Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Որքանո՞վ են գոհ մեր դասախոսները 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի առցանց ուսուցումից

PDCA - որակի լոգո

 ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում՝ «Որակի ապահովման գործընթացներ» բաժնում, տեղադրվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման  բաժնի կողմից անցկացված` 2019-2020 ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացված առցանց դասընթացներից ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի բավարարվածության հարցման արդյունքները և ուսանողների պատասխանների հետ դրանց համեմատական վերլուծությունը:  

Հարցումը նպատակ ուներ պարզելու, թե 3-ամսյա առցանց կրթության ընթացքում ինչքանով է դասախոսներին հաջողվել իրականացնելու իրենց առջև դրված խնդիրներն ու նպատակները, ուսանողներին ներգրավել առցանց ուսուցման գործընթացում, ինչ չափով է արդյունավետ եղել առցանց ուսուցումը և ինչպիսի կազմակերպական, տեխնիկական ու անձնային խնդիրներ են ծագել այդ ժամանակահատվածում:

Մասնաճյուղի 10 ամբիոնների ծանուցված 148 դասախոսներից հարցմանը մասնակցել է 93 դասախոս (63%-ը):

Առցանց կրթությունից բավարարվածության` ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքները Որակի ապահովման բաժինը արդեն վերլուծել և ներկայացրել էր մասնաճյուղի ներքին և արտաքին շահակիցներին. դրանք տեղադրված են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում (http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2015/12/Hashv_arcanc_us_2020.pdf, http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2015/10/Ardjunqner_arcanc_us_2020.pdf):

Նշենք, որ դասախոսական և ուսանողական հարցումները կատարվել են նույն հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի պարզելու դրանց վերաբերյալ դասախոսների և ուսանողների դիրքորոշումը և կատարելու համեմատական վերլուծություն: Այլ խոսքով՝ դասախոսների կարծիքներն ու առաջարկները ևս ձևավորվել են հետևյալ հիմնահարցերի շուրջ՝ «Ուսանողների ներգրավվածությունը առցանց դասընթացներին և կիրառվող տեղեկատվական հարթակները», «Անհրաժեշտ գիտելիքների և մասնագիտական կարողությունների ձեռքբերումը», «Ուսումնական նյութերի աղբյուրները և ռեսուրսները», «Ընթացիկ ծանրաբեռնվածությունը և գնահատումը», «Քննությունների անցկացման մեթոդները և ակադեմիական ազնվության պահպանումը»:

Վերլուծության մեջ նախ ներկայացվել են դասախոսների կարծիքները դիտարկվող հարցի վերաբերյալ, ընդ որում՝ ըստ առանձին ամբիոնների, որպեսզի յուրաքանչյուր ամբիոն կարողանա այդ արդյունքներից դուրս բերել իր խնդիրները, ապա ներկայացվել են ուսանողների ընդհանուր կարծիքները համեմատության մեջ:

Ամփոփելով հարցման արդյունքները՝ արձանագրվել է, որ մասնաճյուղում հաջողվել է արդյունավետ իրականացնել առցանց ուսուցում, ապահովել  գիտելիքի և մասնագիտական կարողությունների փոխանցում, ուսանողի ձեռքբերումների գնահատում և այլն:

Հարցմանը մասնակցած բոլոր դասախոսները (100%-ը) փաստել են, որ բավարարված են մասնաճյուղում առցանց ուսուցման կազմակերպումից։ Ուսանողների գերակշիռ մասը՝ 84,4%-ը, նույնպես բավարարված էր մասնաճյուղում առցանց ուսուցման կազմակերպումից։ Ընդ որում՝ դասախոսների 86%-ը նշել է, որ բավարարված է հիմնականում կամ ամբողջությամբ այն դեպքում, երբ ուսանողների միայն 42%-ն է այդ կարծիքին, և նրանց մյուս 42%-ը բավարարված է մասամբ:

Դասախոսները որպես առցանց ուսուցման դրական կողմեր նշել են միասնական հարթակի առկայությունը և հետևողականությունը, պատշաճ կազմակերպվածությունը, օպերատիվությունը, աջակցությունը, ուսանողների ճանապարհատրանսպորտային խնդիրների բացակայությունը, որը նրանց հնարավորություն է տալիս ավելի շատ ներգրավվել դասերին և այլն:

Որպես բացասական կողմ դասախոսներն առանձնացրել են տեղեկատվական համակարգերից օգտվելու ցուցումների թերի լինելը, ZOOM-հղումների համընկնումը, չափից շատ հետևողականությունը, մի քանի անձանց կողմից վերահսկողությունը, hղումների հաճախակի փոփոխությունները, ակադեմիական միջավայրի բացակայությունը, շուրջօրյա ծանրաբեռնվածությունը, թույլ կապը, տեղեկատվական տեխնոլոգիաներին անբավարար տիրապետումը և այլն: Դասախոսների կողմից նշված առցանց ուսուցման ամենաբացասական կողմն, իհարկե, մարդկային շփումի բացակայությունն է:

Նշենք, որ դասախոսների 26,5%-ն առցանց ուսուցման կազմակերպման գործընթացում թերություններ չի արձանագրում: Այդուհանդերձ, օրինակ, ուսանողների մի մասի կողմից առցանց ուսուցումից չբավարարված կամ ոչ լիարժեք բավարարված լինելու հանգամանքը խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է նախ և առաջ վերհանել առցանց կրթությունից ուսանողների բավարարված չլինելու հստակ պատճառները: