Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հակոբ Գագիկի Մելիքսեթյան

Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում:

Ավարտելով Գետահովիտի միջնակարգ դպրոցը՝ 2018 թ.-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ:

Անսահման բարի էր, ժպտերես, կատակասեր:

Ուսումը կիսատ թողնելով՝ 2019թ. հունվարի 11-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի ՊԲ Մարտունի 2 զորամասում: Եղել է ՀՕՊ մասնագետ: 2020 թ.-ին՝ պատերազմը սկսվելու առաջին օրից, Հակոբը իր ընկերների հետ համառ մարտեր է մղել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ: Խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ ինքնաթիռ:

Անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում:

Գերազանց ծառայության համար պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Զինված ուժեր» կրծքանշաններով:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Հովհաննես Միշայի Չոբանյան

Հովհաննես Չոբանյանը ծնվել է 1997թ. հուլիսի 17-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Սովորել և ավարտել է Հովհաննես Հինդիլյանի անվան միջնակարգ դպրոցը:

2015թ. ընդնունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ:

Տաղանդավոր նկարիչ էր, լավագույններից մեկը և՛ ուսման մեջ, և՛ շրջապատում:

2019 թվականին ավարտել է ուսումը և զորակոչվել բանակ: Ծառայության ընթացքում ստացել է սերժանտի կոչում: Մասնակցել է 2020 թ.-ի Արցախյան պատերազմի թեժ մարտերին:

Հերոսաբար ընկել է հոկտեմբերի 22-ին Կուբաթլույում՝ համալրելով հազարավոր անմահացած հերոսների շարքերը:

Գերազանց ծառայության համար պարգևատրվել է «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր-մարզիկ», «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «ՀՄՄ» կրծքանշաններով:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Լենտուշ Գրիշայի Գյոզալյան

(ոստիկանության ավագ սերժանտ)

ՀՀ ոստիկանության նախկին ծառայող, ոստիկանության ավագ սերժանտ Լենտուշ Գրիշայի Գյոզալյանը ծնվել է 1993թ. սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

2011թ. դեկտեմբերի 19-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 21-ը ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես պարտադիր ժամկետային զինծառայող:

2014թ. մայիսի 5-ից մինչև 2017թ. մարտի 16-ը անցել է ՀՀ ոստիկանությունում ծառայության և նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնին կից պահպանության բաժանմունքի դասակի ոստիկանի պաշտոնում:

2017թ. մարտի 16-ին ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

2018թ. հուլիսի 19-ին վերականգնվել է ՀՀ ոստիկանությունում ծառայության և նշանակվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի 1-ին ջոկի ավագ ոստիկանի պաշտոնում:

Ոստիկանությունում ծառայության ընթացքում խրախուսվել է 3 անգամ:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Լ.Գյոզալյանը իր ծառայակիցների հետ միասին մեկնել է Արցախի Հանրապետություն՝ մարտական գործողություններին մասնակցելու համար:

Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 4-ին Շուշի քաղաքում մշակույթի պալատում խորհրդակցության ժամանակ հակառակորդի հրետակոծության հետևանքով:

Ամուսնացած էր, 2 դստեր հայր: