Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տավուշում տրամադրությունը մարտական է

Սեպտեմբերի 6-ին «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի տաղանդավոր եւ շնորհաշատ երիտասարդները՝ ակումբի նախագահ Էրիկ Սահակյանի գլխավորությամբ, այցելեցին Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտակայքում գտնվող դիրքեր, հանդիպեցին մեր հերոս սպաներին եւ զինվորներին, ոգեւորությամբ անցկացրին հայրենասիրական միջոցառում, որը նպատակ ուներ բարձրացնելու զինծառայողների տրամադրությունը, ոգեւորելու եւ գոտեպնդելու նրանց: 

Տավուշում տրամադրությունը մարտական է

Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական երգերով, ժողովրդական պարերով, պատմության հերոսական դրվագների, զորավարների փառաբանումներով: Հարկ է նշել, որ միջոցառումը տեղի ունեցավ հենց այն վայրում, որտեղ պայթել էր թշնամու արկը:

Զինվորները մեծ ուրախությամբ դիմավորեցին երիտասարդ հայրենասերներին: Այն հարցին, թե ինչպիսին է մեր զինվորների տրամադրությունը, բոլորի շուրթերից միահամուռ լսվեց «ՄԱՐՏԱԿԱՆ» պատասխանը: Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի հերոսներ, որոնք ամուր կանգնած են մեր սահմանին:

Նշեմ, որ «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբն իր գործունեությունն սկսել է 2014 թվականի փետրվար ամսից, սակայն այս կարճ ժամանակահատվածում անգամ ակումբն իր ակտիվության շնորհիվ հասցրել է բավականին լուրջ աշխատանքներ կատարել:

Ի դեպ, նշված աշխատանքների կարիքը իրոք զգացվում է, հատկապես` սահմանամերձ Տավուշի մարզում, իսկ թե հատկապես որքանով, կարծում եմ, կհասկանա յուրաքանչյուրը, ով գեթ մեկ անգամ եղել է սահմանում կամ գոնե ծանոթ է Հայոց պատմությանը:

Աղբյուրը` http://www.hayzinvor.am