Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նոր մագիստրոսական ծրագրին կարող են դիմել ոչ միայն համալսարանականները


Երևանի պետական համալսարանը ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հայտարարում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը:

Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված է դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների հարցը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ հայ կրթօջախների համար այս խնդիրն առավել քան կարևոր է դառնում:

Ուստի ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կիրականացվի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:

Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները:

Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաև արտերկրից հրավիրված դասախոսների ներգրավումն ուսումնական գործընթացի մեջ:

Սույն թվականի մայիսից մեկնարկում է մագիստրատուրայի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ-ի, այլև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:

Մանրամասների համար գրել masters@armin.am էլ. հասցեին: