Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կրթաթոշակային ծրագրեր, որոնց պետք է դիմել հենց հիմա

Armscoop-ը հետևում և պարբերաբար ներկայացնում է հայաստանցի ուսանողների և գիտնականների համար հասանելի զանազան կրթաթոշակային ծրագրեր, որոնց դիմելու ժամկետները տարբեր են և ընդգրկում են ողջ տարին։

Ներկայացնում ենք այն կրթաթոշակային ծրագրերը, որոնց դիմելու կամ դրանց համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները շուտով լրանում են (հուլիս ամսին), սակայն որոնց դիմելու համար դեռևս կա ժամանակ։

 

Luys-foundation

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի կրթաթոշակի ծրագիր

Դիմելու վերջնաժամկետը՝ 2016 թ․ հուլիսի 15:

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակի ծրագիրը ներառում է փոխառություն կամ կրթաթոշակ, որը շնորհվում է աշխարհասփյուռ հայ ուսանողներին աշխարհի լավագույն 10 համալսարաններում սովորելու համար: Յուրաքանչյուր համալսարանի համար«Լույսին» դիմած առաջին 10 ուսանողները, որոնք դիմում են առաջիկա ուստարվա համար հաստատված բուհերից մեկի վերջնական հրավերը (unconditional offer) ներառող ամբողջական փաթեթով, կհամապատասխանեն «Լույսի» կրթաթոշակի պայմաններին: 

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այստեղ է։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ ուսումնառության ծախսերի առավելագույնը 50%-ը։ (Փոխառության կամ կրթաթոշակի բաղադրիչների հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ
Ովքե՞ր կարող են դիմել. «Լույսի» կրթաթոշակին համապատասխանելու համար ուսանողը պետք է. ա) լինի ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենա հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար), բ) «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան, գ) ընդունված լինի «Լույսի» ցանկում ներառված համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։
Ե՞րբ դիմել. կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են ամեն տարի՝ ապրիլի 1-ից(Երևանի ժամանակով 00:01) մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը։

chevening-scholarship

Չիվնինգի կրթաթոշակ

2017-18 ուս․ տարվա ընդունելության համար պահանջվող հիմնական փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2016 թ․ հուլիսի 14:

Բրիտանական «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը (British Chevening Scholarships) նախատեսված է Մեծ Բրիտանիայի բուհերում մագիստրոսական ծրագրով (սովորաբարմեկամյա) կրթություն ստացող օտարերկրացիների համար։ Կրթաթոշակները հատկացվում են մասնագիտությունների լայն ընտրանու համար, որը կարող է տարբեր լինել ծրագրին հասանելիություն ունեցող յուրաքանչյուր երկրի համար։ Հայաստանցի դիմորդների համարնախընտրելի մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։ Տարեկան տրամադրվում է շուրջ 1500 կրթաթոշակ։ Պարտադիր պայման է ծրագրով ուսումնառությունից հետո առնվազն 2 տարով մասնակցի վերադարձը հայրենիք (քաղաքացիության երկիր)։

Դրամաշնորհը սովորաբար ներառում է ուսման վարձը, կեցության ամենամսյա ծախսերը, նպաստային փաթեթը, դեպի ՄԹ և հակառակը թռիչքի արժեքը։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է՝ ա) ունենան բակալավրի կրթական աստիճան, բ) ունենան առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, գ) դիմեն ՄԹ բուհերում առաջիկա ուստարվա համար նախատեսված 3 տարբերդասընթացների և մինչև 2016 թ․ հուլիսի 14-ը ընտրված դասընթացներից որևէ մեկի համար ստացած լինեն բուհի վերջնական հրավերը (unconditional offer), դ) մինչև 2016 թ․ հուլիսի 14-ը ներկայացնեն ծրագրով պահանջվող՝ անգլերենի իմացության աստիճանը հավաստող փաստաթղթերը։ Համապատասխանության չափանիշներիմանրամասները՝ այստեղ։
Ինչպե՞ս դիմել. ծրագրին դիմելու գործընթացը կատարվում է առցանց եղանակով։
Ե՞րբ դիմել. կրթաթոշակների (Chevening Scholarships) համար հայտերի ընդունմանգործընթացը, սկսած վերջնաժամկետից հետո դիմորդների պայմանական ընտրությունից, տևում է առնվազն 8 ամիս։ 2016-17 ուս․ տարվա ընդունելության գործընթացն ավարտված է։ 2017-18  ուս․ տարվա ընդունելության գործընթացը կսկսվի 2016 թ․ օգոստոսին, դիմելու վերջնաժամկետը՝ 2016 թ․ նոյեմբեր։

fulbright program

Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագիր 

Դիմելու վերջնաժամկետը՝ 2016 թ․ հուլիսի 15։

«Ֆուլբրայթ»-ը ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող՝ միջազգային կրթական փոխանակման առաջատար ծրագիր է և բաղկացած է տարբեր բաղադրիչներից։ Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագիրը (Fulbright Foreign Student Program in USA) հնարավորություն է տալիս շուրջ 155 երկրների ուսանողների և երիտասարդ հետազոտողների մագիստրոսական (Master’s degree) և դոկտորական (PhD study) ծրագրերով ուսանել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կրթաթոշակներ կարող են շնորհվել նաև ակադեմիական աստիճան չհետապնդող ուսումնառության համար։ 

Դրամաշնորհը ներառում է ուսման վարձավճարը, դեպի ԱՄՆ և հետադարձ թռիչքի արժեքը, կեցության ամսական նպաստը, բժշկական ապահովագրությունը և ուսումնական գրքերի ծախսը։ Դրամաշնորհը տրվում է ուսումնառության ողջ ընթացքի համար։
Ովքե՞ր կարող են դիմել. Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն բակալավրի աստիճան, հաջողությամբ հանձնել են TOEFL և/կամ GRE քննությունները և համապատասխանում են ակադեմիական առաջադիմության և հետազոտական կարողությունների համապատասխան չափանիշներին։ Արական սեռի դիմորդները պետք է անցած լինեն ժամկետային զինծառայությունը կամ ունենան տարկետում։Հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, թե հավակնորդները ծրագրով ուսումնառությունից հետո վերադառնալիս ինչպես կարող են ստացված գիտելիքները կիրառել Հայաստանում։
Ինչպե՞ս դիմել.  Ֆուլբրայթի օտարերկրյա ուսանողական ծրագրին դիմելու համար պետք է լրացնել հետևյալ առցանց դիմումը։
Ե՞րբ դիմել. Դիմելու վերջնաժամկետը 2016 թ․ հուլիսի 15-ն է։

Ծրագրին դիմելու կարգի ու համապատասխանության պայմանների մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Հասարակայնության հետ կապերի գրասենյակ կամ այցելել դեսպանության կայքէջ:

Richard Hovhannisian

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ

Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 30:

Հայ կրթական հիմնարկության Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը տրամադրվում է երիտասարդ հայ գիտնականներին, որոնք ցանկություն ունեն ուսումնասիրելու Ցեղասպանության ժխտողական քաղաքականության հետևանքները հայ ազգի վրա։

Արժանիքների հիման վրա գնահատվող մագիստրոսական և ասպիրանտականկրթաթոշակը նախատեսված է այն անձանց համար, որոնք ՀՀ բուհերում նպատակ ունեն ուսումնասիրելու ցեղասպանությանը վերաբերող միջառարկայական հիմնախնդիրները՝ մասնագիտանալով այդ ոճրագործության ժխտման տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, մշակութային, իրավական և քաղաքական կողմերի, ինչպես նաև հայ ժողովրդի վրա դրա ունեցած բացասական ազդեցության հետազոտական ոլորտներում: 

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն այստեղ է։