Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի հետազոտական “Green Ground” («Կանաչ հող») խումբը դրամաշնորհային մրցույթում անցել է եզրափակիչ փուլ

1. գլխավորՇուրջ մեկ տարի է, ինչ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում ձևավորվել և գործում է հետազոտական Green Ground” («Կանաչ հող») խումբը: Մասնակցելով ԵՄ կողմից ներկայացված գյուղատնտեսական աշխատանքների աջակցության Ավստրիական գործակալության հայտարարած ստարտափի դրամաշնորհին՝ խումբը հասել է եզրափակիչ փուլ, որը կկայանա 2022թ. փետրվարի 19-ին «Սիներջի» ընկերությունում: Եզրափակիչ են անցել ևս 7 թիմեր, իսկ հաղթողներ են ճանաչվելու 3 թիմեր:

“Green Ground” թիմի աշխատանքների հիմքում դրվեցին Բնական գիտությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետազոտական աշխատանքները, որոնք նվիրված էին բազմաֆունկցիոնալ թվաէլեկտրոնային կառավարմամբ չափիչ սարքերի ծրագրավորմանը: Դրա հիման վրա էլ կառուցվեցին հետագա մտահղացումները: Աշխատանքները կատարվել են ֆակուլտետում դեռ մեկ տարի առաջ հիմնված Բնագիտության և համակարգչային տեխնիկայի լաբորատորիայում:

Մրցույթին ներկայացվող աշխատանքը նվիրված է գյուղատնտեսական մշակաբույսերի աճի ընթացքում միկրոտարրերի յուրացման պրոցեսի չափմանն ու հսկողությանը: Դա անհրաժեշտ է աճեցվող բերքում քիմիկատների քանակության և աճեցման միջավայրում առկա քիմիական համար: Նման պարամետրի հսկողությունը բխում է ներկայիս գյուղատնտեսական արտադրանքին ներկայացվող որակական պահանջներից: Որոշակի ուսումնասիրություններից թթվայնության/հիմնայնության (pH-պարամետրի), էլեկտրահաղորդականության (EC պարամետրի) և միներալերի (TDS պարամետրի) քանակության չափման, ագրոքիմիական որոշումներ կայացնելու և սպասվող բերքի էկոլոգիական մաքրությունը գնահատելու հետո մշակվեց սարքի կառուցվածքը, և խնդիր դրվեց մշակել սկզբունքորեն նոր տիպի չափիչ-սենսոր, որի ցուցմունքները մշակվում են անմիջապես տեղում և հատուկ ծրագրավորմամբ: Նման «խելացի» սենսորի կիրառությունը թույլ կտա չափել մի շարք այլ կարևոր պարամետրեր ևս՝ այդպիսով սենսորին դարձնելով ունիվերսալ: Այս աշխատանքները կարիք ունեն լրացուցիչ հետազոտման:

Առհասարակ դրամաշնորհի շուկայական և ոլորտային ուսումնասիրությունները, ոլորտային մասնագիտական քննարկումները դուրս հանեցին մի շարք արդիական հետազոտություն պահանջող խնդիրներ, որոնցով խումբը պլանավորում է զբաղվել այս ստարտափից հետո: Միևնույն ժամանակ ունենալով արդեն առաջին տեսանելի արդյունքները՝ խումբը պատրաստվում է ներգրավել նոր անդամներ ու ձևավորել նոր խմբեր՝ փոխանցելով արդեն ձեռք բերված փորձը և ստեղծելով հետազոտական աշխատանքների համագործացության հարթակ: Բացի այդ, գյուղատնտեսական ոլորտի խնդիրները ըստ երևույթին դառնում են Բնական գիտությունների ֆակուլտետի հետազոտական գրավիչ ոլորտներից մեկը, որը պահանջում է մի շարք բնագավառների սերտ համագործակցություն:

Ստացված արդյունքները հետաքրքրել են ՀՀ-ում գործող ագրոտեխնոլոգիաներով զբաղվող մի շարք ընկերություններին և գյուղատնտեսներին, և ձեռք են բերվել բանավոր նախնական պայմանավորվածություններ սարքը փորձարկելու, ներդնելու և կիրառելու վերաբերյալ: Կարելի է ասել, որ խումբը հասել է արդեն դրված ամենակարևոր նպատակներից մեկին՝ առաջացրել է հետարքքրություն գործարարների մոտ, մասնավորապես՝ սկսել են տեղային հետազոտական աշխատանքները Իջևանում գործող ելակի հիդրոպոնիկ եղանակով աճեցման ջերմատներում: Նմանատիպ հետաքրքրություն կա Արմավիրի և Կոտայքի մարզերում գործող մի քանի ջերմատնային տնտեսություններում: Արդեն ավարտական տեսքին են մոտենում կիրառական փորձարկումներին պատրաստվող  մշակվող սարքի առաջին փորձանմուշի գործիքային ճշգրտման (կալիբրովկա) աշխատանքները:

Ստարտափում խումբը տրամադրված է հաղթելու, թեև թիմի անդամները համարում են, որ արդեն ձեռք են բերել մի կարևոր հաղթանակ՝ վստահություն սեփական ուժերի և համալսարանում մատուցվող գիտելիքների նկատմամբ: Այն արտահայտվում է նոր նախագծերի, նոր մոտեցումների ու խնդիրների նոր ու յուրատիպ լուծումների փնտրման և լուծման ուղիների որոնման տեսքով:

Հունվարի 29-ին Բնական գիտությունների ֆակուլտետում ներայացվեց թիմի ստարտափի ելույթը, որին մասնակցելու էին հրավիրվել ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ: Մասնակցում էին նաև հետազոտական լաբորատորիայի ստեղծմանը ակտիվ մասնակցած և աջակցած ամերիկահայ բարերարներ Աննա Սիմոնյանը (ի դեպ, նա ԵՊՀ ԻՄ-ի նախկին աշխատակից է) և Հովհաննես Հակոբյանը: Ներկաների ակտիվ քննարկումները և վերջնական հաղթանակին հասնելու բարեմաղթանքները մեծացրին հաղթանակի կարևորությունը, և խումբը հաճելի պարտավորություն համարեց հաղթանակելու մղումը:

Հուսանք, որ թիմը հաղթանակած դուրս կգա այդ կարևոր և պատվաբեր մրցույթում՝ մեկնարկ տալով գիտահետազոտական նոր ծրագրերի իրագործման հետաքրքիր աշխատանքներին: