Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ

DSCN73702019թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ամենայն Հայոց Երգի Վեհափառ», «Մեր երգի Մեսրոպ Մաշտոց» մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, մարզի հոգևոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր, մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողներ:

«Երեկ Հայոց մեծ եղեռնի օրն էր… մեր պատմության մեջ ու մեր  օրացույցների վրա սևով ներկված օր  ու տարեթիվ… 1915, ապրիլի 24…

Անցել է 104 տարի, սակայն մեր ժողովրդի հոգում շարունակում է մխալ մորմոքը  արյունոտ  ցեղասպանության  1,5 միլիոն  հայերի… Նրանք դարձել են կապուտաչ անմոռուկներ,  որ ամեն գարնան  ծլում-ծլարձակում  են մայր հողի վրա…

Ու թո՛ղ որ նորից հնչեն նրանց անունները՝ Զոհրապ, Վարուժան, Սիամանթո, Ռուբեն Սևակ… ու … հազարներ, ու միլիոն  ու … Կոմիտաս, որի երգը  անավարտ մնաց  ու մարեց շուրթերին, բայց արդեն 100 տարի, դեռ 1100 տարի հետո էլ կհնչի այն մեր շուրթերից…». – Կոմիտասի ձայնի մարող հնչյունների ներքո այսպես սկսվեց գրական-երաժշտական ցերեկույթը՝ նվիրված հայ երգահան, երգիչ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, մեծն Կոմիտասի  ծննդյան 150-ամյակին:

Ավելի քան մեկ ժամ օդը լի էր Կոմիտասով, նրա երգերի հրաշալի  կատարումներով, նրա ու նրա մասին հնչող բանաստեղծությունների տպավորիչ- հուզական ասմունքով:

Ունկնդիրների համար իրոք հայտնություն էր ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների երգն ու ասմունքը, նրանց պարը:

Իր գեղարվեստական բարձր մակարդակով, մեծ երգահանի, երաժշտագետի ու բանահավաքի երգարվեստը, կյանքն ու գործունեությունը ներկայացնելու ճանաչողական անգնահատելի արժեքով, հայ երգի սքանչելի մատուցմամբ միջոցառումը բացառիկ հուզական տպավորություն թողեց ներկաների վրա:

Միջոցառման վերջում ելույթ ունեցան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը և Տավուշի թեմի Սբ. Մակարավանքի հոգևոր հովիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը՝ բարձր մակարդակով իրականացված միջոցառման համար գոհունակություն ու շնորհակալություն հայտնելով կազմակերպչին՝ տիկին Աիդա Սարհատյանին, միջոցառման մասնակիցներին:

Հայոց  բարձր, բիբլիական լեռներում դարերով հոգևոր ծով գանձեր են ստեղծվել, մեր ժողովուրդը հանճարներ է ծնել ու վերածնվել նրանց միջոցով… Նարեկացի ու Քուչակ, Մեծարենց ու Չարենց, Թումանյան ու Կոմիտաս… (ո՞ր մեկին թվես), նրանց մեջ տեսել իր հայրենիքն ու բնությունը, իր սերն ու կարոտը, իր տառապանքն ու երազանքները. հայոց մեծերի հանդեպ իրենց խորունկ սիրո ու երախտագիտության տուրքը մատուցեցին մեր ուսանողները Կոմիտասին նվիրված այս միջոցառմամբ.

«Ու դրվատման ի՞նչ խոսքերով

Բարեբանենք և քեզ գովենք

Թե աղքատ է հանկարծ թվում

Բառարանը մեր հայկազյան:

Ի՞նչ խոսքերով բարեբանենք Քե՜զ, Վարդապե՛տ

Դո՜ւՎարդապե՞տ.

Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,

Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,

Գիրն ու տառն ես Հայոց երգի:

Հայոց երգի

Անծիր հերկի:

Ե՛վ ակոսն ու խորունկ առն ես,

Ե՛վ մատնընտիր սերմը նրա

 

Եվ մեզանից արդ ընդունիր

Երախտիքի այս խաչբո՜ւռը,

Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի

Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի Մշտահնչուն նվագարան.

 Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր Մասունքների հավաքարա՜ր.

Դու՝ խազերի մեր քերական,

Դու՝ հոգևոր մեր շարական.

Դու մեր կարոտ ու մեր մորմոք,

Մեր տաղի քուրմ,

Մեր խաղի մոգ,

Մեր մշտահունչ ու մշտարթուն,

Անլռելի զանգակատո՜ւն…»:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: