Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր նոր՝ 2024 թվական

ԵՊՀ ԻՄ Նոր տարի, Ամանոր, Կաղանդ, Տարեգլուխ, Նավասարդ, Ավետիս… այս անուններով է հիշատակվում հրաշքի սպասումն իր մեջ կրող այն տոնը, որն աներևույթ մի թևով պիտի ավելացնի աշխարհի բարին, տա ապաքինում հոգով ցավածին, հիասթափվածին՝ նոր մի հիացում, սիրասթափվածին՝ մի նոր միացում, ձեռքից հավատը փախուստ տվածին՝ նոր հավատի կապակուռ թևեր… բացի փակ դռները աշխարհի, մանկան ճիչով լցնի դատարկ, համր տները…

Առաջին անգամ տարվա գաղափարը ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում, սակայն տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը և ըստ այդմ՝ Նոր տարին:

Հայերը Նոր տարին սկսել են տոնել այն ժամանակվանից, երբ, ինչպես առասպելն է վկայում, Հայկ Նահապետը հաղթել է Բելին: Նավասարդը համարվում էր տարվա առաջին օրը և նշվում օգոստոսին: Հետագայում հեթանոս հայերը Նոր տարին սկսեցին նշել նոյեմբերին և միայն 18-րդ դարում` հունվարի մեկից:

Ըստ հայկական առասպելաբանության՝ Ամանորն Ամատուրի` բնության, բերք ու բարիքի աստծո կինն էր, Կենաց ծառը, պտղաբերության խորհըրդանիշը:
Տարեմուտի արարողությունները տևում էին 12 օր և սերտորեն կապված էին եկեղեցական ծիսակարգերի հետ:

Հունվարի 1-ը Կաղանդն էր, ծիսակարգի բաղկացուցիչ օրերն են նաև Խթումը, Նավակատիկը, Ճրագալույցը, Ծնունդը, Մկրտությունը, Տնօրհնեքը: Այդ 12 օրերի ընթացքում երկինքն ու երկիրը կարծես կապվում էին միմյանց: Այդ պատճառով ժողովուրդը հատուկ ծիսակատարություններ է արել` կապված տիեզերական ծառի հետ: Տիեզերական ծառն ուղղահայաց գիծ է` երկրից երկինք, որն արտահայտվում էր գերանի տեսքով: Այն ուղղահայաց դիրքով դնում էին խարույկի մեջ, և յուրաքանչյուր մարդ, տուն մտնելով, մի ճյուղ էր ավելացնում գերանի կողքին` այդպիսով վառ պահելով կրակը մինչև հունվարի 6-ը՝ Քրիստոսի Ծնունդը:

Տարեմուտի գիշերը նաև գնում էին աղբյուրի ակունքը ու շշնջում երազանք: Քանի որ պասից շրջան էր, և ժողովուրդը պատրաստվում էր Սուրբ Ծննդի տոնին, Ամանորի առաջին օրերին մատուցվում էին առանց մսի պատրաստված կերակուրներ. տոնական սեղանի անբաժան մասն էին պասուց տոլման, կլոր գաթան, (որը խորհրդանշում է արևը), քառանկյուն փախլավան (որը խորհրդանշում է աշխարհի չորս կողմը կամ խաչը):

Այս Նոր տարին՝ 2024 թվականը, ըստ արևելյան օրացույցի, Կանաչ փայտե վիշապի տարի է: Վիշապը մարմնավորում է իմաստությունը, հոգևոր զարգացումը, բարգավաճումը և հաջողությունը: Կանաչ գույնը խորհրդանշում է բնությունը, աճը, թարմությունը և ներդաշնակությունը: Տարվա մյուս նախընտրելի գույներից են ոսկեգույնը և արծաթագույնը:

 

Սիրելի՛ համալսարանականներ, տավուշցիներ, հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ, մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում, ուժ և եռանդ, ամենայն բարիք բոլորիս․․․