆլիկտային իրավիճակներից: Ընդհանուր ռեսուրսը (տվյալ պարագայում՝ բնակարանը) կիսելը միշտ ստեղծում է շատ խնդիրներ: Առանձին ապրելու գլխավոր դրական կողմը ծնողների հետ տարաձայնությունների բացակայությունն է: Անհամաձայնություններ ծնողների հետ միշտ էլ լինելու են: Թեկուզ հենց այն պատճառով, որ մենք պատկանում ենք տարբեր սերունդների, տարբեր արժեքներ ենք գնահատում, տարբեր ենք մեր աշխարհընկալմամբ և այլն: Առանձին ապրելու բացասական կողմերից մեկը շփման բացակայությունն է: Դուք հիմա կմտածեք՝ իսկ հեռախո՞սը, իսկ նորագույն տեխնոլոգիանե՞րը, մի՞թե դրանք չեն կարող ապահովել այդ շփումը հարազատների հետ: Ո՛չ, չե՛ն կարող: Կլինեն օրեր, երբ աշխարհից ձանձրացած, կոտրված, հիասթափված կբացես տանդ դուռը, կմտնես տուն ու հայացքով կփնտրես մայրական քնքշանքը: Մայր, ում կուզեիր գրկել այդ պահին ու մոռանալ բոլոր դժվարությունները: Բայց քեզ կգրկի քո տան սառը օդը:

Ես չափահաս եմ: Տարիքի հետ պատասխանատվության զգացումը նախ սեփական անձիս, ապա նաև շրջապատիս նկատմամբ մեծանում է: Սա պետք է բոլորի մոտ լինի, բայց իրավիճակն այլ է: Ոմանց համար չափահաս դառնալը որակվում է 18 տարեկան դառնալով: Համաձայն չեմ: Մարդ չափահաս է դառնում միայն այն ժամանակ, երբ ինքն է իր գլխի տերը դառնում, երբ զգում է պատասխանատվություն, երբ հոգսի տակ է մտնում: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Մի՞թե դուք չեք լսել ծնողների հաշվին ապրող, ասենք 46-ամյա Փանոսի մասին: Մի՞թե նա չափահաս է: Ո՛չ, նա մեծ երեխա է: Եվ կապ չունի` մենք ապրում ենք մեր ծնողների հետ, թե միայնակ. երբեք ու երբեք կյանքի որևէ էտապում չպետք է կորցնենք կյանքի գլխավոր ու անփոխարինելի արժեք հանդիսացող ՄԱՐԴ կոչվելու բարձր պատիվը:

Հրանտ Ղազումյան