Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Իջևանի պատկերասրահում ցուցադրված էին մեր ուսանողների աշխատանքները

Ս.թ. մարտի 7-ին՝ ժամը 14:00-ին, Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, փոխմարզպետները, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Հայր Եզնիկը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը, դասախոսներ, ուսանողներ, քաղաքի բնակիչներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում, որը, 2009 թվականից սկսած, ԵՊՀ ԻՄ-ում ունի ուսանողական ծրագրային թիմ և արդեն իրականացրել է  շուրջ 15 նախաձեռնություն:

Սույն նախաձեռնության հեղինակների՝ Աննա Ադամյանի, Նաթելա Օրդինյանի և Սաթենիկ Ղաջոյանի նպատակն էր լուսաբանել ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները, խրախուսել ուսանողներին և ամրապնդել համայնք-բուհ կապը:

Բացման խոսքով հանես եկավ նախաձեռնող թիմի անդամ Աննա Ադամյանը, այնուհետև իրենց խոսքն ասացին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը, Տավուշի մարզպետը, թեմի հոգևոր առաջնորդը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցը և քաղաքապետը: Մարզպետը և հոգևոր առաջնորդը խոստացան իրենց տրամադրել 3-ական նվեր:

Ներկայացված էր շուրջ 50 աշխատանք՝ գունանկարներ, գոբելեններ, կավե քանդակներ և փայտե փորագրություններ:

Ծրագրով նախատեսված էր քվեարկություն, որի արդյունքների համաձայն՝ ամենաշատ ձայներ հավաքած 3 աշխատանքների հեղինակներին տրվելու էին պատվոգրեր և մրցանակներ:

17:30-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվեցին 11 ուսանողներ:

1-ին տեղը զբաղեցրեց Արմեն Եգանյանը, 2-րդ՝ Սուրեն Հովսեփյանը, 3-րդ՝ Սիրանուշ Գոգինյանը:

Սրբազանի կողմից նվերների արժանացան Շուշան Բաղդասարյանը, Դիանա Իսախանյանը, Մերի Ներսեսյանը:

Մարզպետը տրամադրել էր 40 000 ՀՀ դրամ՝ նվերներ գնելու նպատակով, որը տրամադրվեց ցուցահանդեսի 4 մասնակիցների՝ Կարինե Ճաղարյանին, Էդուարդ Սիմոնյանին, Լորետա Ստեփանյանին և Աննա Այվազյանին:

Մեկ նվեր էլ (գիրք) մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նախագահի կողմից տրվեց Տաթևիկ Աբրահամյանին: