Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

2016թ. ապրիլի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Հեռակա ուսուցման համակարգի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհիներ, երկվորյակ քույրեր Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանների «Եռանկյունի» գրքի շնորհանդեսը:

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, մարզի հոգևոր դասի ներկայացուցիչներ, համահեղինակների հարազատներ, հյուրեր, պոեզիայի սիրահարներ:

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

Ողջունելով մեր ուսանողուհիների գրական նորամուտը՝ նրանց գնահատանքի, արժևորման ու քաջալերանքի ջերմ խոսքեր ասացին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները՝ բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյանը, բ.գ.թ. ասիստենտներ Վ.Աղաբաբյանը, Ա.Հասանյանը, Մ.Սարուխանյանը (խոսքն ընթերցվեց), Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հեռակա ուսուցման բաժնի աշխատակից Ա.Ղուկասյանը, ՄԿՈԱ բաժնի աշխատակից Է.Կյուրեղյանը (խոսքն ընթերցվեց), գրադարանի աշխատակից Ն.Ստեփանյանը, շնորհալի քույրերի հայրը, համակուրսեցիները, մասնաճյուղի ստեղծագործող ուսանողները:  

 

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

Գրքի վերաբերյալ արտահայտված գնահատականների մեջ գերակշռող էր այն կարծիքը, որ այնտեղ ապրվածի արձագանքն է և կյանքի նկատմամբ լուսավոր հայացքը.

«Փոքրիկ մի գրքույկ, հետաքրքիր ու յուրատեսակ մի եռանկյունի, արձակի ու չափածոյի մի ուրույն դաշնություն, սրտահույզ տողեր ու խոհեր մարդու, նրա ապրած կյանքի, ներաշխարհի ալեվետումների, կորցրածի ու գտածի, անցավորի ու հավերժականի մասին:

…Աղջնակները նրբին հույզերից հյուսված ներաշխարհ ունեն, ինքնատիպ կամային որակներ, գեղեցիկի զգացողություն և փորձում են ազատություն տալ հոգու զսպված ապրումներին, ներկայացնել երազայինը, աշխարհաճանաչման իրենց կերպը» (Ալիսա Հասանյան):

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

«Ուրախության, ցավի, ապրած ու չապրած օրերի, հասկացված ու խաթարված հարաբերությունների, անկատար հույսերի ու սպասումների, երազանքների և իրականության հանդիպադրման վայր է Աղաբաբյան քույրերի ստեղծագործությունների «Եռանկյունի» ժողովածուն: Գենետիկ կոդերով շարունակելով տոհմի կանչը նրանք շարունակում և լրացնում են պապի` անվանի մանկավարժ Գուրգեն Աղաբաբյանի ստեղծագործական ուղին:

…Ապրված պահը դառնում է տող, միտք: Կյանքի յուրաքանչյուր հանգրվանում նրանց որոնածը լույսն է, մարդկային ջերմ ժպիտն ու սերը: Նրանք կարողանում են «Ժպտալ և ցույց չտալ աշխարհին, որ ինքը… ցավում է» և գիտեն, որ «Կյանքի դժվարությունները տրված երկրորդ հնարավորությունն են ապրելու» (Վահան Աղաբաբյան):

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

«Թերթում եմ փոքրիկ այս ժողովածուն, ու նրա էջերից հառնում են երկու բարալիկ, նրբիրան աղջիկներ՝ խոհուն, խելացի հայացքներով, որոնցում այնքա՛ն հույզեր կան, այնքա՛ն երազանքներ, այնքա՛ն հավատ կյանքի նկատմամբ, ու այդ հավատը վանում է զգայուն հոգիների խորքում արժանապատվորեն թաքցրած անմռունչ մի թախիծ… Թվում է, տողերի արանքում էլ կալանված արցունքներ կան, որոնք ծնվում են անասելի ցավից՝ դառնալով մերթ մանկան անմեղ արցունք, մերթ էլ անհագ լաց… Բայց կոկորդումդ շարված ու սիրտդ խեղդող-պայթեցնող ցավը լույսով է ողողված: …Փխրուն հոգիներում ինչքա՛ն վառ է արտահայտված կյանքի փորձություններին դիմակայելու ուժը, աշխարհում գոյություն ունեցող չարիքները վերացած տեսնելու, մարդուն մարդացած տեսնելու բուռն տենչանքը…» (Աիդա Սարհատյան):

 Երկվորյակ քույրիկներին կոչելով երկու լուսաշող հրեշտակներ՝ նրանց իր օրհնանքի խոսքն ուղղեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, օրհնանքին հաջորդեց առ Աստված աղոթքը՝ լուսավոր ու ազնիվ հայոց զավակների պահպանության, երկրին այնքան անհրաժեշտ խաղաղության համար:

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)

Վերջում բոլոր ներկաներին, շնորհանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին իրենց երախտագիտությունն արտահայտեցին գրքի հեղինակներ Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանները, նրանց հայրը՝ գրքույկը համարելով «համալսարանի ծնունդ», հատուկ շնորհակալություն հայտնելով պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի ներկայացուցիչներին՝ իրենց ցուցաբերած հոգատարության, ջերմ վերաբերմունքի ու փոխանցած գիտելիքների համար:

«Շնորհալի լույս աղջիկներին՝ լուսաշող գրական ճամփաներ…»  («Եռանկյունի» գրքի շնորհանդեսը)