Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողների տոնին նվիրված միջոցառում մասնաճյուղում

1. գլխավոր 2022թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշական միջոցառում, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ընդգծելով, որ ուսանողական տարիները մարդու՝ որպես մասնագետի ձևավորման ամենակարևոր տարիներն են, մաղթեց, որ դրանք լինեն նրանց կյանքի լավագույն ու հիշարժան, հարուստ գիտելիքների ամբարման, մեծ գաղափարների, լուսավոր երազանքների ու նպատակների ձևավորման և իրականացման տարիներ:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան գրական-երաժշտական, պարային, թատերական հետաքրքիր և գեղեցիկ կատարումներով:

Տրվեց տոնի նախապատմությունը, թե ինչպես է այն ծագել, տարբեր երկրներում ուսանողներն ինչպես են նշում իրենց տոնը:

Ներկայացվեցին աշխարհի համալսարանների վերաբերյալ հետաքրքիր փաստեր, ցուցադրվեցին ուսանողական առօրյային, բուհական միջավայրին վերաբերող երգիծական իրավիճակներ:

Ուսանողների տոնի առթիվ ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի մի շարք ուսանողներ ուսումնական պարապմունքների և պրակտիկայի ընթացքում իրականացրած ստեղծագործական աշխատանքների համար տնօրենության կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով, որոնք հանձնեց ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վահան Աղաբաբյանը:

Միջոցառման վերջում մասնակիցներն առանձնակի շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ-ի թատերական խմբակին և նրա գեղարվեստական ղեկավար Արմինե Զարգարյանին՝ միջոցառմանը յուրահատուկ երանգ հաղորդելու համար: