Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Ներսիսյանի հետ

13. Արմինե Ներսիսյան

 2019թ. մայիսի 29-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2001թ. շրջանավարտ, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրեն Արմինե Անդրանիկի Ներսիսյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1980 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ապրել եմ մեծ ընտանիքում. ծնողներս՝ հայրս, ինժեներ-շինարար է, մայրս՝ գրադարանավար: Ամուսնացած եմ, ամուսինս գյուղատնտեսական ոլորտում է աշխատում, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Ունեմ 2 բալիկ ՝ տղա և աղջիկ: Տղաս 12 տարեկան է, ունի երաժշտական օժտվածություն, կարծում եմ՝ այդ ասպարեզում հաջողություններ կունենա, աղջիկս դեռ փոքր է՝ 3 տարեկան:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Փոքր հասակից երազել եմ ուսուցչուհի դառնալ, կարծում եմ՝ երազանքս իրականություն է դարձել. արդեն 18 տարի է մանկավարժահոգեբանական ոլորտում եմ աշխատում:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– Սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ստացել մանկավարժ-հոգեբանի որակավորում:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Կյանքիս լավագույն տարիներից են ԵՊՀ ԻՄ-ում սովորելու տարիները. այդտեղ ես մասնագիտական բազային կրթություն եմ ստացել, սովորել եմ ինքնուրույն սովորել, որն էլ հիմք ու հնարավորություն է դարձել աշխատելու և արժանապատիվ ապրելու:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Ունեմ 18 տարվա աշխատանքային փորձ: 2001-2003 թվականներին աշխատել եմ Իջևանի թիվ 4 միջնակարգ դպրոցում՝ որպես հոգեբան և կյանքի հմտությունների ուսուցիչ: 2003-ից մինչ այսօր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի տնօրենն եմ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Թումանյան անվերջ կարող եմ կարդալ, զարմանալ ու հպարտանալ այդքան խորը բովանդակություն ունեցող հանճարով:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Վերջին կարդացածս գիրքը Ռ. Պալացիոյի «Հրաշք» վեպն է:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Շատ սիրում եմ դասական երաժշտություն, էստրադային, ժողովրդական. երգը թևեր է տալիս ինձ ճախրելու, երազելու:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Սիրում եմ Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Շատ սիրում եմ սեղանի թենիս:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Օ՜, Հայաստանում շատ եմ սիրում իմ բնակավայրը՝ իմ Տավուշը, իմ Իջևանը, չեմ կարող չնշել նաև մայրաքաղաք Երևանը: Իսկ արտերկրում իմ երազանքի քաղաքը Փարիզն է:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Անկեղծությունը, ազնվությունը, աշխատասիրությունը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– «Լավություն արա, ջուրը գցիր». շատ եմ սիրում այս ժողովրդական ասացվածքը և հաճախ այդպես եմ վարվում:  

Ի՞նչ երբեք չեք անի:

– Հայրենիքս երբեք չեմ թողնի:

Ինչի՞ց եք վախենում:

– Մենակ մնալուց:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Կարծում եմ՝ դեռ ժամանակ ունեմ հասցնելու ամեն բան և չափսոսալու:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Խուճապի չմատնվելը, ավելի հավասարակշռված դատելը: Կյանքում դժվարին իրավիճակները ինձ ավելի են ուժեղացրել և դրդել են դասեր քաղելու:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Իմ ամենամեծ ձեռքբերումը միանշանակ երեխաներս են:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Լավատեսությունը, հավատը այն առաքելության հանդեպ, որի համար ես ապրում եմ, և սերը կյանքի հանդեպ:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Ցանկացած բան ճիշտ պլանավորելու դեպքում հաջողում ես:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Ես հավատում եմ մեր լուսավոր երիտասարդների ուժերին, պարզապես կուզենայի, որ նրանք գնահատեն կյանքի յուրաքանչյուր պահը և երբեք չծուլանան:

Շնորհակալ ենք հետաքրքիր հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:   

Վանյան Հասմիկ Սամվելի