Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկայի ընթացքի մասին

1. գլխավոր   2023թ. մարտի 27-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի  գլխավորությամբ այցելեցին Իջևան խոշորացված համայնքի Գետահովիտ և Ենոքավան գյուղերը:

Նպատակը Սառնաջուր գետի հովտի և Ենոքավան գյուղի՝ որպես տարածաշրջանի կարևոր զբոսաշրջային դեստինացիայի (ուղևորության նպատակակետ) ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրումը և գնահատումն էր:

Ուղևորությունն իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան-Գետահովիտ ռեզորթ-    Գետահովտի մամռապատ ժայռ-Գետահովիտ-1 և Գետահովիտ-2 քարանձավներ-Ապագա տուր-Լաստիվեր ռեզորթ-Իջևան:

Ուսանողները նախապես ծանոթացել էին նշված տարածքների զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ցանկին:

Այցելության համար առանձնացվել էին առավել կարևոր զբոսաշրջային օբյեկտները, և ուսանողներին հանձնարարվել էր դրանց վերաբերյալ մանրամասն տեղեկատվության նախապատրաստում՝ տեղում տվյալ օբյեկտը մասնագիտորեն ուսումնասիրելու, ներկայացնելու, զբոսաշրջային փաթեթներում դրանց ընդգրկվածությունը  գնահատելու նպատակով:

Ուղևորության ընթացքում ուսանողները ներկայացրին երթուղու ուղղությամբ գտնվող բնաաշխարհագրական օբյեկտները, զբոսաշրջային ռեսուրսներն ու ենթակառուցվածքները:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում կատարված ուղևորությունը բավականին տպավորիչ էր և ուսանելի. այն նպաստեց ուսանողների տեսական գիտելիքները գործնականորեն դրսևորելուն և ամրապնդելուն: