Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագիր» «Ամերիկյան սենյակ»-ի համակարգողների հաստիքների համար

DSC02242 «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպությունը (www.ph-int.org) ԱՄՆ պետ. դեպարտամենտի կողմից հովանավորվող և իր կողմից իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) իրագործման նպատակներով հայտարարում է մրցույթ ծրագրի շրջանակում հիմնվող «Ամերիկյան սենյակ»-ի համակարգողների հաստիքների համար: Ընտրվելու են 2 համակարգողներ, որոնք հերթափոխային գրաֆիկով աշխատելու են «Ամերիկյան սենյակ»-ում: 

Ծրագրի բովանդակություն

Երեք տարի տևողությամբ «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակներում Տավուշի մարզկենտրոն Իջևանում, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում մասնաճյուղի հետ գործընկերությամբ ստեղծվելու է Ամերիկյան սենյակ, որի նպատակն է տարբեր կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումների միջոցով տեղի բնակչությանը ծանոթացնել ամերիկյան արժեքներին, մշակույթին, պատմությանը, ինչպես նաև տարբեր դասընթացների միջոցով զարգացնել դրանց մասնակիցների սոցիալական, ինչպես նաև տարբեր ոլորտներին առնչվող տեխնիկական հմտությունները:

Սենյակի աշխատանքները մեկնարկելու են 2019թ. դեկտեմբերի 2-ից: Սենյակն աշխատելու է ողջ տարվա ընթացքում, երկուշաբթի-շաբաթ օրերին,  10:00-18:00 ժամերի ընթացքում: Սենյակի երկու համակարգողները, «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության Երևանյան գրասենյակի աշխատակիցների կողմից համապատասխան վարչական, ինչպես նաև բովանդակային նախապատրաստական ցուցումները ստանալուց հետո, համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատակիցների հետ սերտորեն համագործակցելով, պատասխանատու են լինելու սենյակի անխափան գործունեության համար: «Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության Երևանյան գրասենյակի աշխատակիցները Տավուշի աշխատանքները համակարգողներին կցուցաբերեն մշտական աջակցություն ինչպես հաճախակի այցերի, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով:  

Ի լրումն սենյակի վարչական բնույթի աշխատանքներին՝ 2019թ. դեկտ.-2020 թ. սեպտ. ժամանակահատվածի համար նախատեսված է իրականացնել հետևյալ միջոցառումները.

  1. Անգլերենի ուսուցման 2 դասընթաց: 
  1. Մեդիագրագիտության դասընթաց՝ ավարտական առաջադրանք-թեստով:
  2. Արդյունավետ հաղորդակցության հմտությունների դասընթաց և բանավեճի ակումբ:
  3. Ծրագրի մշակման և կառավարման դասընթաց: Դասընթացից հետո կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ ($500) համայնքային 5 ծրագրերին:
  4. Աշխատանքի որոնմանն ու դիմումների պատրաստմանն ուղղված սեմինարներ:
  5. Կինոդիտումներ և քննարկումներ:
  6. Դասախոսություններ՝ ԱՄՆ-ին վերաբերող թեմաներով:
  7. Հանդիպումների ակումբ՝ նվիրված ամերիկյան և անգլիական գրականությանը:
  8. Գրադարանային ծառայություններ:

 Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել

Ամերիկյան սենյակի 2 համակարգողների ընտրության համար տրված հայտարարությամբ կարող են դիմել Իջևան քաղաքի բնակիչներ, որոնք

  1. պլանավորում են ծրագրի ամբողջ ընթացքում (2019թ. դեկտեմբերի 2-2022թ. սեպտեմբերի 30) երկարատև չբացակայել Իջևան քաղաքից,
  2. ունեն անգլերենի գերազանց իմացություն,
  3. ունեն տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ,
  4. ունեն միջոցառումներ կազմակերպելու փորձ, հատկապես տարբեր տարիքի անձանց հետ,
  5. ակտիվ են, ստեղծագործ, նորարար, ինքնուրույն և նախաձեռնող,
  6. ունեն թիմում աշխատելու հմտություններ,
  7. կազմակերպչական հմտություններ:

Նախընտրություն կտրվի այն թեկնածուներին, որոնք

  • ունեն ԱՄՆ կառավարության կրթական-մշակութային ծրագրերի կամ միջազգային նմանատիպ այլ ծրագրերի մասնակցության փորձ,
  • պլանավորել ու վարել են դասընթացներ կամ աջակցել են տարբեր դասընթացների իրականացմանը,
  • հանդիսանում են կրթական, մշակութային կամ մասնագիտական ցանցերի անդամ:

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև սթ. նոյեմբերի 14-ը՝ ժամը 20:00-ն, ծրագրի ղեկավար Քրիստինե Ճգնավորյանին`  christine.chgnavoryan@ph-int.org  էլ. հասցեով, ուղարկեն անգլերենով գրված դիմում-նամակ (Cover letter) և ինքնակենսագրական (CV): Նամակի վերնագրի տողում պետք է նշել Application for American Space Coordinator:

«Փի–Էյչ» Ինթերնեշնլ կազմակերպության աշխատակիցները կկապվեն միայն այն անձանց հետ, որոնց թեկնածությունը կդիտարկեն ընտրության հաջորդ փուլի համար և կհրավիրեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում երկուշաբթի-ուրբաթ օրերին` 9:30-18:30 ժամերի ընթացքում, կարող եք դիմել ծրագրի ղեկավար Քրիստինե Ճգնավորյանին (հեռ.՝ 094 41 42 36, էլ.փոստ` christine.chgnavoryan@ph-int.org):