Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկում

2016թ. ապրիլի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում  ավարտական կուրսերի այն ուսանողների հետ, ովքեր պատրաստվում են իրենց ուսումը շարունակելու մագիստրատուրայում:

Հանդիպման նպատակն էր իրականացնելու «Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով» թեմայով քննարկում:

Այն կազմակերպվել էր ՄԿՈԱ բաժնի մասնագետ, սոցիոլոգ Է.Կյուրեղյանի, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանի կողմից:

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

Նախ ելույթ ունեցավ պարոն Կյուրեղյանը՝ մասնագիտական դիտանկյունից ներկայացնելով քննարկման մասնակիցների կարծիքների ու առաջարկությունների կարևորությունը, ընդգծելով, որ նրանք լավ տեղեկացված են մանաճյուղի գործունեության տարբեր կողմերին և ի վիճակի են օգտակար, գործնականորեն կիրառելի առաջարկներ ներկայացնել ուսման որակի բարելավման ուղղությամբ:

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • Ընդունվելիս ի՞նչ ակնկալիքներ ու սպասելիքներ ունեիք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, և որքանով արդարացան դրանք:
  • Բակալավրական կրթության շրջանակներում, ըստ Ձեզ, մասնաճյուղը կարողացավ տալ բավարար գիտելիքներ ու հմտություններ՝ Ձեր մասնագիտությամբ աշխատելու համար:
  • Գործող գնահատման համակարգը, Ձեր կարծիքով, կարողացա՞վ լիարժեք բացահայտել Ձեր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները:
  • Որո՞նք են այն շարժառիթները, որ Ձեզ մղում են ուսումը շարունակելու մագիստրատուրայում:
  • Ընդհանրապես ի՞նչ պատկերացում ունեք մագիստրոսական կրթության, նրա նպատակների ու հնարավորությունների մասին:
  • Ցանկություն ունե՞ք հետագայում զբաղվելու ուսումնագիտական գործունեությամբ:

Քննարկման մասնակիցներն անկեղծ ու անկաշկանդ կերպով արտահայտեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները, որի շնորհիվ ծավալվեց աշխույժ ու հետաքրքիր քննարկում:   

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

Արտահայտվեցին բոլոր մասնակիցները, իսկ պատասխանների ընդհանրացված գնահատականներում իշխում էր այն համոզմունքը, որ մասնաճյուղում ստացած բակալավրական ուսուցումից իրենց սպասելիքները հիմնականում արդարացել են, ըստ էության ունեն բավարար մասնագիտական գիտելիքներ, հմտություններ և կարղություններ ու պատրաստ են իրենց մասնագիտությամբ աշխատելու:

Միաժամանակ շեշտեցին, որ իրենց գիտելիքներն ավելի խորացնելու և հետագա հնարավոր ուսումնագիտական գործունեություն ծավալելու համար գիտակցում են մագիստրոսական կրթություն ստանալու անհրաժեշտությունը:

«Բակալավրական և մագիստրոսական կրթությունն իմ աչքերով»  թեմայով քննարկում

Բուհում  ուսումնական գործընթացի շարունակական բարելավման ուղղությամբ մեր ուսանողները նաև հանդես եկան ուշագրավ առաջարկներով, որոնք հիմնականում վերաբերում էին մասնաճյուղում գործնական հմտությունների ձեռքբերման մեխանիզմների արդյունավետությունը բարձրացնելուն, մասնավորապես պրակտիկաների տևողությունը մեծացնելուն, գնահատման համակարգը բնագիտական և հումանիտար ուղղվածությամբ մասնագիտությունների յուրահատկություններին հարմարեցնելուն: