Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հունիսի 5-ի տնօրենության նիստում

Հունիսի 5-ի տնօրենության նիստում 2014թ. հունիսի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ: Տնօրենության նիստում քննարկվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսների ծանրաբեռնվածության մասին հարցը: Նշվեց, որ Երևանից հրավիրվող դասախոսները մայիս ամսին ավարտել են իրենց աշխատանքները, որոշ դասախոսներ էլ հունիս ամսում ունեն միայն մեկ քննական պրոցես: Անհրաժեշտ է մտածել հունիս ամսում նրանց ծանրաբեռնվածության մասին: Երևանից հրավիրվող դասախոսները հունիս ամսում պետք է պատրաստեն առարկայական ծրագրերի փաթեթները: Որոշվեց հանձնարարել ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին մինչև հուլիսի 1-ը ֆակուլտետների խորհուրդների, ամբիոնների նիստերում քննարկել դասախոսների` 2014-2015 ուսումնական տարվա անհատական ծանրաբեռնվածությունները և մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը ներկայացնել դասընթացների փաթեթները` ըստ ծանրաբեռնվածության:

Մայիսի 19-ի տնօրենության նիստում

Մայիսի 19-ի տնօրենության նիստում

2014թ. մայիսի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Նիստին ներկա էին տնօրենության անդամները, հրավիրված էին Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի ավագ տեսուչ Գ.Գյոզալյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ Վ.Աղաբաբյանը, մասնաճյուղի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահները, կուրսերի ավագները:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Ելնելով մասնաճյուղում 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանը օբյեկտիվ և թափանցիկ անցկացնելու կարևորությունից, հաշվի առնելով ուսանողների կողմից արված առաջարկները, ղեկավարվելով մասնաճյուղի կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների պահանջներով` որոշվեց.

1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննությունների ընթացքում տնօրենության կողմից ըստ ֆակուլտետների պատասխանատուներ նշանակել հետևյալ աշխատակիցներին` Ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի ավագ տեսուչ Գ.Գյոզալյանին, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանին (Հումանիտար գիտություննների ֆակուլտետ), ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ Վ.Աղաբաբյանին (Տնտեսագիտության ֆակուլտետ), Գիտական խորհրդի քարտուղար Մ.Աթոյանին (Բնական գիտություննների ֆակուլտետ), ՄԿՈԱ բաժնի վարիչ Ա.Մարգարյանին (Կիրառական արվեստի ֆակուլտետ):

2. Հանձնարարել կուրսերի ավագներին պարտադիր կարգով մասնակցելու քննությունների անցկացմանը, անհրաժեշտության դեպքում քննություններին թույլատրել մասնակցելու նաև ՈՒԳԸ և ՈՒԽ նախագահներին, արտաքին շահակիցներին, քննությունների արդյունքները պարտադիր ամփոփել լսարաններում:

3. Քննաշրջանի կազմակերպման և անցկացման պատասխանատու նշանակել Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանին:

Ապրիլի 29-ի տնօրենության նիստում

Ապրիլի 29-ի տնօրենության նիստում

2014թ. ապրիլի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին ներկա էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները, ամբիոնների վարիչներ և նրանց տեղակալներ:

Տնօրենության նիստում քննարկվեցին դասընթացների ծրագրերը բարելավելու և աշխատանքային փաթեթներին անցում կատարելու, մասնաճյուղում ուսանողների հաճախումների վիճակի, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր:

Ելնելով մասնաճյուղի Ռազմավարական ծրագրի Բարձրորակ կրթություն բաժնի 1/դ խնդրի պահանջներից և ներբուհական որակի ապահովման նկատմամբ պատասխանատվությունից` դասընթացների ծրագրերը բարելավելու և աշխատանքային փաթեթներին անցում կատարելու մասին հարցի կապակցությամբ որոշվեց.

1. 2014-2015 ուսումնական տարվա սկզբից մասնաճյուղի բոլոր ամբիոններում գործածության մեջ դնել դասընթացների աշխատանքային փաթեթներ (պորտֆոլիոներ):

2. Ֆակուլտետների դեկաններին, մասնագիտական ամբիոնների վարիչներին հանձնարարել ապահովելու պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից դասընթացների փաթեթների պատրաստումը հետևյալ նախնական բովանդակությամբ.

ա) դասընթացի ծրագրերը (թեմատիկ, օրացուցային),

բ) դասախոսությունները (էլեկտրոնային կամ տպագիր տարբերակ),

գ) ուսումնաօժանդակ նյութերը կամ դրանց ցանկը,

դ) դասընթացի գնահատման համակարգը,

ե) քննական տոմսերի ձևերը, թեստերի նմուշները,

զ) հարցաշարերը (ընթացիկ ստուգումների և քննությունների, եզրափակիչ ու առանց եզրափակիչ գնահատման, հանրագումարային քննությունների),

է) ամբիոնի վարիչի և գործընկեր-դասախոսների արձագանքը ծրագրի վերաբերյալ,

թ) ուսանողների շրջանում դասընթացի վերաբերյալ դասախոսի կողմից անցկացվող հարցումների հարցաշարերը և արդյունքները,

ժ) դասախոսի աշխատանքի ինքնավերլուծությունը,

ի) դասալսումների արդյունքները:

3. Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնին (ՄԿՈԱ) հանձնարարել մինչև հուլիսի 1-ը պատրաստել դասընթացների փաթեթներին ներկայացվող հիմնական պահանջները և փաթեթների ձևավորման ուղեցույցը:

4. Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանին հանձնարարել վերահսկողություն սահմանելու որոշման իրականացման վրա:

Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցի հետ կապված` ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ Վ.Աղաբաբյանին հանձնարարվեց կատարել նախապատրաստական աշխատանքներ մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը արժանավայել դիմավորելու համար կազմակերպվելիք հանդիսությունները պատշաճ ձևով կազմակերպելու ուղղությամբ:

 

Մարտի 31-ի տնօրենության նիստում

2014թ. մարտի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Նիստում քննարկվեցին մասնաճյուղում ուսանողների հաճախումների վիճակի, առկա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների, ամփոփիչ ատեստավորման քննությունների և ավարտական աշխատանքների պաշտպանության մասին մի շարք հարցեր:

2013-2014 ուստարվա երկրորդ կիսամյակում ուսանողների հաճախումների վիճակը գնահատվեց բավարար, հանձնարարվեց ֆակուլտետների դեկաններին ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, բարձրացնել ուսանողների կարգապահությունը:

Առկա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքներն ամփոփելով` նշվեց, որ այս կիսամյակի 137 (89/48) ընթացիկ քննություններն ու ստուգումներն անց են կացվել ըստ ժամանակացույցի, նորմալ  և կազմակերպված: Որոշվեց, որ մինչև ապրիլի 10-ը ընթացիկ քննությունների և ստուգումների վերաբերյալ առաջարկությունները ֆակուլտետները ներկայացնեն Ուսումնամեթոդական վարչություն:

Մյուս հարցի կապակցությամբ որոշվեց մինչև ապրիլի 20-ը մասնաճյուղում անցկացնել ավարտական աշխատանքների նախապաշտպանություն:

Փետրվարի 27-ի տնօրենության նիստում

  2014թ. փետրվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները` ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ամբիոնների աշխատանքների համակարգման և միջազգային կապերի գծով տնօրենի  խորհրդական Գ.Անանյանը, տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, ֆակուլտետների դեկաններ Վ.Ալեքսանյանը, Ն.Խուդավերդյանը, Ա.Ցուցուլյանը, Կ.Այվազյանը, հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը, ՄԿՈԱ բաժնի վարիչ, մասնաճյուղի արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանը,  անձնակազմի կառավարման բաժնի վարիչ, իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, գիտական խորհրդի քարտուղար Մ.Աթոյանը, ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ.Չոբանյանը, ուսումնամեթոդական վարչության ՈՒԳՊՎ բաժնի ավագ դիսպետչեր, տնօրենության նիստերի քարտուղար Յու.Բեկնազարյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը, հրավիրված էին ամբիոնների վարիչներ Մ.Զաքարյանը, Ա.Ալավերդյանը, Ա.Միրզոյանը, Ռ.Բուղդարյանը, Վ.Պողոսյանը, ֆակուլտետների և ամբիոնների գործավարներ, դասախոսներ:

Քննարկվեցին 2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանի  ամփոփման, ԵՊՀ  Իջևանի  մասնաճյուղի  ուսումնաօժանդակ  աշխատողների կատարած աշխատանքների և նրանց գործառույթների  մասին մի շարք հարցեր:

2013-2014 ուսումնական տարվա առաջին կիսամյակի լուծարքային շրջանի արդյունքները գնահատվեցին բավարար: Լուծարքային շրջանն անցել է կազմակերպված: 21 ուսանողներ քննաշրջանը փակել են պարտքերով: Ըստ կանոնակարգի՝ նրանց կթույլատրվի ակադեմիական պարտքերը հանձնել մինչև ավարտական կուրսի առաջին կիսամյակի սկիզբը: Ընթացիկ կիսամյակում ֆակուլտետների դեկանները, ամբիոնների դասախոսները պետք է ուշադիր լինեն առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների թե´ կարգապահության, և թե´ առաջադիմության նկատմամբ, որպեսզի երրորդ և չորրորդ կուրսերում նրանք ապահովեն բարձր առաջադիմություն:

Հաջորդ հարցի կապակցությամբ նշվեց, որ վերջերս մասնաճյուղի ուսումնաօժանդակ աշխատողների շրջանում ամբիոնային աշխատանքների բարելավման ուղղությամբ անցկացվեց քննություն, և ամբիոնային աշխատանքները դեռևս բարելավման կարիք ունեն: Մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց նպատակային օգտագործել համակարգչային ռեսուրսները, հետևել աշխատողների աշխատաժամանակի ռացիոնալ օգտագործմանը և նրանց գործառույթների ճշգրիտ իրականացմանը: