Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նորարար գաղափարների բաց մրցույթ Կոլբա լաբից

Կոլբա լաբը հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ, որը չունի որեւէ թեմատիկ սահմանափակում ու վերջնաժամկետ։
Ինչ-որ խնդիրներ եք տեսնում ձեր շուրջ ու ուզում եք որևէ բան ձեռնարկել: Ի՞նչ կարող ենք անել ձեզ համար:
Այս մրցույթը յուրահատուկ է նրանով, որ չի սահմանափակում ձեզ որևէ թեմայի, ոլորտի ու մարտահրավերին արձագանքելու կոչով: Դուք եք հիմնավորում խնդիրը, առաջարկում նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք ձեզ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով:
Մենք փնտրում ենք հենց քեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի, ով ուզում է փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Չկա սխալ գաղափար, եթե դու ունես խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, միացիր մեզ:
Ինչպես է կարելի հնարավորինս արդյունավետ արձագանքել 21-րդ դարի սոցիալական, տնտեսական, բնապահպանական մարտահրավերներին: Ավանդաբար լուծումները մշակվում են կառավարման վերին օղակներում:
Ծառայությունների հասցեատերը որպես կանոն ուղղակիորեն չի մասնակցում որոշումների կայացման ու ծառայութունների մշակման գործընթացին: Կոլբա լաբը հավատում է, որ որոշումների ընդունման ուղղահայաց ու հիերարխիկ մոտեցումը չի համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին:
Քաղաքացիների ստեղծագործ ու նորարար մտածելակերպը Հայաստանում առկա հսկայական ռեսուրս է, որի օգտագործումը մեծ հնարավորություններ է բացում զարգացման ծրագրեր իրականացնելու համար:
Եթե դուք հստակ տեսնում եք խնդիր ու վստահ եք, որ կարող եք իրականացնել նախագիծ, որն այն կլուծի, դիմեք մեզ:
Նշանակություն չունի, թե նախագիծը որ փուլում է ՝ գաղափարի մշակման ու զարգացման, թե իրականացման: Կոլբա լաբը պատրաստ է միանալ ու օգնել ձեզ ցանկացած պահի:
Ձեր գաղափարը կարող է իրենից ներկայացնել նոր ապրանքի կամ ծառայության առաջարկ, ապրանքի տարածման նոր միջոց կամ միգուցե առկա ապրանքի ու/կամ ծառայության մատուցման այլընտրանքային տարբերակ կամ միգուցե առաջարկեք ապրանքի վերամոդելավորում՝  հարմարացնելու բնակչության որոշակի խմբին:
Տարբերակները շատ-շատ են…Մենք կսպասենք ձեր առաջարկներին:
Աղբյուրը`  armacad.blogspot.com