2016թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին» խորագրով կոնֆերանս, որի ընթացքում Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները հանդես եկան թեմային առնչվող գիտական զեկուցումներով:
Կոնֆերանսը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը՝ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մարզպանյանի ղեկավարությամբ:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ պարոն Մարզպանյանը՝ ընդհանուր գծերով ներկայացնելով գիտաժողովի անցկացման նպատակը, խնդիրները, կարևորելով նման գիտական միջոցառումների կազմակերպումը բուհի ուսումնական գործընթացում. «2014թ. աշնանը, երբ քաղաքական որոշում կայացվեց ինտեգրվել ԵՏՄ-ին, այս թեման դարձավ հրատապ: Ուրախ եմ, որ մեր ուսանողներն այնքան հասուն են, որ գիտակցելով փոքր երկրների համար որևէ տնտեսական միության ինտեգրման անհրաժեշտությունը՝ այս թեման իրենք են առաջարկել: «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին» թեմայով գիտագործնական կոնֆերանսի անցկացման նպատակն է ներկայացնել այն մարտահրավերները, որոնք սպասվում են Միության անդամակցության պայմաններում, դրա հնարավորությունները և հեռանկարները: Նման գիտաժողովների անցկացումը՝ որպես հետազոտական ոլորտի տարր, շատ կարևոր է. բուհի հետազոտական ներուժը միայն դասախոսներով չի սպառվում, անհրաժեշտ է հետազոտական ոլորտում օգտագործել և ուսանողների կարողությունները»:
Այնուհետև ֆակուլտետի ուսանողների կողմից համապատասխան շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացվեց 7 գիտական զեկուցում.
- «Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ ինտեգրման հեռանկարները» (Գրետա Օրդինյան),
- «Միջազգային կազմակերպությունները, ԵՏՄ-ն և ՀՀ-ի անվտանգությունը» (Էմմա Մարգարյան),
- «ՀՀ արժութային քաղաքականությունը ԵՏՄ ինտեգրման պայմաններում» (Աննա Դիլբարյան),
- «ՀՀ բանկային համակարգը» (Թերեզա Թամրազյան),
- «Միգրացիան ՀՀ-ում» (Վանուհի Մուքայելյան),
- «Ներդրումային քաղաքականությունը Հայաստանում: Հեռանկարները ԵՏՄ-ին անդամակցության պայմաններում» (Անահիտ Սիմոնյան),
- «Մաքսային քաղաքականության հիմնախնդիրները ՀՀ-ում» (Ռայա Մովսիսյան):
Ներկայացված զեկուցումների վերաբերյալ դասախոսներն արտահայտեցին իրենց կարծիքները, որոնք դրական էին ու ոգևորիչ. մասնավորապես նշվեց, որ ուսանողները ոչ միայն հավաքագրել, այլև համակարգել էին նյութը, զեկուցումները ներկայացվեցին պատշաճ մակարդակով, սեփական եզրահանգումներով:
Զեկուցումների ներկայացումից հետո ուսանողների և դասախոսների մասնակցությամբ ծավալվեց հետաքրքիր քննարկում:
«Որպես արդյունք,- նշեց պարոն Մարզպանյանը,- ակնկալվում է պատրաստել մեկ համահեղինակային ծավալուն հոդված և այն տպագրության հանձնել ԲՈՀ-ի կողմից երաշխավորված որևէ ամսագրում»: