2017թ. ապրիլի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները պատրաստել էին ԱՄՆ-ի մշակույթին նվիրված միջոցառում, որին ներկա էին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, տվյալ մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ:
Միջոցառնան ընթացքում ներկայացվեցին ԱՄՆ-ի գլխավոր քաղաքները, մասնավորապես` Նյու Յորքը, Լոս Անջելեսը, Չիկագոն, Վաշինգտոնը, ամերիկյան հեղինակավոր բուհերը, ինչպիսիք են Հարվարդի, Փրինսթոնի, Յելի համալսարանները, Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական տոները՝ Շնորհակալության տոնը, Սուրբ Վալենտինի օրը, Հելոուինը, ինչպես նաև հարսանեկան ավանդույթները և ծեսերը:
Հետաքրքիր ներկայացվեցին հատկապես Հելոուինի և Սուրբ Վալենտինի տոների ծագումը, դրանք նշելու կարգը, նմանատիպ սովորույթները Հայաստանում:
Սուրբ Վալենտինի տոնը ներկայացնելիս ուսանողները քաղցրավենիք բաժանեցին բոլոր ներկաներին, իսկ Հելոուինը ներկայացնելիս մասնակիցները կերպարանափոխվել էին՝ նմանվելով ոգիների:
ԱՄՆ-ի մշակույթին նվիրված միջոցառումն անցավ շատ ջերմ ու անմիջական մթնոլորտում:
Հնչեցին նաև գեղեցիկ երգեր, հետաքրքիր պատմություններ:
Վերջում մասնակիցները Մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ մաղթելով նրանց անսահման երջանկություն, անանց հմայք, ամենայն բարիք: