2015-16 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Սերվիս» մասնագիտության ուսանողները “GIZ” միջազգային կազմակերպության և «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ իրենց ուսումնական պրակտիկան այս անգամ իրականացրին Վայոց ձորի մարզում:
Եռօրյա պրակտիկան հրաշալի հնարավորություն էր համատեղել ամառային հանգիստը նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերման հետ։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանի և «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ, արշավներ կազմակերպեցին մարզի տարածքում, եղան կարևոր նշանակության պատմամշակութային վայրերում, հնարավորինս բացահայտեցին մարզի զբոսաշրջային ներուժը և փորձեցին զուգահեռներ անցկացնել Վայոց Ձորի և Տավուշի մարզերի զարգացման հեռանկարների միջև։
Արշավախմբի անդամները նաև ծավալեցին հետաքրքիր քննարկումներ իրենց հետագա անելիքների և ծրագրերի՝ մասնավորապես 2016թ. սեպտեմբերի 24-ին կայանալիք մարզային փառատոնի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
«Սերվիս» մասնագիտության ուսանողներն իրենց շնորհակալությունն են հայտնում “GIZ” և «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» (պաշտոնական կայք՝ www.visit-tavush.com և ֆեյսբուքյան էջ՝ “Visit Tavush”) կազմակերպություններին` իրենց աջակցություն ցուցաբերելու և ուսանելի ու հետաքրքիր ծրագրերում ընդգրկելու համար։