Արցախյան հակամարտության ապրիլյան սրացումը՝ ամենամեծը սկսած 1994 թվականից, հակամարտության պատմության մեջ նոր փուլ նշանավորելով, թեմայի վերաբերյալ նոր հետազոտությունների անհրաժեշտություն է առաջ բերում։ Տարածաշրջանային համատեքստում Արցախյան հակամարտության վերաբերյալ հետազոտական բացը լրացնելու նպատակով Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը (USC Institute of Armenian Studies) դրամաշնորհային ծրագիր է հայտարարում։ Ծրագիրը նախատեսված է թեմայի վերաբերյալ նոր և ընթացիկ հետազոտություններ (ինչպես օրինակ՝ թեզ կամ հետդոկտորական հետազոտություն) իրականացնող երիտասարդ և ավագ գիտնականներին աջակցելու համար։
Դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016 թ․ հուլիսի 1-ն է։
Ծրագրի շրջանակներում ՀԿՀ Հայագիտության ինստիտուտը հետազոտական հայտեր է ընդունում գիտական ոլորտների լայն շրջանակ ընդգրկող թեմաներով՝ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, պատմություն, միջազգային իրավունք, սոցիոլոգիա, սոցիալական հոգեբանություն, անվտանգային հետազոտություններ, խաղաղության և հակամարտությունների հետազոտություններ, մեդիա հետազոտություններ, գենդերային հետազոտություններ և այլն։
Դրամաշնորհի չափը՝ 2000-8000 ԱՄՆ դոլար․ դրամաշնորհները տրվում են մինչև 7 ամիս տևողությամբ (մինչև 2017 թ․ հունվարի 30-ը) իրականացվող հետազոտական ծախսերի համար։
Ծրագրին կարող են դիմել ինչպես Հայաստանում, այնպես էլ որևէ այլ երկրում բնակվող գիտնականներ ու պրակտիկ մասնագետներ։ Հայտերի ընտրությունը կատարվելու է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը ներկայացնող գիտնականների խմբի կողմից՝ հայցորդների ակադեմիական արժանիքների, հետազոտության մեթոդաբանության, նորարարության և հետազոտական ծրագրի իրագործելիության հիման վրա։ Դիմում-հայտերը և հետազոտության հրապարակվող արդյունքները պետք է լինեն անգլերեն լեզվով։
Դիմում-հայտերը անհրաժեշտ է մինչև հուլիսի 1-ը ուղարկել researeh.armenian@usc.edu էլ․ հասցեով։
Ի՞նչ է ներառում դրամաշնորհը
- Դրամաշնորհները հատկացվում են միայն հետազոտական ուղղակի ծախսերի համար, ինչպես օրինակ՝ հետազոտության համար օգնական (ասիստենտ) կամ գրառող մասնագետներ վարձելը, համակարգչային ծրագրային փաթեթներ ձեռք բերելը, որոնք սովորաբար չեն տրամադրվում համալսարանի կողմից, և ճանապարհածախսը՝ ներառյալ Արցախ այցելության ծախսերը։
- Դրամաշնորհները չեն հատկացվում երկրորդային ծախսերի համար, ինչպես օրինակ՝ վարչական ծախսերը, ուսումնառության կամ գիտաժողովների հետ կապված ծախսերը, աշխատավարձը և այն ամենի հետ կապված ծախսերը, ինչը սովորաբար հատկացվում է համալսարանների կողմից՝ համակարգիչներ, գրքեր, համակարգչային ծրագրային փաթեթներ և այլն։
Դիմումների ընդունման գործընթացը
Դրամաշնորհային ծրագրի դիմում-հայտերն ընդունվում են անգլերեն լեզվով՝ MS Word կամ PDF ձևաչափերով։ Հայտերը պետք է պարունակեն հետևյալը․
- շուրջ 1000 բառ ծավալով հետազոտական հայտը, որտեղ ընդհանուր գծերով պետք է ներկայացված լինեն հետազոտության հիմնավորումն (նորույթը և արդիականությունը) ու կառուցվածքը, հետազոտական հստակ հարցերը, հետազոտության հիմքը կազմող նախորդ հետազոտւթյուններն ու տեսությունները, նկարագրված լինեն հետազոտության իրականացման մեթոդները, և ամփոփ ներկայացվեն հետազոտության նպատակները,
- 1-էջանոց մանրամասն հետազոտական բյուջեն, որտեղ պետք է նշված լինեն այն կետերը, որոնց համար դիմորդը ֆինանսավորում է հայցում
- ընթացիկ ինքնակենսագրությունը (CV)։
Դրամաշնորհառուներին ներկայացվող պահանջները
- դրամաշնորհ ստացողները պետք է մինչև 2017 թ․ հունվարի 30-ը ծրագրի կազմակերպիներին ներկայացնեն հետազոտության վերջնական զեկույցը, որը պետք է նկարագրի հետազոտության հիմնախորքը, օգտագործված մեթոդները, եզրակացությունները և դրամաշնորհի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ։
- դրամաշնորհառուները պետք է դրամաշնորհի շրջանակներում իրականացված հետազոտությունների հետագա հրապարակումների ժամանակ նշեն ՀԿՀ Հայագիտության ինստիտուտի ֆինանսական աջակցության մասին։
- հետազտության անցկացման ժամկետները որոշվում են հայցորդների կողմից՝ 2016 թ․ հուլիսի 1-ից մինչև 2017 թ․ հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու պայմանով։
Ինստիտուտի մասին
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կազմում 2005 թ․ հիմնադրված Հայագիտության ինստիտուտն (տնօրեն՝ Սալբի Ղազարյան) աջակցում է տարբեր գիտաճյուղերի շրջանակներում իրականացվող և հետևյալ երեք ոլորտներին առնչվող հայագիտական հետազոտություններին՝ ժամանակակից Սփյուռք, զարգացող Հայաստանի Հանրապետությունը և Ցեղասպանության հետևանքները։ Հիմնադրումից ի վեր ինստիտուտը ծառայել է որպես դասախոսությունների, գիտաժողովների և միջոցառումների հյուրընկալ վայր, որտեղ ուսումնասիրվել և քննարկվել են հայագիտության հարցերը:
Աղբյուրը՝ http://armscoop.com