Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ

«Այս անդամակցությունը նշանակում է, որ ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող հավատարմագրումները համապատասխանում են  եվրոպական չափանիշներին,  նույնական են եվրոպական գործընթացների հետ և  ճանաչելի են  Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի կողմից»,- ասաց ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ կառույցը դեռ 2009-ից ENQA-ի նախնական անդամ էր. «Իրենք հետևում էին մեր գործունեությանը, սակայն  մեր արդյունքները Ցանցում չէին երևում որպես ճանաչված»: Թոփչյանը նշեց, որ անցած տարիների ընթացքում ՈԱԱԿ-ը մեծածավալ աշխատանք է իրականացրել՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին ցույց տալու, որ աշխատում է նույն չափանիշներով ու սկզբունքներով, ինչ եվրոպական գործակալությունները:

Անդրադառնալով հարցին, թե ENQA անդամակցությունն ինչպես իրենց վրա կզգան արտերկրում սովորելու ցանկություն ունեցող ուսանողները, Թոփչյանն ասաց. «Երբ որևէ բուհ փորձում է պայմանագիր կնքել  եվրոպական բուհի հետ  ուսանողների փոխանակման համար, Եվրոպայում նախ և առաջ դիտարկում են՝ հավատարմագրվա՞ծ է արդյոք այդ բուհը և ո՞ւմ կողմից է հավատարմագրված: Այժմ ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված լինելը համարժեք է եվրոպական հավատարմագրմանը: Այս պարագայում պայմանագրի կնքման և արդյունքների ճանաչման հնարավորությունները մեծանում են»:

«ՈԱԱԿ-ի կողմից հավատարմագրված բուհը  նաև մեր միջոցով դառնում է եվրոպական բուհական ընտանիքի անդամ, ինչն էականորեն բարձրացնում է նրանց վարկանիշը որպես կրթություն մատուցող կառույց»,- ասաց Ավետիքյանը:

Պարոն Ավետիքյանը և պարոն Թոփչյանը կարևորեցին Հայաստանում ինստիտուցիոնալ հավատարմագրումների առաջին շրջափուլի հաջողությամբ իրականացումը. ներկա դրությամբ երկրում գործող բոլոր պետական բուհերը կամ արդեն հավատարմագրվել են, կամ հավատարմագրման գործընթացում են: Մասնավոր բուհերից դեռևս հավատարմագրվել են երեքը:

Նրանք կարևորեցին, որ հավատարմագրման արդյունքում ուսանողը գիտի՝ իր բուհը ոչ միայն համապատասխանում է որակի որոշակի չափանիշների, այլ նաև կամավոր պարտավորություն է ստանձնել շարունակաբար բարելավել իր կողմից մատուցվող կրթական ծառայությունների որակը:

Խոսելով հավատարմագրումների և ՈԱԱԿ գործողությունների՝ բուհական համակարգի վրա ազդեցության մասին՝ պարոն Թոփչյանը նշեց, որ ներկայում բոլոր հավատարմագրված բուհերում բարեփոխումներ են իրականացվում. վերանայվում են կրթական  ծրագրերի վերջնարդյուքնները, փորձում են փոխել դասավանդման մեթոդները:

Նա նշեց, որ բուհերը  մեծ ուշադրություն են դարձնում  միջազգայնացմանը և կրեդիտների ճանաչմանը երկրի ներսում և արտերկրում: «Հաճախ մեր կարգերը, օրենքները խանգարում են ուսանողների շարժունությանը երկրի ներսում: Հավատարմագրման միջոցով բուհերը կարող են ճանաչել ու վստահել միմյանց»,- ասաց Ռ. Թոփչյանը:

«Նպատակն է հասնել  նրան, որ բուհերը միմյանց հետ համագործակցելով կարողանան ապահովել ուսանողների շարժունությունը: Այսինքն՝  ուսանողն  ուսումնառության տարիների ընթացքում կարողանա իր նախընտրած առարկաներն ուսումնասիրի ցանկացած  այլ բուհում, որը գուցե այդ ուղղությամբ է մասնագիտացած, կամ որտեղ ավելի հեղինակավոր դասախոս է դասավանդում տվյալ առարկան, և ստացած կրեդիտներն իր բուհ բերի: Հավատարմագրումը նպաստելու է, որ հասնենք այս նպատակի իրագործմանը»,– ասաց Վ. Ավետիքյանը:

Ավետիքյանը շեշտեց, որ ՈԱԱԿ նպատակն է օգնել բուհերին մշտապես բարելավվել. «Հավատարմագրումը կամ որակի ապահովումը մեկանգամյա գործընթաց չէ, սա մշտական պրոցես է: Աշխարհի լավագույն բուհերում էլ մշտապես ընթանում է բարելավման գործընթաց»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե հավատարմագրումն ինչպես է նպաստելու  շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելուն: Պարոն Թոփչյանը նշեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ դիտարկվում է բուհի համագործակցությունը գործատուների հետ: Ուսումնասիրությունների արդյուքնում նաև դուրս են բերվել ոլորտի առաջնահերթ խնդիրները, որոնց մեծ ուշադրություն կհատկացվի արդեն ծրագրային հավատարմագրման ժամանակ:

«Ուսանողներն, օրինակ, կարևորում են, որ դասախոսների մի մասը երիտասարդներ լինեն՝ համարելով, որ նրանք առավել պրակտիկ գիտելիքներ են տալիս: Այսօր շրջանավարտը  հաճախ դժվարանում է բուհում ստացած տեսական գիտելիքն աշխատավայրում կիրառել: Դրա համար այդ գիտելիքը դեռ բուհում պետք է պրակտիկի վերածվի»,- ասաց պարոն Թոփչյանը: Նա նաև նշեց, որ ներկայում գործող կարգերը խոչընդոտ են այս առումով: 

«Պահանջվում է, որ բուհի  դասախոսների 50 տոկոսը լինի մշտական աշխատող: Բայց եթե նայենք  գործատուների կողմից ճանաչված և հաջողության հասած բուհերին, այնտեղ այդ չափանիշը պահպանված չէ: Այսինքն գործատուն է, որ պետք է գա ու պրակտիկ կրթություն մատուցի՝ չլինելով բուհի մշտական աշխատակից:  Հետևաբար նորմատիվները պետք է փոխվեն»,– ասաց պարոն Թոփչյանը:

«Մեր աշխատանքը նաև միտված է դրան, որպեսզի խրախուսենք գործատու-բուհ կապը: Դրանով է պայմանավորված լինելու, թե մեր ուսանողն ավարտելիս որքանով պատրաստ կլինի աշխատաշուկայում աշխատելուն:  Դրանով է նաև պայմանավորված, որ մեր հոգաբարձուների խորհրդում կան գործատուների տարբեր միությունների անդամներ, որոնք իրենց մտահոգություններն են բարձրաձայնում  և փորձում ենք դրանց անդրադառնալ»,- ասաց պարոն Ավետիքյանը:

Աղբյուրը՝ http://www.anqa.am