Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ավարտվեց 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

1. գլխավոր 2023թ. հունիսի 10-27-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեց 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 7 կրթական ծրագրով ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Հունիսի 10-ին կայացավ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., պրոֆեսորի պաշտոնակատար Արուսյակ Վաչագանի Հովհաննիսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 15 շրջանավարտ. 3-ը ստացավ «գերազանց», 11-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ամփոփիչ ատեստավորման քննությունն անցել է բավականին հաջող: Գնահատելի է, որ ուսանողներն անդրադարձել են կրթության ժամանակակից խնդիրներին: Բոլոր ուսանողներն էլ լավ էին տիրապետում իրենց ավարտական աշխատանքներին՝ հստակ ներկայացնելով իրենց կողմից իրականացված ինչպես տեսական-վերլուծական, այնպես էլ հետազոտական աշխատանքները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է հստակեցնել աշխատանքների նպատակն ու խնդիրները, թեմաների վերնագրերը, ուշադրություն դարձնել հետազոտության մեթոդների ընտրությանը:

Հունիսի 17-ին կայացան «Հոգեբանություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» և «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ Լաուրա Համբարձումի Պետրոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 6 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 3-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահը մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկել է կատարելագործել հետազոտական աշխատանքների թեմաների ընտրությունը, ուսանողների հետազոտական կարողությունները, հոգեբանական կիրառական հմտությունները:

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Գերասիմի Մնացականյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ», 16-ը՝ «բավարար»:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ աշխատանքների թեմաների ընտրության ժամանակ հաշվի առնվի տվյալների հասանելիության հանգամանքը, իսկ աշխատանքը ներկայացնելիս առավել ընդգծվի ուսանողի կատարած ինքնուրույն վերլուծությունը: Նախագահի կողմից նաև կարևորվել է, որ կատարված եզրակացությունները և առաջարկությունները լինեն հստակ ու հասցեական:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական, տ.գ.թ., դոցենտ Անահիտ Զարզանդի Ոսկանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 շրջանավարտ. 2-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ավարտական աշխատանքներում տեսական հատվածը գերակշռում էր վերլուծական, հետազոտական պրակտիկ ուսումնասիրություններին: Առաջարկվել է տեղային-գործնական ծավալուն հատված ներառել ավարտական աշխատանքներում, գրախոսություններում տալ հստակ դիտարկումներ աշխատանքի թերությունների մասին, օգտագործել ժամանակակից գրականություն ուսումնասիրությունների համար:

Հունիսի 23-ին, 24-ին և 27-ին կայացան համապատասխանաբար «Պատմություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․թ․ Ավետիս Հմայակի Հարությունյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 7 շրջանավարտ. 2-ը ստացավ «լավ», 5-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ցանկալի կլիներ, որ ավարտական աշխատանքների թեմաների ընտրության ժամանակ հաշվի առնվեին պատմական ժամանակահատվածների համամասնական բաժանումները: Արդյունավետության տեսանկյունից նախընտրելի է թեմաներ ընտրել ոչ միայն միջնադարից, այլև հնագույն, հին, նոր, նորագույն ժամանակներից:

«Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գլխավոր դենդրոլոգ, կ.գ.թ., դոցենտ Արծվի Արտաշեսի Գրիգորյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 20 շրջանավարտ. 2-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ», 13-ը՝ «բավարար»:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ ավարտական աշխատանքների թեմաները լինեն ոչ թե ընդհանրական, այլ առնչվեն կոնկրետ տարածաշրջանին կամ ոլորտին, լինեն ավելի առարկայական, ուսանողների համար համեմատաբար դյուրին և երկրի համար արդյունավետ:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Արևշատ Գուրգենի Պողոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 18 շրջանավարտ. 13-ը ստացավ «լավ», 5-ը՝ «բավարար»: Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն անհրաժեշտ է համարել մասնագիտական կիրառական թեմաների ապահովումը:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից բակալավրի որակավորում ստանալու առթիվ սիրով շնորհավորում ենք ամփոփիչ ատեստավորում անցած մեր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով անձնական և մասնագիտական մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: