Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր

2022թ. հունվարի 27-ին Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ՝ առցանց միանալու հնարավորությամբ: Նիստին մասնակցում էր Գիտական խորհրդի անդամ, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին 4 օրակարգային և 1 ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի 2021թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի
(
բյուջե) հունվարդեկտեմբեր կատարողականի մասին զեկուցման մեջ գլխավոր հաշվապահ ՄՄխիթարյանը մանրամասն՝ ըստ հոդվածների, ներկայացրեց 2021թ. կտրվածքով ԵՊՀ ԻՄ-ի դրամական միջոցների մուտքերը (եկամուտներ) և ելքերը (ծախսեր): Նա նշեց, որ, ունենալով դրամական մուտքերի որոշակի աճ, համենայն դեպս բոլոր հոդվածներով մասնաճյուղը աշխատել է խնայողություններով։

Երկրորդ հարցի՝ Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2020-2021 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ ԱԴավթյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ում կրթության որակի բարելավմանն ուղղված գործընթացներից են Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցումները։ Առաջին կիսամյակի հարցումներն իրականացվել են փետրվարի 5-20-ը՝ առկա ուսուցմամբ սովորողների և մարտի 10-25-ը՝ հեռակա ուսուցմամբ սովորողների համար, իսկ երկրորդ կիսամյակի հարցումները՝ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար։ Թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերում հարցումներն իրականացվել են առցանց եղանակով: Հաշվետու ուստարվա հարցումներին մասնակցել է մասնաճյուղի առկա ուսուցման ուսանողների 34․65%-ը, հեռակա ուսուցման՝ 28%-ը։ Ուսանողների մասնակցության ցածր ցուցանիշը պայմանավորված է ուսանողական էլեկտրոնային փոստերի քիչ գործածմամբ:

Հարցման արդյունքների ամփոփմամբ և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման ձևերում ամենաբարձր ցուցանիշներն ունեն Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանատը և ֆակուլտետն ամբողջությամբ, իսկ ամենացածրը՝ Բնական գիտությունների ֆակուլտետը և նրա դեկանատը:

Իրականացված հարցումների արդյունքներով դասախոսական կազմի՝ 2020-2021 ուստարվա տարեկան միջին գնահատականը կազմել է 4․71: Անհատական ցուցանիշները, ըստ կարգի, տրամադրվել են ֆակուլտետների դեկաններին՝ քննարկելու և վերլուծելու:

Առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողների կողմից կատարված հիմնական առաջարկները հետևյալն են․

  • դասերն իրականացնել առկա,
  • հաշվի առնել ուսանողների կողմից գնահատված հարցման արդյունքները,
  • ավելացնել գործնական պարապմունքների ժամաքանակը։

Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների մասնագիտական հմտությունների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2020-2021 թթ. հարցման արդյունքների վերաբերյալ զեկուցեց Արտաքին կապերի բաժնի մասնագետ ԷՂարայանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի կարևոր խնդիրներից է աշխատաշուկայի պահանջներին բավարարող, բարձր որակավորում ունեցող շրջանավարտներ պատրաստելը։ Իր կրթական գործունեության ընթացքում մասնաճյուղը մշտապես կարևորել է արտաքին շահակիցների կարծիքները և առաջարկները՝ դրանք հավաքագրելով ամենամյա իրականացվող հարցումների միջոցով։ 2011 թ․-ից իրականացվող այդ հարցումները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճ արձագանքել գործատուների պահանջներին։ Վերջին 4 տարիներին հարցումն իրականացվում է առցանց, անանուն, հարցմանը մասնակցում են մարզի գործատու կազմակերպությունների՝ հիմնականում բանկերի, դպրոցների, հյուրատների, հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները։ 2021 թ․-ին իրականացված հերթական ուսումնասիրության համար էլեկտրոնային հարցաթերթ ուղարկվել է 157 գործատուի, արձագանքել է 70-ը (45%-ը)։

Ուսումնասիրության նպատակն էր պարզել արտաքին շահակիցների կարծիքը մասնաճյուղի շրջանավարտների մասնագիտական և անձնային որակների վերաբերյալ։ 5 բալանի սանդղակով գործատուները գնահատել են մասնաճյուղի շրջանավարտների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կազմակերպչական, ստեղծագործական ու հաղորդակցական կարողությունները, անձնային-բարոյական որակները, ինքնակատարելագործման դրսևորումը, թիմային աշխատանք կատարելու ունակությունները և այլն:

Հետազոտության արդյունքներն ընդհանուր առմամբ գոհացնող են, ինչը փաստում է, որ մասնաճյուղը շարունակում է կատարել իր առջև դրված գլխավոր ռազմավարական խնդիրներից մեկը, այն է՝ աշխատաշուկային տալ մրցունակ մասնագետներ։

Գիտխորհրդի անդամները նշեցին, որ հարցման արդյունքում վերհանված խնդիրների շուրջ լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա։ Հարցումներն առավել արդյունավետ իրականացնելու և դրանց արդյունքները նպատակային կիրառելու ուղղությամբ առաջարկներ եղան հարցաշարը հստակեցնելու և կրճատելու, շահակիցների կողմից նկատված խնդիրներին կոնկրետ լուծումներ տալու համար ուսումնասիրության արդյունքները դասակարգելու ըստ առանձին մասնագիտությունների:

Օրակարգի 1-ին, 2-րդ և 3-րդ հարցերի վերաբերյալ զեկուցումները որոշվեց ընդունել ի գիտություն:

Չորրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգի հաստատման վերաբերյալ զեկուցեց Որակի կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ ներկայացված կարգի նախագիծը մշակվել է տնօրենի հանձնարարությամբ՝ ԿԲԴՎ բաժնի կողմից: Կրթական ծրագրերի ղեկավարների գործունեությունը կանոկակարգելու նպատակով բաժինը մշակել է կարգ և ծրագրերի ղեկավարների աշխատանքային պլանի օրինակելի ձև: Կարգի նախագիծը և աշխատանքային պլանը արժանանացել են տնօրենության և Որակի կառավարման մշտական հանձնաժողովի հավանությանը:

Կարգում ներկայացված են կրթական ծրագրերի ղեկավարներին  ներկայացվող պահանջները, նրանց պարտականություններն ու իրավունքները, կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքների մշտադիրտարկումն ու հաշվետվողականությունը:

Քվեարկության արդյունքներով որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգը:

Ընթացիկ հարցի՝ ԵՊՀ ԻՄի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիսիտենտ, ֆմգթ ԱՄարգարյանին ԵՊՀ-ի գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական քարտուղար Մ.Աթոյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Ալեքսան Շամիլի Մարգարյանի գիտամանկավարժական գործունեության տվյալները լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության՝ 2001թ. հուլիսի 9-ի  «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին» N 615 որոշման 2-րդ՝ «Դոցենտի գիտական կոչում շնորհելը» բաժնի բ. ենթակետի, ինչպես նաև այդ հարցում նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին:

Ըստ նիստում անցկացված փակ, գաղտնի  քվեարկության դրական արդյունքների՝ որոշվեց.

  1. Երաշխավորել ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Ալեքսան Շամիլի Մարգարյանին դոցենտի գիտական կոչում ստանալու համար:
  2. Միջնորդել ԵՊՀ-ի գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ: