2014թ. ապրիլի 16-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ բաց դաս, որի նպատակն էր ներկաներին ներկայացնել սկզբունքորեն նոր հասարակական-արտադրական պայմանների արդյունավետ գործունեության կարևորագույն գործիքների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման փուլերը, նոր դարաշրջանի հզորագույն համակարգիչների՝ սուպերհամակարգիչների պատմությունն ու նրանց կիրառությունները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պատմական փուլերը ներկայացրեց Բնական գիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը:
Նա իր ելույթում ներկայացրեց մատներով հաշվարկից սկսած մինչև մեխանիկական տարբեր հաշվիչ սարքերի, առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներից մինչև արագ մեր կյանք մտած անհատական համակարգիչների և ապագայի ինտելեկտուալ համակարգիչների զարգացման պատմությունը: Ամբողջ նյութն ընթանում էր այդ համակարգերի մասին համապատասխան հետաքրքիր փաստերով և նկարներով:
Դասի երկրորդ մասն անցկացրեց Բնական գիտությունների ֆակուլտետի Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը: Նա ներկայացրեց նանոտեխնոլոգիաների, տիեզերքի նվաճման և կենդանի օրգանիզմների կլոնավորման դարաշրջանի` 21-րդ դարի հզորագույն համակարգիչների՝ սուպերհամակարգիչների ստեղծման, զարգացման պատմությունը և նրանց կիրառությունները:
Ներկայացվեց, թե ինչպես են փոխվել մարդիկ, և ինչպես են նրանք մտածում, ինչ են անում այս “հանկարծ եկած ապագայում”, կոմպյուտերիզացիան և համաշխարհային սարդոստայնն արդյոք միայն հեշտացրե՞լ են մարդկային աշխատանքը, թե նրան ստիպել են հետ գնալ` իր վրա վերցնելով նրա ողջ մտավոր գործունեությունը:
ժամանակակից տեխնոլոգիաները չեն ծնվել հենց այնպես, նրանց ծնել է մարդը: Մարդն աշխարհստեղծման գագաթն է, որը դադարել է պրպտալ երկրի վրա և սլանում է տիեզերք: Բարձր արտադրողական համակարգիչների ստեղծման խնդիրը ժամանակակից ամենաբարդ գիտատեխնիկական խնդիրներից մեկն է: Եվ պատահական չէ, որ հաշվիչ տեխնիկայի զարգացման պատմությունը գիտատեխնիկական հետաքրքրաշարժ լուծումների ամբողջություն է` լի հաղթանակների ուրախությամբ, պարտությունների ցավով:
Ներկաներն իմացան աշխարհի ամենաարտադրողական հաշվողական համակարգերի Top500 ցուցակի մասին: Տրվեցին այդ ցանկում առաջին 6 հորիզոնականները զբաղեցնող սուպերհամակարգիչների բնութագրերը, կատարվեցին համեմատություններ տարբեր սերունդների համակարգիչների միջև` ընդգծելով 60 տարում հաշվիչ տեխնիկայի հիասքանչ առաջընթացը:
Ապա խոսվեց գիտության, արտադրության, արդյունաբերության այն ոլորտների մասին, որոնցում արդյունավետ կիրառվում է սուպերհամակարգիչների ողջ պոտենցիալը:
Վերջում մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը դասընթացից: