2016թ. դեկտեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Ճամբարակի տարածաշրջանի մի շարք դպրոցներում (Ճամբարակի ավագ, Թթուջրի, Մարտունու, Գետիկի, Այգուտի, Դպրաբակի միջնակարգ դպրոցներ):
Հանդիպումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:
Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:
Ողջունելով դպրոցականներին` ՄԿՊԿ բաժնի վարիչը ընդհանուր գծերով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետները, ամբիոնները, մասնագիտությունները, անդրադարձավ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017թ. բակալավրի կրթական ծրագրով մասնագիտություններին, աշխատաշուկայում դրանց ունեցած պահանջարկին, կատարված փոփոխություններին:
Քննարկվեցին ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների` մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը:
Մասնակիցները գոհունակություն արտահայտեցին ԵՊՀ ԻՄ-ի նման նախաձեռնության համար` ակնկալելով, որ համագործակցությունը կլինի շարունակական: