Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողուհին արժանացավ Երևանում ՌԳՄԿ-ի սահմանած «2021 թվականի լավագույն ուսանող» մրցանակի

1. գլխավոր 2022թ. հունվարի 25-ին Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որը կազմակերպել էր Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը՝ Երևանում Ռուսական տան աջակցությամբ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիայի և Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի մասնակցությամբ:

Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ այդ օրը Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում հավաքվում են հյուրեր, ուսանողներ և դասախոսներ Երևանից և մարզային բուհերից՝ շնորհավորելու ուսման մեջ առաջադեմ և հասարակական գործունեությամբ ակտիվ ուսանողներին, նրանց շնորհելու դիպլոմներ և մեդալներ:

«2021 թվականի լավագույն ուսանող» անվանակարգում լավագույն էին ճանաչվել 16 ուսանողներ Երևանից, Վանաձորից, Գավառից, Շիրակից և իհարկե Իջևանից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, լավագույն ուսանող ընտրելու առաջարկին ի պատասխան, առաջադրել էր «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Արփինե Վանեսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության ուսանողների մեջ նրա ցուցաբերած բարձր առաջադիմությունը և հասարակական ակտիվությունը:

Մրցանակաբաշխությանը «2021 թվականի լավագույն ուսանող» անվանակարգում Արփինե Վանեսյանը ստացավ դիպլոմ և մեդալ:

Առաջադրվածներին ողջունեց Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի գործադիր տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ Ժ. Գ. Բաղիյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան դեսպանորդ-խորհրդական Մ. Վ. Սելեզնևը և Երևանում Ռուսական տան մշակութային և պատմական նախագծերի բաժնի վարիչ Ա. Ռ. Արզումանյանը:

Վերջում ուսանողներին ուղղված շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանը՝ մասնավորապես նշելով, որ ճանապարհին լինելու են տարբեր կրթական վերափոխումներ, որոնց պետք է արագ հարմարվել, համարձակորեն յուրացնել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հաղթահարել նոր հարթակներ: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ ընդգծելով, որ նման միջոցառումները բարձրացնում են ուսանողների մոտիվացիան և նրանց կողմնորոշում դեպի նոր գիտելիքներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից մենք ևս սիրով շնորհավորում ենք Արփինե Վանեսյանին, մաղթում ենք նրան նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, նպատակասլացություն և անսպառ եռանդ՝ իր գիտելիքներն ու կարողություններն արդյունավետ կիրառելու ճանապարհին: