2017թ. նոյեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):
Ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Սեմինարը վարում էր ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:
Սեմինարավարը ներկայացրեց գիտական հետազոտության ընթացքը.
- Ընտրված թեմայի այժմեականության հիմնավորում,
- Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում,
- Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում,
- Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն,
- Հետազոտության գործընթացի նկարագրություն,
- Հետազոտության արդյունքների վերլուծություն,
- Ստացված արդյունքների գնահատում և հետևությունների ձևակերպում:
Այնուհետև տրվեցին որոշ հասկացությունների բացատրություններ, թվարկվեցին հետազոտության մեթոդներըը (դիտում, համեմատում, գիտափորձ, չափում, մոդելավորում, վերացարկում, ինդուկցիա, դեդուկցիա, վերլուծություն, համադրություն և այլն), գիտահետազոտական աշխատանքների տեսակները (ռեֆերատ, գիտական հոդված, կուրսային և ավարտական աշխատանքներ և այլն), դրանց կառուցվածքը (անվանաթերթ, բովանդակություն, ներածություն, հիմնական մաս, եզրակացություն, գրականության ցանկ, հավելվածներ):
Հանգամանորեն ներկայացվեց աղբյուրներից օգտվելու և հղումներ կատարելու կարգը և նշանակությունը.
- Գրագողությունից խուսափում,
- Ստուգելիության ապահովում,
- Հարգանքի դրսևորում այլոց աշխատանքների հանդեպ,
- Այլոց աշխատանքներով սեփական տեսակետի հիմնավորում,
- Ուսումնասիրվող թեմային քաջածանոթություն:
Բացատրվեցին նաև համացանցում արդյունավետ որոնման նրբությունները (Google փնտրման օպերատորներ) և գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը:
Սեմինարի վերջում ներկայացվեցին համապատասխան ձեռնարկները, որոնցում մանրամասն շարադրված են գիտական աշխատանք կատարելու սկզբունքները, մասնավորապես՝ ԵՊՀ ՈՒԳԸ «Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ցուցումները և Վազգեն Գաբրիելյանի «Գրավոր խոսք» ուսումնական ձեռնարկը:
«Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը բավականին հետաքրքիր էր և ուսանելի: